Մեր սիրուց մնաց երաժշտությունը
18:04, շաբաթ, 25 հուլիսի, 2015 թ.
Մեր սիրուց մնաց երաժշտությունը.էլ խոսքեր չկան: Ու հնչյունների մեջ բառերիբացակայությունն ինձ հուշում է, որ արդեն չկաս դու: Չգիտեմ էլ՝հաճելի է լսել այս երգը, թե՞ պարզապես այլ ելք չունեմ: Միայն հասկանում եմ, որ ականջիս տակ տկտկոցով աշխատում է ժամացույցը, և որ ժամանակն է լոկ մնացել կողքիս, ձեռքիցս բռնած: Երգում է անցյալը՝երաժշտություն դարձած, իսկ ես պարզապես բարձրացնում եմ գլուխս դեպի երկինք և Աստծուն խնդրում բացել ականջներս այդ երաժշտության համար.եղածը անցած չէ, բայց դարձելի էլ չէ: Դու քեզ հետ տարել ես բառերը, բայց երաժշտության մեջ ավելի տխրություն կա, քան այն խոսքերում, որ մինչև այսօր չար թշնամուս նման կրկնում են, որ քեզ համար կարևոր եմ.նախընտրում եմ երգը լսել առանց բառերի: Այս երաժշտությունն էլ մի կողմից չի թողնում քեզ դարձնել փոշի ու մի սառը հայացքով մաքրել սրտիս գրատախտակից: Այն նման է երգերին, որոնց բառերը ջնջում ես ոչ մասնագիտացված ծրագրերով, և այնուամենայնիվ բառերը հասկացվում են.իրական երաժշտություն եմ ուզում, այն երաժշտություններից, որոնք համացանցում անվանվում են «Ռելաքս»: Ինձ էլ չեն բավարարում բառերն այնքան, որքան այն երգին, որ համրացավ ու ձեռքերով խոսելուց բացի այլևս ոչինչ չի կարողանում.իսկ որքա՞ն է այն մարդկանց թիվը, ովքեր թարգմանում են այդ շարժումները: Իրականում ցուցակը սկսվում և ավարտվում է միևնույն անվամբ: Եվ այդ անունը երգի հեղինակներից միայն մեկինն է: Երևի իրականում ամբողջ երգն էլ միայն նրա սրտին է պատկանում, իսկ մյուս հեղինակը ընդամենը կողքից հիշեցրել է, թե որտեղ պետք է կրկնել երգը, կամ էլ ընտրել է միայն վերնագիրն ու հենց սկզբից լքել ստեղծագործությունը: Երգի առաջին տունը գեղեցիկ էր.սիրում էին իրար, հոգում միմյանց, կարոտում էին, սպասում, թև տալիս իրար, դառնում անփոխարինելի մեկը մյուսի համար: Երկրորդ տան մեջ սկսվում է մտերմությունը, այն շրջանը, երբ սիրած էակը դառնում է ընկեր, զրուցակից և ամեն ինչ: Երրորդ տան մեջ խոսակցություններ, վեճեր, չհասկացված խոսքեր, անտեղի բառեր, սեր...սե՞ր...չգիտեմ...անցնենք: Չորրորդ տան մեջ բացակայություն...փոխհասկացվածության, ուշադրության: Հինգերորդ տունը նորավեպ է.միանգամից ամեն ինչ դառնում է ոչինչ: Սա երգի ամբողջ բովանդակությունն է՝գրված տարիներ շարունակ, ավարտված վայրկյանների ընթացքում: Ու այստեղ երգն սկսում է խոսել այն մասին, թե ինչպես է կորուստը վայրկյանների ընթացքում տապալում երջանկությունը: Հիմա հպարտ եմ, որովհետև ես չվազեցի այն թերթի ետևից, որտեղ երգի բառերն էին, այլ պարզապես սովորեցի լսել երաժշտությունը.հետո՞ ինչ, որ ամեն անգամ լսելիս այնուամենայնիվ մտքում արտասանում եմ բառերը, իսկ հոգում արտասվում, հետո՞ ինչ, որ բառերը մոռանալն ավելի դժվար է, քան երաժշտությունը: Ու ինչ էլ ուզում է լինի ինձ հաղթելուց առաջ ես հաղթել եմ քեզ, որովհետև չեմ սկսել ատել: Ես բարձրացրել եմ ձեռքս և դանդաղ շարժումով հրաժեշտ տվել կերպարիդ, անգամ չեմ մոռացել ասել՝լավ մնա, որովհետև ես անկասկած լավ եմ լինելու: Եվ գուցե էլ ավելի լավ, քան առաջ...ես սիրում եմ վերածնվել, քանի որ ամեն անգամ վերածնվելիս ես ավելի ուժեղ եմ լինում ու ավելի պատրաստ դիմավորելու իրական երջանկությանը (թեև, անկեղծ ասած, երբեք էլ չեմ հավատա, որ իրական երջանկություն գոյություն ունի.մեր երջանկությունը մենք ինքներս ենք): Երբ կրկին հայտնվեցիր իմ կյանքում սկսեցի մտածել, որ դա անիմաստ չէ, Աստված ապագայում մեզ միասին է պատկերացրել, ու ես հավատում էի Աստծուն, բայց հիմա գիտե՞ս որքանով է փոխվել պատկերացումս.դա իսկապես անիմաստ չէր, բայց ապագայում մենք միասին չենք լինելու, դու պարզապես ժամանակ առ ժամանակ հայտնվելու ես իմ կյանքում որպես դաս, գալու ես, որ ինձ սովորեցնես ուժեղ լինել, ու մի օր (դա կլինի մեր հաջորդ հանդիպման օրը) ես այնքան ուժեղ կգտնվեմ, որ քեզ կբարևեմ ասելով՝հաջողություն, իմ փորձություն, կժպտամ, հոգեպես կգրկեմ ինքս ինձ ու կասեմ՝ապրես, դու կարողացար: Իսկ Աստված հենց քեզ է ընտրել, որովհետև ամենադժվարը սիրելով հեռանալն է.քեզնից հեռանալը ինձ տրված փորձությունն էր մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ, և վերջապես ես հաղթահարում եմ, ու ես փոխում եմ «ոչ ոքի» -ն: Այն հավատը, որ դու կրկին հայտնվելու ես նրանից չէ, որ ես սիրում կամ էլ դեռ պաշտում եմ քեզ, այլ պարզապես ես ընդունում եմ, որ դեպի երջանկություն տանող ճանապարհին մարդիկ կորուստներով են պատվում, որ ցավից դրդված վազելով առաջ շարժվեն: Երանի այս տողերը նամակ դարձած հասնեին քեզ, եթե այդպես լիներ ես և մեկ բան կավելացնեի. «Ես քեզ չեմ խաբի ասելով, թե երեք օրվա ընթացքում մոռացա քեզ, ո՛չ, ես շարունակում եմ սիրել, գուցե նույն սիրով, գուցե է՛լ ավելի շատ, որովհետև մարդիկ կորցնելուց հետո ցանկանում են իրենց համոզել, որ նրանից հետո բառերը ստանում են իրենց ավելի ուժգին իմաստները: Ես կորցնելուց հետո ուզում եմ ինձ համոզել, որ քեզ մոռանալ չեմ ուզում, որովհետև այդ հիշողություններից ծնված ցավը ինձ ստիպում է ամուր կանգնել ոտքերի վրա..չե՞ս հավատում, որ կարողացա առանց քեզ ապրել, որ ինձ չհետաքրքրեց, թե դու ինչպես սովորեցիր առանց ինձ: Միշտ ասում էիր այդքան մի սիրի՛ր, ես արժանի չեմ, ու միևնույն ժամանակ ամեն ինչ անում էիր այդ սերն ստանալու համար.գիտեմ, հաճելի բան է սիրվելը, բայց քեզ կարող եմ հաստատապես ասել, որ սիրելն էլ ավելի հաճելի է, եթե նախապես գիտակցում ես, որ կյանքում հաճախ կարելի է սիրել մեկին, բայց լինել ուրիշի հետ: Ու ես քեզ անգամ շնորհակալ եմ, շնորհակալ եմ այն երգի համար, որ սրտումս է, և շնորհակալ եմ, որ չես մերժել Աստծուն այն ժամանակ, երբ նա քեզ իմ կյանք էր ուղարկում դասեր տալու.պիտի խոստովանեմ՝լավ ուսուցիչ էիր, և որպես լավ աշակերտ ես պիտի չմոռանամ քո տված դասերն ու հեռանալու պահին հեռանամ, սպասելու պահին սպասեմ, ընդունելու պահին ընդունեմ, իսկ ատելու պահին շարունակեմ սիրել, որ չկոտրվեմ, որ չընկնեմ, որ չվնասեմ ոտքերս, որ հաջորդ անգամ քո վերադարձին ասեմ. «Կներեք, բայց այս անգամ աշակերտը գերազանցեց ուսուցչին»: Չեմ ասի ցավոտ է, ուղղակի անսովոր է, չեմ ասի մոլորված եմ, ուղղակի գիտակցաբար փոխել եմ ուղղությունս, չեմ ասի մոռացել եմ, ուղղակի հիշելը չի խանգարում ինձ: Ու եթե հիմա Աստծու հրեշտակն իջնի և ինձ հաղորդի, որ Աստված ցանկանում է ետ վերադարձնել քեզ, ես կպատասխանեմ՝Աստծուն հաղորդիր, որ ես այսպես էլ երջանիկ եմ և շնորհակալ: …Երբեմն պետք է կորցնել, երբեմն լավ է կորցնել, քան ունենալ… |
Աղբյուրը` հեղինակային
Հավանել
0
Չհավանել
0
4670 | 0 | 0 | 0