Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու կայիր-կաս

18:43, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Դու կայիր-կաս


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Սիրում ԷԻ, որովհետև այլ ԷԻՐ: Դու կարող էիր դառնալ ինձ համար այսօր գոյություն չունեցող էակը, որն օժտված է սրտիս հարազատ հատկանիշներով: Դու կարողանում էիր սիրել…քո կողքին ես հավատում էի, որ սերն այն անբացատրելի զգացմունքն է, որը չեն արտահայտում բառերով, այլ նվիրում են: Դու կարողանում էիր ուշադիր լինել, թույլ չտալ ինձ զգալու միայնակ ու չհասկացված, բոլոր անորոշությամբ ինձ նայող հայացքների մեջ ես միշտ նկատում էի ինչ-որ հարազատ հայացք՝լցված անսահման ներողամտությամբ ու մարդու հոգու ամենախոր անկյունները թափանցելու կարողությամբ: Մենք մեր սիրով ապացուցել էինք, որ հեռավորությունը բաժանող արհավիրք չէ, այլ ընդհակառակը՝միմյանց է՛լ ավելի սիրելու խթանիչ ուժ:
     Ամեն գիշերը ինձ հիշեցնում է մթության մեջ այլևս գոյություն չունեցող քո ձայնի այնքան թանկ հնչյունները, քո այնքան օգնող խորհուրդները, երբևէ չհոգնող և պատրաստակամ բնավորությունը, խենթ ու խելառ քո էությունը, խանդն ու դրանից ծնված կռիվները: Այն անիմաստ կռիվները, որով էլ ավելի էի սիրում քեզ, դրանց երբևէ լուրջ չվերաբերող մեր բնավորությունը օգնում էր ավելի ամուր կապվել իրար՝խենթորեն:
     Ինչպե՞ս գտանք իրար…չգտանք, պարզապես ունեցանք միմյանց մի կարճ ժամանակով, ունեցանք, որ կորցնելուց հետո տարիներ շարունակ ապրենք այդ մի քանի ամիսները: Այդ ամիսները ինձ մի քանի տարի տվեցին դրանք վերապրելու համար: Այդ ամիսներին ես մեծացա մի քանի տարով: Դու ինձ սովորեցրիր երբեմն թույլ լինել, քանի որ կողքիս ավելի ուժեղը կար, և դա այնքան հաճելի էր.ո՞ւր ես հիմա, հիմա, երբ հոգնել եմ ուժեղ լինելուց: Ուզում եմ կրկին խոսել այն մասին, որ ես չեմ կարողանում մտածել ուրիշների նման, կյանքին նայել այնպես, ինչպես մյուսները, որ ես օտարացած եմ զգում ինձ, ուզում եմ, որ դո՛ւ հանդիմանես ինձ, ուզում եմ կրկին լսել, որ կարևոր չէ՝ինչ են մտածում մյուսները, կարևորը դու ես և դու այդպես ես ընդունում ինձ, ուզում եմ կրկին ինձ փոքր զգալ, երեխա, խենթ սիրահար, որ չէր վախենում ասել՝ես քեզ սիրում եմ: Քո սերն այնքան անկեղծ էր, որ սկզբունքները օտար էին հնչում ականջիս, որ «հպարտություն, ինքնասիրություն» ասվածը նախևառաջ քե՛զ անչափ սիրելն էր: Քեզանից հետո դժվար էր հավատալ, որ մարդիկ սիրո մեջ երբեմն խաբում են, որ սիրելով հանդերձ՝երբեմն ատում են, հիասթափվում են կամ էլ ուղղակի անչափ սիրելուց հոգնում են, շատ ուշադիր լինելուց ձանձրանում են, խանդից վիճում ու բաժանվում են: Քեզանից հետո ես միայն սովորեցի չմոռանալ հարազատ հոգուն: Ու այն աստիճան, որ ես սկսեցի բոլորի մեջ քեզ փնտրել, ոչ թե քեզ, այլ մյուսներին համեմատել քեզ հետ…գոյություն չունեցող իդեալականության մեջ դու ինձ համար իդեալական էիր:
     Հաճախ եմ ինձ մեղադրում այդ ժամանակվա իմ սխալների համար, հաճախ ասում եմ. «Ինչքան հիմար էի, եթե այսօր լիներ, այլ կերպ կլիներ, ես այդպես չէի վարվի»: Բայց եթե այդ սխալն արդեն արած չլինեի գուցե այսօր էլ այդպես մտածեի, այսօր էլ նույն երեխան խոսեր իմ փոխարեն: Բայց դու այդ սխալներից հետո եկած մեծ ճշմարտություն էիր, որին ես անվերապահորեն հավատում եմ մինչ օրս: Եվ ոչինչ, որ այսօր դու կողքիս չես, որ միայն հիշողությունն է ամեն օր վերադառնում ու կարոտով ձգվում դեպի քեզ, բայց այսօր էլ, երբ հիշում եմ քեզ, ես կրկին փոքրանում եմ, ներսումս միշտ խոսող ուժեղությունը տեղը զիջում է ինչ-որ զգացմունքի, որին ես վախենում եմ «» կոչել: Ես չեմ ուզում հավատալ, որ մինչ այսօր ոչ ոք չկարողացավ քո անունը մաքրել ուղեղիցս, սրտիցս, հոգուցս, որ ոչ ոք չցանկացավ ինձնից ուժեղ գտնվել…անգամ այսօր քո խորհուրդները և անցյալից դեպի ներկա տեղափոխված քո պատկերը հենարան է ինձ համար…ես չէի կարող առանց այդ անցյալի առաջ քայլել, որովհետև մի անգամ Սևակն էլ ասել է, որ ցավն է հաճախ առաջ մղում, քեզ կորցնելու ու վերադարձի ճանապարհ չթողնելու ցավը: Ու չնայած դրան՝ես հավատում եմ, որ այսքանով չի ավարտվում պատմությունը…մի օր, կյանքի ամենաանսապսելի կանգառում մենք կհանդիպենք, կնայենք միմյանց ու կհասկանանք, որ ամենամեծ մեր սխալը իրարից բաժանվա՛ծ իրար սիրելն էր…
     Թող երբեք դու չիմանաս այս խոսքերի կարևորությունը, թող ժամանակը քեզ չպատճառի անցյալում թողած հարազատի կարոտի ցավը, ես չեմ ուզում, որ դու էլ ինձ նման առաջ շարժվես՝անցյալում մնալով: Թող ես քեզ շարունակեմ փնտրել ամենուր և ամեն մեկի մեջ, բայց թող որ դու մնաս միակն ինձ համար, որին իսկապես պատրաստ էի երբևէ չհամեմատել:
     Տե՛ս, հեռվում պայծառ շողում է աստղը….ու դա այն օրվա համար չէ, երբ մենք կհանդիպենք նորից, այլ այն օրվա, երբ ունեցանք իրար…ու ունենք…մեր սրտում:
     Ու եթե այսքան խոսքերից փորձեի փոխել ինչ-որ բան, ապա առաջին նախադասության անցյալ ժամանակները կփոխարինեի ներկայով…

Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5326 | 0 | 0
Facebook