Իրավունք ունեմ կարոտելու
20:44, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
Իմ աներեր էությանը թույլ տվեցի խոնարհվել ինչ-որ մեկի առաջ, թույլ տվեցի սրտումս տեղավորել այն միակին, որ պիտի դառնար կյանքիս ուղեկիցը: Ես կարողացել էի թողնել անցյալն ու ամուր կառչել ներկայից, սկսել էի սիրել ամեն մի վայրկյանը, ինձ շրջապատող բնությունը, անգամ անձրևն ինձ համար ուրախություն էր, քանի դեռ դու չէիր ստիպել զգալ նրա սառնությունը: Ես այլ էի՝ուրախ, նպատակներով ու երազանքներով արբած, քեզ հետ ես պատրաստ էի անցնել ամենամեծ արհավիրքների միջով, քեզ հետ ես արդեն հաղթանակած էի կյանքում: Սեփական «ես» -ի և քո հանդեպ անվերապահ վստահություն.ահա թե դու ինձ ինչ էիր նվիրել: Դա այն էր, ինչի կարիքը ողջ կյանքում զգացել էի: Կարծում էի գտել եմ մեկին, որ նման չէ շրջապատում տարածված կարծրատիպերին, ով հասկացող է, ներող, խելացի, ում կողքին ես պաշտպանված ու սիրված եմ, ով ինձ հետ պատրաստ է կիսել և՛ ուրախությունս, և՛ տխրությունս, ինձ համար դու այլ էիր, քո էությունն այլ էր՝չափազանց հավասարակշռված ու սառը դատող...Երբեմն այդ հանգստությունդ անգամ որպես անտարբերություն կարելի էր ընդունել, ու հաճախ այդպես էլ անում էի, իսկ դու բազմաթիվ խոսքերի փոխարեն պարզապես ասում էիր, որ շատ բարդ բնավորություն ունեմ, բայց մեկ է սիրում ես: Այո՛, ես սկզբունքային եմ, ես կարող եմ սիրել ու պաշտել, բայց երբեք ցույց չտալ, ես կարող եմ նվիրվել անսահմանորեն, բայց միշտ զգուշանալ, որ կօգտագործեն դա, ես կարող եմ դառնալ այլ մարդ, բայց երբեք չկորցնել ինքնասիրությունս: Ես համաձայն չեմ, որ հանուն ինչ-որ մեկի կարելի է մի կողմ թողնել աղջկան տրված ամենամեծ գանձը՝հպարտությունը: Խոսքն այն ծայրահեղ հպարտության մասին չէ, որն անցնում է մյուսի ինքնասիրության վրայով, այլ նրա, որը հեռու է պահում սեփական ինքնասիրության վրայով անցնելուց: Անցնում էր ժամանակն ու ապագայում քեզ հետ կապված ծրագրերն սկսում էին ավելի ու ավելի իրականանալի թվալ: Գուցե ես արդեն ապրում էի դրանցում, դրա համար չնկատեցի, թե ինչպես այդ ապագայում ես մենակ էի մնում, թե ինչպես դու դանդաղ քայլերով հեռանում էիր ինձանից: Այսօր մի պահ նայում եմ ետ ու հասկանում, որ անցյալս լցված է քեզնով, իսկ առաջ նայելով՝հասկանում եմ, որ ապագաս լցված է քո բացակայությամբ...նպատակներն օդ են դարձել՝թունավորվել անիմաստ հույսերով ու երբ փորձում եմ կրկին հավատալ դրանց, փորձում եմ շնչել, կոկորդս ցավում է, անցյալն ու ապագան խեղդում են: Փորփրում եմ քեզ հետ հանգուցված հիշողությունների կապոցն ու այնտեղ չեմ գտնում զգացմունքներ, կորել են անգամ այն երջանիկ օրերը, որոնք խոստացել էի երբեք չմոռանալ: Անցնելով ապագաս՝ես միշտ կհիշեմ, թե որտեղ էի նկարել քեզ, արհամարհական կժպտամ այդ հարազատ ու օտար պատկերիդ, ձեռքի մի շարժումով կմաքրեմ քեզ ու քո փոխարեն գուցե չնկարեմ և ոչ ոքի, բայց այդ դատարկությունը կլցնեմ անցյալով: Ես քեզ միշտ կհիշեմ, որպես լավ ընկեր, բարեկամ, հարազատ, բայց երբ փորձեմ հիշել, որպես սրտումս իր ուրույն տեղն ունեցող մեկի, ես կանգ կառնեմ, որ չսկսեմ ատել քեզ: Ես կմոռանամ, ես կհամակերպվեմ միայնակ այս ճամփան անցնելուն, գուցե դժվարությամբ, գուցե կոտրվելով ու ոտքի կանգնելով՝ հազար անգամ, բայց ես կմոռանամ: Իսկ հիմա թող որ պահեմ պատկերդ իմ սրտում, աչքերիս առաջ, թող կարոտեմ ու զգամ կարիքդ, թող նկարեմ դեմքդ գիշերային երկնքում, նայեմ աչքերիդ ու հարցնեմ՝ինչի՞ համար: Ես դեռ իրավունք ունեմ կարոտելու քեզ, դեռ նոր է, ինչ կորցրել եմ... |
Աղբյուրը` հեղինակային
Հավանել
0
Չհավանել
0
4646 | 0 | 0 | 0