Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՆՔ ՓՈԽԵՑԻՆՔ ՄԵԿՄԵԿՈՒ

20:53, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
ՄԵՆՔ ՓՈԽԵՑԻՆՔ ՄԵԿՄԵԿՈՒ
     Մարդ, ով երբևէ չէր փորձել անգամ հասկանալ՝ինչ է սերը, ամեն անգամ ծիծաղել ու թերահավատորեն էր վերաբերվել այդ զգացմունքին՝օրերից մի օր փոխեց իր արհամարհական հայացքն այդ սեր կոչվածի նկատմամբ: Ինչ որ մեկը շարժեց նրա քար սիրտը տեղից, ինչ որ մեկն օգնեց նրան մեծանալ ու կյանքին նայել այլ աչքերով: Իսկ ո՞վ է ասել, թե կյանքում մարդիկ մնում են այնպիսին ինչպիսին էին: Հայտնվում են մարդիկ, ովքեր, թե՛ ցավ պատճառելով, թե՛ երջանկացնելով՝մեզ դարձնում են այնպիսին, ինչպիսին մենք մեզ չէինք պատկերացնի: Նա չհասցրեց սիրել, բայց կյանքը նրան նվիրեց մի կարևոր հաճույք՝անսահմանորեն սիրված լինել: Այդ սերը մի անսպասելի փոթորիկի նման խառնեց նրա ներաշխարհը և օրերից մի օր նա հասկացավ, որ ինքն իրեն հասկանալ չի կարողանում: Ո՞ւր է այն անհոգ, կենսուրախ, «մտածմունքների տարափի ձեռքերում» երբևէ չհայտնված աղջիկը: Նա պարզապես լռել և լսել սովորեց, նա ինչ որ մեկի ներկայությունից լարվել ու սրտի աշխատանքը մի կերպ կարգավորել սովորեց, նա սովորեց սիրված ու գնահատված լինել, նա զգաց, որ ինքն էլ կարող է նայել մարդկանց աչքերում և լուռ լսել սիրո մասին տարվող թեմաները: Բայց ի՞նչ փոխվեց: Հասկացա՞վ վերջապես, թե ինչ է այդ սեր կոչված զգացմունքը, սիրե՞ց…այդ մասին խոսելու համար շատ վաղ է: Ուղղակի կյանքը նրան նետեց մի կարևոր փորձության մեջ, ասելով՝մենակ գլուխ հանիր զգացմունքներիցդ: Ու այսպիսի բարդ խնդրի առաջ չկանգնած մեկը, ստիպված էր միայնակ հասկանալու, թե ինչ կատարվեց իր ներսում ու իր հետ: Սիրեց, թե՞ ոչ.ամեն օր այս հարցը տարածվում էր օդում ու խեղդում էր նրան, բայց այդպես էլ ոչ մի պատասխան:
     Մեկ տարի առաջ էր, երբ նա բոլորովին այլ մարդ էր, բայց մեկ տարվա ընթացքում Նա, այդ զգացմունքների մեջ հավասարակշիռ ու անկեղծ, հաստատակամ և ոչնչի առաջ կանգ չառնող տղան, ստիպեց նրան իր սիրով լինել ոչ այն, ինչպիսին ճանաչում էր իրեն շրջապատը, ընտանիքն ու հարազատները: Երևի սխալ կլինի ասել, որ նա փոխվել է իր ընտանիքի կամ ծանոթների համար, բայց այն մարդիկ, ում հետ նա ազատորեն խոսում էր ու վստահում, հասկացան, որ նրա մեջ առաջվանից շատ քիչ բան է մնացել:
     Սերը փոխեց ոչ միայն աղջկան, նա փրկության ճանապարհ էր նաև տղայի համար: Կյանքի ոչ ճիշտ ճանապարհով գնալու հակված տղան՝որոշեց ապրել նորմալ կյանքով: Դեռ մանկուց բազմաթիվ դժվարություններ տեսած ու գրեթե դաժան և անսիր մարդ դառնալու վտանգի առջև կանգնած մեկը, ոտքը դրեց ճիշտ ճանապարհին՝այդ սիրո ուժով: Դեռ երեկ էր, երբ նա չէր կարող անտարբեր անցնել աղջիկների կողքով, երբ նրանց ամեն մի թույլ տված սխալն իր համար առիթ էր հասնելու նրանց, բայց այդ մարդն էլ մնաց անցյալում:
     Հայտնվեց նա ու դարձավ մեկն, ում համար կարելի էր անհանգստանալ, ում հետ կարող էր նեղվել և երջանկանալ, ում կարող էր վստահել և ում կողմից անվերապահորեն վստահվում էր: Ժամանակի հետ հարազատությունը կապեց նրանց երկուսի ձեռքերն իրար ու ստեղծեց նրանց միասին հիշողությունները, որոնք հետագայում պիտի անսահման կարոտով հիշվեին երկուսի կողմից, երբ հայրենիքի հանդեպ տղայի պարտքը նրանց մեջ սահմաներ այդ հեռավորություն ասվածը: Ո՞վ կպատկերացներ, որ այն քարսիրտ աղջիկը, մի օր, ինքն էլ ոչինչ չհասկանալով, ինչ որ մեկին կխոստանա ինչ էլ լինի սպասել: Ծառայությունը նրանց երկուսի համար էր: Տղան ծառայում է իր հայրենիքին, իսկ աղջիկն այն խաստմանը, որ հնչեց հրաժեշտի պահին:
     Հուսահատություն, որ ամեն օր աղջկան ստիպում է Աստծուն ուղղել իր անհատնում աղոթքները՝տղայի համար բարի ծառայություն, իսկ իր համար սեփական զգացմունքներից գլուխ հանելու ուժ խնդրելով: Ոչինչ որոշ չէ: Իսկ եթե մի օր գա այն օրը, երբ պետք լինի ուղղակի հստակ պատասխան տալ, և ինքը դեռևս կանգնած լինի այդ անորոշության մեջ, ի՞նչ է լինելու այդ ժամանակ, չէ՞ որ սիրողն էլ իրավունք ունի երջանիկ լինելու: Եվ անկասկած կգա այդ օրը ու միայն Աստծո կամոք նրանց համար կբացվի մի նոր արահետ, բայց նրա՞, թե մեկ ուրիշի հետ:
     Կներ՞ի նա իրեն, երբ օրերից մի օր իր համար պարզ դառնա, որ նա այդպես էլ չէր հասկացել, թե ինչ է սիրելը, որ խառնել էր անսահման հոգատարության ու նվիրվածության զգացմունքը սիրո այդպես էլ սահմանում չգտած զգացմունքի հետ:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4550 | 0 | 0
Facebook