Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոստովանություն խոստովանությունից հետո

12:32, շաբաթ, 21 մարտի, 2015 թ.
Խոստովանություն խոստովանությունից հետո
     Եկավ սիրելու ժամանակը: Ես հասկացա, թե ինչ են զգում սիրող մարդիկ, թե ինչպես է մի մարդ դառնում ամեն ինչ քեզ համար: Ճիշտ էին բոլոր այն մարդիկ, ովքեր ասում էին, որ իմ այն հարցին, թե ինչ է սերը, իրենք պատասխան տալ չեն կարող: Այսօր, երբ ինքս էլ համոզված եմ, որ սիրում եմ, գուցե և անգամ պաշտում, միևնույն է, չեմ կարող բացատրել՝ինչ է սերը: Թերևս կարող եմ տալ փոքրիկ բացատրություններ, կարող եմ ասել, որ սկսում ես ապագադ կապել միայն նրա հետ, ամեն քո քայլի մեջ նրա ներկայությունն ես զգում, միայն նրա «բարի գիշեր» -ից հետո է գիշերդ իսկապես բարի դառնում, նրանով է սկսվում ու ավարտվում երջանկության այն փոքրիկ ծովակը, որով հիանում ես ու որի հետ հաճախ պարզապես մենախոսում ես, նրա՝թեկուզ միայն նկարից նայող աչքերն են քեզ ստիպում մտքում կրկնել, որ երջանիկ ես: Բայց...ինչքան գրեմ....գուցե նաև ավելացնեմ, որ ես նրանով ապրել սովորեցի, սիրելուց բացի սովորեցի գնահատել սիրողին: Որքան տարբերություն կա իմ երեկվա և այսօրվա միջև: Այնքան եմ ուզում գրկել քեզ, այնքան եմ ուզում ասել շնորհակալ եմ, շնորհակալ եմ այս երջանկության, այս աննկարագրելի զգացմունքի, այս չբացատրվող տառապանքի, ամեն ինչում քո ներկայության համար...շնորհակալ եմ, որ դարձար իմ սեփական ստվերը, որպեսզի ոչ ոք մեզ չկարողանար բաժանել իրարից...շնորհակալ եմ, որ փոխեցիր այն գժին, որը չէր ցանկանում ապրել ինչ-որ մեկի համար....շնորհակալ եմ այն արևների համար, որ ինձ նվիրում է անարև գիշերը, որ քո մասին հիշողությունն ինձ ավելին է տալիս, քան իմ ապրած կյանքի մեկ օրը:
     Ես կարղացա քեզ ասել, որ սիրում եմ...ինչու՞, ինչպե՞ս ստացվեց դա: Գուցե ժամանակն այլևս չներեց ինձ, գուցե բավականին լռել էր լռությունը, կամ երևի իմ մեջ ապրող այլևս իրեն չնմանվող մարդը հասկացավ, որ միայնակ շնչել այդ զգացմունքն անիրավացի է, որ միայնակ երջանկանալ այդչափ սիրելով՝անկարելի է...ու այսօր ուզում եմ ասել, որ ներքուստ արդեն հանգիստ եմ, քանի որ ես դրանով ապահովեցի երջանկությունդ, ես էլ երջանիկ եմ, որ այդ խոսքերը լսել է այն էակը, որն իմ երջանկության համար ոչինչ չխնայեց ու չի խնայի: Ասում են, որ դժբախտության հետ համակերպվելը դժվար է...բայց ինչքա՜ն դժվար է համակերպվել երջանկությանը: Այն երջանկությանը, որը ծանրանում է աչքերիդ, սրտիդ, մտքիդ վրա, որը թույլ չի տալիս վախենալ դժվարություններից, բայց որը սովորեցնում է վախենալ կորցնելուց:
     Թույլ տուր մի պահ փակել աչքերս, ես չեմ հավատում, որ ես եմ այն մարդն, ով ամեն գիշեր նկարիդ նայելով է քնում, ով սրտատրոփ սպասում է զանգիդ, ով առավոտյան արթնանալով՝անմիջապես քո անունն է շշնջում, ով քունն ու հանգիստն է կորցնում մի քանի օր քեզ հետ չխոսելու պատճառով: Որտե՞ղ եմ ես՝խենթս, կյանքին սիրահարվածս, մենության մեջ ինձ լիարժեք զգացողս: Ո՞վ եմ ես այսօր.իքս, որ կախված է իգրեկից և առանց որի անիմաստ է:
     Եթե կարողանայի ասել, թե իսկապես ինչքան եմ ես տարբեր ինձանից, ինչքան եմ կորցրել ինձ քեզ սիրելու ճանապարհին, ինչքան եմ թույլ տվել, որ դու դառնաս ինձ համար անփոխարինելի: Դու չէիր եկել փոխարինելու ինչ-որ մեկին, բայց դու արդեն անփոխարինելի ես: Իմ առաջին, իմ իրական ու իսկական սեր, իմ ամեն ինչ, որ ծածկեցիր քեզնից առաջ եղած ոչինչները: Ես քեզ այսօր, այս տողերով շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ ապացուցեցիր ինձ իմ փոխվելու կարողությունը....
     Ես գտա ինձ, գտա այն ճանապարհին, որտեղ կորցրեցի սրտիս դատարկությունը, որտեղ գտա քեզ, որպեսզի դու դառնայիր բոլոր բացերը ծածկող լիություն...
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4228 | 0 | 0
Facebook