Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քանի դեռ ուժեղ եմ...

17:06, կիրակի, 06 հուլիսի, 2014 թ.
     Արդեն վաղուց անզորությունից կապված թևերն ինձ համար չեն.ես մի օր սովորեցի հավատալ ինքս ինձ: Վաղուց է, ինչ չեմ զգացել, թե ինչ է նշանակում չհաղթահարել ինչ-որ բան, քանի որ վերջապես հասկացա, որ միակ օգնականս ես ինքս եմ ու պետք չէ երբևէ կախվել որևէ մեկի ձեռքերից: Աստված, երբ ստեղծեց մարդկանց, նրանց յուրաքանչյուրին տվեց իրեն հատուկ կամք և մտածողություն և յուրաքանչյուրի համար դրան համարժեք դժվարություններ և երջանիկ օրեր սահմանեց, այսինքն՝այն, ինչ այսօր մեզ տրվում է, համապատասխանում է մեր ուժերին: Բավական է կարողանալ փոխել մտածողությունը, մտքերը դրդել դեպի լավատեսությունը, հավատալ և կարողանալ գնահատել սեփական ուժն ու հնարավորությունները, և անլուծելի թվացող խնդիրներին ինքըստինքյան լուծում կգտնվի: Մեզնից յուրաքանչյուրի մեջ կան և՛ լավ, և՛ վատ, և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր, կարևորը ուժեղ ու լավ կողմերը բացահայտելու ու դրանք ի օգուտ մեզ օգտագործելու կարողությունն է, իսկ այդ կարողությունը անխտիր մեր բոլորիս ձեռքերում է: Ես հասկացա, որ երջանիկ եմ, երբ գիտակցեցի, որ դրա համար հարկավոր է միայն քեզ այդպիսին համարել, ես հասկացա, որ ուժեղ եմ, երբ բազմաթիվ իրար հաջորդող դժվարությունները պատնեշի պես փակեցին երջանկանալու ճանապարհը: Իսկ այդ ժամանակ իմ մեջ ամենից շատ սկսեց աճել հաղթանակած լինելու ցանկությունն ու ես գնացի այդ ցանկության ետևից, մինչև որ հասկացա, որ ամեն ինչ արդեն ետևում է: Ցանկությունը՝կյանքից հաղթանակի մրցանակ ստանալու, ինձ ամրություն, տոկունություն, ապրելու և երջանկանալու հավատ նվիրեցին ու ես սկսեցի հավատալ կյանքի հրաշալի լինելուն: Փայլ, որ երբևէ չէի տեսել իմ աչքերում, փայլեց այն ժամանակ, երբ ես կարողացա ուժեղ լինել, երբ հասկացա, որ մեր կյանքը կախված է ոչ թե նախախնամությունից կամ ճակատագրից, այլ մեր ցանկությունից ու մեզ տրված կամային ուժից: Նախախնմանությունն ու ճակատագիրն արդարացում են թույլերի համար.նրանք ապրում են այնպես, ինչպես դասավորվում է կյանքը, կոտրվում են, հանձնվում, պարտվում, բայց երբևէ չեն ուզում հաղթող լինել, իսկ ուժեղները աչք են փակում ամեն ինչի վրա, իրենց կյանքի ղեկն առնում են իրենց ձեռքն ու չեն վախենում դեմ գնալ մյուսների սահմանած սկզբունքներին և ապրելու կանոններին, նրանք իրենք իրենց համար կարգախոս են դառնում: Նրանք գիտեն, թե ինչն է իրենց իսկապես հարկավոր կյանքում, չեն սիրում անտեղի ժամանակ սպանել, նրանք հասկանում են, որ իրենց իսկ տված խորհուրդները հենց իրենց համար պետք է օգտագործել և նրանք ձգտում են միշտ լինել ժպտացողները այն հարյուրհազարավորների մեջ, ովքեր դժվարությունների ժամանակ ոչ թե ապրել են սովորում, այլ կամաց-կամաց մահանում են:
     Եվ քանի դեռ ուժեղ եմ և մեկն եմ այդ ժպտացողներից, ուզում եմ ասել, թե ինչքան երջանիկ եմ, որ երբևէ ինձ համար բացահայտել եմ, թե ինչքան ահռելի չափի տոկունություն և ամրություն է իր մեջ պարունակում, թույլերի համար անզոր թվացող, մարդկային հոգին:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3819 | 0 | 0
Facebook