Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեր, որ խլեց ինձ քեզնից

19:47, երեքշաբթի, 27 մայիսի, 2014 թ.
     Շատերին թվում է, թե երջանիկ լինելու համար բավական է սիրելը: Մտածում ենք՝սերը կա, ուրեն այլևս ոչինչ մեզ խանգարել չի կարող: Ի՞նչ իմանաս, կյանքում ոչինչ «հարյուր տոկոսանոց» չէ: Ամեն մի լավի մեջ կա վատը, ամեն վատ իր մեջ լավն է պարունակում:
     Երեք տարիների իմ ապրումներն ու անցած դժվարին ճանապարհը երևի թե բավարար պայմաններ էին սիրո կախարդական ուժին հավատալու համար, բայց օրերից մի օր իմ առաջ պատկերացավ բոլորովին այլ պատկեր: Ես բացեցի քաղցր երազներից ծանրացած աչքերս ու հասկացա, որ երեք տարին միայն ինձ է կապել նրան, բայց ոչ նրան՝ինձ: Ցավոտ գիտակցում է, բայց փաստ, իսկ ես կարողացա այնքան ուժեղ գտնվել, որ վեր դասեցի իմ տարիների ապրումները ներկայիս երևակայական երջանկությունից:
     Ես նվիրվեցի նրան, ես հավատացի, որ մեզ համար երկնքում դեռ կարող է փայլել երջանկության մեր փոքրիկ աստղը: Ես կարոտեցի ու սպասեցի՝հաշվի չառնելով մեզ համար սահմանված հեռավորությունն ու ժամանակը: Ես նկարեցի մեր ապագան ու փորձեցի հասնել դրան...և հենց այս կետերում էլ ես սխալվեցի՝բազմակիորեն:
     Երբ կյանքը կրկին մեր ճակատագրի ձեռքերը միացրեց իրար, իմ անմիտ սիրտը չկարողացավ ետ կանգնել և հենց այդտեղ էլ սկիզբ դրվեց սխալների շարունակությանը: Ես մտածեցի, որ, հավանաբար, դա փոխհատուցումն է իմ չկորցրած հավատի, երազանքներիս հանդեպ աննկարագրելի նվիրվածության ու անսահաման հավատարմության: Ու այստեղ ևս մեկ անգամ սխալվեցի: Ոչ, ճակատագիրը ինձ պատժեց հենց այդ նվիրվածության, այդ հավատարմության և այդ չկորցրած հավատի համար:
     Կյանքը դասերի հաջորդական շղթա է և կյանքում լավ աշակերտը նա է, ով սովորում է լավ սերտել իր կատարած սխալների հետևանքները, ով կարողանում է ընդունել իր թերությունները ու արժանապատվորեն ընդունել իր Կյանքի Օրագրում հայտնված գնահատականները: Իմ այդ տանջանքները հօդս ցնդեցին.կյանքն ինձ պարգևատրեց ծանր ապտակով: Ու ինձ մնում էր միայն լավ աշակերտ ձևանալ:
     Ես չափից շատ եմ նվիրվել նրան, չափից շատ կարոտել, չափից շատ անհանգստացել ու լացել եմ, չափից շատ սպասել ու հավատացել եմ, չափից շատ ատել ու չափից շատ նրան սատարել եմ: Չափից շատ եմ եղել նրա կողքին, աղոթել նրա համար, չափից շատ եմ ուրիշների մեջ նրան որոնել.նրա հանդեպ ամեն ինչ չափից շատ էր: Ու այդ չափից շատն էլ հոգնեցրեց նրան: Հետո ի՞նչ, որ չափից շատ ՍԵՐ էի նվիրում.սահմաններից դուրս ամեն ինչ մի օր հոգնեցնում է: Նա հոգնեց հոգատար մարդու իր կողքին տեսնելուց, նա հոգնեց անհամար հարցերից, հոգնեց խանդից ծնված բոլոր խոսակցություններից, հոգնեց լսելուց, որ կարող է երջանկացնել, հոգնեց հավատալուց, որ ինքն ամենալավն է, որ ինչ-որ մեկը կարող է չքնել մի ամբողջ գիշեր նրա մի սխալ արտահայտության պատճառով.պարզապես հոգնեց չափից շատ սիրվելուց: Իսկ ես ուշ հասկացա, որ կարելի էր խնայել այդ գեղեցիկ զգացմունքն ու ամբողջությամբ չօգտագործել: Ուշ հասկացա, որ հնարավոր է հոգնել միշտ ուշադրության կենտրոնում լինելուց ու չմոռացվելուց: Պատճառն այն էր, որ ես միշտ երազել էի դրանց մասին ու երբեք չէի զգացել, որպեսզի հասկանայի, որ անգամ դրանք կարող են մի օր անարժեք դառնալ: Եվ սերն ի վերջո պատնեշ դարձավ մեր միջև, այն նույն սերը, որ երեք տարի շարունակ ուժեղ մագնիսի նման ինձ ձգեց դեպի նա, իսկ այսօր այդքան խորդուբորդ ճանապարհներ հաղթահարելուց, այդքան փորձելուց ու փորձվելուց հետո ինձ խլեց նրանից:
     Ես չեմ մեղադրում նրան...ես մեղադրում եմ այն օրերին, որոնցում ես այդպես էլ չհամաձայնվեցի կորցնել հավատս՝սիրուս, նվիրվածությունս՝երազանքներիս և սերս նրա՝իմ սիրուց հոգնած անձի նկատմամբ:
     ...և հիմա սերս էգոիստաբար որոշեց խլել ինձ նրանից և հիմա ես դեմ չեմ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3663 | 0 | 0
Facebook