Գիտե՞ս, իսկ ես դեռ սպասում եմ: Զարմանում եմ ինքս ինձ վրա. այսքանից հետո շարունակել սիրե՞լ: Սիրել.. կարոտել... հիմա դու և շատերը կքմծիծաղեք: Դու՝ մտածելով, որ ես քեզ երբեք չեմ սիրել, ուրիշները՝ ասելով, թե հնարավոր չէ այս տարիքում սիրել այդքան ուժգին: Ինչևէ: Գիտե՞ս, ժամանակ առ ժամանակ ինձ թվում է՝ օտար ես, անծանոթ, սակայն հերիք է հիշեմ ժպիտդ, և ամեն ինչ փոխվում է: Դու դառնում ես այնքան հարազատ, թվում է ՝ ուր որ է էլի կգաս, կժպտաս ու կգնաս: Կգնաս ոչ թե անդարձ, այլ հաջորդ օրը դարձյալ հետ գալու նպատակով: Ու մենք էլի կխոսենք, կկռվենք, կծիծաղենք, կնեղանանք իրարից, սակայն չենք լինի անտարբեր, չենք լինի օտար, ինչպես հիմա: Հաճախ եմ երազում քեզ տեսնում ... Այնքան ուրախ ենք, այնքան անհոգ ու արթնանում եմ հանկարծ և վերջ..: Ու զգում եմ, որ զգում եմ կարիքդ: Միշտ մտածել եմ, որ երբեք չեմ սիրի, չեմ հավատացել սեր կոչվածին, ժպտացել եմ, երբ լսել եմ, որ ինչ-որ մեկը սիրում է մեկին, իսկ հիմա ինքս կուրացել եմ..: Գիտեմ, անհնար է: Էլ ոչինչ հետ բերել չի լինի: Ուղեղս հասկանում է դա, բայց բացատրիր այդ նույնը սրտիս: Այն լսել անգամ չի ուզում քեզ մոռանալու մասին: Իսկ հպարտությունս միշտ հեռու է վանում քեզ, հեռու է վանում բոլոր մտքերը քո մասին: Խառնվել եմ: Բայց... սիրում եմ քեզ դեռևս: Սիրում եմ ավելի շատ, քան երեկ և ավելի քիչ, քան վաղը: Անհնար է, բայց սիրում եմ: Գիտե՞ս...մոտիկներս ինձ հաճախ են ասում, որ քեզ մոռանամ, որ մեկ է՝ անհնար է, զուր եմ ինձ տանջում: Ճիշտ են նրանք ասում, սակայն.... Գիտե՞ս.. Ես քեզ միշտ կսիրեմ: