Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...Երեկը չգիտեր, որ վաղն ավելի դժվար է լինելու...

13:25, կիրակի, 25 մայիսի, 2014 թ.
     Մեր կյանքից պոկվեցին երջանկության բոլոր օրերը: Աշնանային տերևաթափի նման, գեղեցիկ գույներով ներկված, նրանք ծածկեցին մեր կառուցած արահատներն ու մաքրեցին մեր գոյության հետքերը...ուշ է...քամին արդեն ի սպառ վերացրել է մեր պատկերը կյանքի բոլոր չթերթված էջերից: Արդեն վաղեմության փոշին, խեղդվող ծանրության նման նստել է այդ օրերի վրա ու չի թողնում անգամ վեր հառնել այդ օրերի հիշողություններին:
     Երեկ էր...կայացավ մեր երջանկության տերևաթափը: Երեկ ես ապրեցի կյանքի բոլոր եղանակաները.գարունը ներկեց վաղուց մոռացված մեր անցյալը ու իմ առջև պատկերացան ինձ անհաս երջանիկ հիշողություններս, ամառային արևը ինձ հիշեցրեց երբևէ ինձ ժպտացած երջանկությունը, աշնանային անձրևը նկարվեց դեմքիս վրա, իսկ ձյունը ծածկեց զգացմունքներս ու սառեցրեց ամեն ինչ՝ինձ թողնելով միայն դատարկության ցավոտ զգացումը: Երեկ ես վերջին անգամ բռնեցի ձեռքդ ու զգացի, որ չեմ ցանկանում մոռանալ նրա ջերմությունը, վերջին անգամ նայեցի աչքերիդ մեջ ու հասկացա, որ դու երբեք չես ցավի մեր բաժանման համար, վերջին անգամ քեզ պարզեցի դողացող ձեռքս ու գիտակցեցի, որ այն դողալու է ամեն անգամ քեզ տեսնելուց, բայց մնալու է այդպես էլ պարզված դեպի անցյալ, որտեղ դու թույլ չէիր տալիս նրան մնալ «օդից կախված»: Երեկ սրտով քեզ վերջին անգամ մոտ զգացի, բայց երեկ ես քեզ առաջին անգամ որքան մոտ, այնքան օտար ու անծանոթ էի: Երեկ դու ինձ հարկավոր էիր ավելի քան երբևէ և երեկ նույնքան էլ բացակա էիր:
     Հիշո՞ւմ ես, թե ինչ սառնասրտությամբ թեքեցիր գլուխդ, շրջվեցիր ու քայլ արեցիր դեպի քո «առանց ինձ» կյանքը.այդ պահին երջանիկ էիր: Կարծում էիր, թե մեր բաժանմամբ երկուսիս էլ վերադարձան խաղաղ օրերը: Թե ինչ զգացիր դրանից հետո ես այլևս չզգացի, քանի որ դադարեցի ժամանակավորապես զգալուց որևիցե բան...դարձա անզգա մի էակ, որ զրկվեց մարդկային կերպարանքից: Այդ պահին, ինչպես նոր ստացած վերքի ծանրությունը դեռևս լիովին չգիտակցած մարդ, ես թաղվեցի դատարկության ու անորոշության մեջ ու դադարեցի հավատալ ինձ տրված ապրելու իրավունքին, քանզի ինձնից կյանքը խլեց այն.առանց քեզ ի՞նչ ապրել: Երեկ մեզ համար իբրև թե ընտրեցինք երկուսիս համար անհայտ ճիշտը ու կառուցոցինք մեր «ճիշտ» ապագան: Երեկ դա մեզ համար լավագույն տարբերակն էր: Ու ցավալին այն է, որ այսօր ես այդպես չեմ մտածում, այսօր երեկվանից ցավոտ է, այսօր ես չեմ դիմանում երեկվա հարվածին, այսօր ես անզոր եմ երեկվա իրականության դեմ, այսօր ես համաձայն չեմ կորցնել քեզ...ես հրաժարվում եմ լքել մեր տերևաթափը: Մենք սխալվեցինք, մենք պարտվեցինք, մենք երկուսս կորցրեցինք՝անվերադարձ: Մենք իրավունք չունեինք հակադրել իրար ձգող երկու հակադիր բևեռների սկզբունքը: Այո՛, մենք տարբեր էինք, այդ պատճառով հարկավոր էինք միմյանց, հիմա կիսատ ապրել պետք է սովորել: Պարզապես մենք անփորձ էինք, պարզապես այդ պահին մենք չկարողացանք մտածել...
     .....պարզապես երեկը չգիտեր, որ վաղն ավելի դժվար է լինելու...
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3308 | 0 | 0
Facebook