1933թ. փետրվարի 27-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ Ժողկոմխորհի համատեղ նիստի որոշմամբ ՀԽՍՀ շինարարական ինստիտուտի և ՀԽՍՀ քիմիատեխնոլոգիական ինստիտուտի միավորմամբ 1933թ. մարտի 1-ին կազմավորվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
Պոլիտեխնիկական ինստիտուտն աճեց ու հզորացավ Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ինստիտուտը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ ավելի քան 65 մասնագիտությունների գծով սովորում էր երկրի ուսանողության 40%-ը:
Տարիներ անց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարողացավ ոչ միայն դիմակայել երկրին բաժին ընկած փոթորիկներին, այլև յուօրինակ կերպով իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության նորացման ու զարգացման գործում:
1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը և պատվով ստանձնեց "կրթական բարեփոխումների դրոշակակիր" տիտղոսը:
Ներկայումս Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է, որի ուսերին է դրված մեր նորանկախ պետության տնտեսության զարգացման հիմքն ու գրավականը լինելու և հայ ճարտարագիտական միտքն առաջ մղելու բարձր պարտականությունը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իր գործունեության 8 տասնամյակների ընթացքում երկրին տվել է ավելի քան 120 000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:
Շնորհավոր բոլոր ժամանակների պոլիտեխնիկցիներին գարնան գալստյան և հարազատ կրթօջախի տարեդարձի կապակցությամբ: