Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրականություն՝ներկված երազանքներով

18:20, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2013 թ.
     Ուղղակի հետաքրքիր է կռվել ինքդ քո դեմ, պայքարել քո էության այն հատկանիշների դեմ, որոնք ստիպում են քեզ երբեմն սխալվել: Կարելի է նպատակասլացորեն պայքարել ինչ-որ մեկի, ինչ-որ բանի դեմ, բայց պայքարի ելնել ինքդ քո առաջ, այնքան էլ հեշտ չէ:
     Փորձեցի մի պահ կյանքի հայելին պահել իմ առջև և նայել նրան իրական աչքերով, փորձեցի իջնել երազանքների երկնքից ու ապրել, ապրել իրական կյանքում: Սակայն չստացվեց...առանց երազանքների ապրելը նման է այն նկարին, որի մեջ բացակայում են գույները: Հաճախ փորձեցի փակել երազանքներիս ճանապարհը այն պահին, երբ փորձում էին կառուցել իրենց ամուր բերդը...սակայն չստացվեց...կյանքի հայելին կրկին պատկերացավ իմ առաջ և հիշեցրեց, որ ես չեմ սիրում ապրել առանց գույների, որ իմ աչքերը սովոր են անգամ խավարում նկատել լույսը, անգամ անգույն պատկերներում հասկանալ, թե որ գույներն են այդտեղ անհրաժեշտ: Երազել, երազել և երազանքներով ապրել միշտ՝այնքան էլ ճիշտ չէ, բայց երազանքներով գունավորել դժվարություններով լի կյանքի նկարը, մարդուն դարձնում է ուժեղ ու պատրաստ դիմակայելու հաջորդ պատնեշներին:
     Իմ կոտրված երազանքներ, ճիշտ է, հաճախ դուք ցավ եք պատճառում, բայց ամեն դեպքում դուք երբևէ երազանք եք եղել, մի ժամանակ հավատացել եմ, որ դուք էլ կիրականանաք: Այսօր ձեզնից միայն երազանքների փոշին է ծանրացած սրտիս վրա, բայց ես կրկին շարունակում եմ երազել, դուք չկոտրեցիք ինձ, խոստովանում եմ:
     Թեկուզև երբեմն անգամ երազանքի իրականացումն էլ ցավ է պատճառում, բայց մի վախեցեք երազել, չէ՞ որ կյանքի պակասող գունապնակը հենց երազանքների ետևում է թաքնված...չէ՞ որ ամեն դեպքում քանի դեռ ապրում է հույսը, ուրեմն դեռ կարելի է հավատալ լավին...կարելի է մտածել, որ դեռևս չիրականացած երազները ժամանակ ունեն հասնելու իրականացման կանգառին:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3448 | 0 | 0
Facebook