Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

18:52, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2013 թ.
     Հոբելյանական տարում առաջին անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ սահմանվել են 11 անվանական կրթաթոշակ Երևանյան կրթահամալիրում և երեք անվանական կրթաթոշակ մասնաճյուղերում: Եվս 5 համահամալսարանական անվանական կրթաթոշակ է սահմանել ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիան:
    
     Անվանական կրթաթոշակները սահմանվել են Պոլիտեխնիկի այն երախտավորների անուններով, որոնց հետ է կապված ինժեներական կրթության և գիտության, արտադրության և տեխնոլոգիայի նոր ճյուղերի հիմնումը Հայաստանում. անուններ, որոնցից սկիզբ են առել գիտական դպրոցներ:
    
     ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հրավերով առաջին կուրսեցիներին նվիրված տոնական հանդիսությանը մասնակցում էին ՀՊՃՀ երախտավորների ընտանիքների անդամները, մերձավորները: Հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորը բուհի 80 ամյակի պատվին թողարկած հուշանվերների առաջին օրինակները նվիրեց հանդիսությանը ներկա ՀՀ պետական ականավոր գործիչ, ազգային հերոս, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի շրջանավարտ Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանին, ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՊՃՀ Խորհրդի նախագահ, պատվավոր դոկտոր, Ֆադեյ Սարգսյանի դուստր Թամարա Սարգսյանին, Պոլիտեխնիկի Գիտության գծով երկարամյա պրոռեկտոր, ակադեմիկոս Գեորգի Արեշյանի քույր Նադեժդա Արեշյանին, պոլիտեխնիկական ինստիտուտի ամբիոնի երկարամյա վարիչ, ակադեմիկոս Օգսեն Սապոնջյանի զարմուհի Էլմա Պարսամյանին, հայտնի մետաղագետ, ականավոր գիտնական Սարգիս Սալտիկովի դուստր Եվգենիա Սալտիկովային:
    
     Շնորհակալություն հայտնելով վերջիններիս հրավերին արձագանքելու և տոնական հանդիսությանը մասնակցելու համար` ռեկտորը նշեց, որ այս հանդիպումը շատ օգտակար է առաջին կուրսի պոլիտեխնիկցիների համար` "Նրանք պետք է իմանան, թե ինչպիսի հաստատություն են ոտք դրել, որը նման հայտնի մարդկանց է հայ ազգին պարգևել և պետք է գիտակցեն, թե ում գիտական ժառանգության պահապաններն ու հետևորդներն են լինելու": Ռեկտորի հավաստմամբ անվանական կրթաթոշակների սահմանումը Պոլիտեխնիկում ոչ միայն երախտագիտության արտահայտություն է բուհի երախտավորներին, այլև ուսանողին խրախուսելու յուրահատուկ մեթոդ ու միջոց, քանի որ ուսանողական կրթաթոշակ կարող են ստանալ շատերը, նույնիսկ տվյալ կուրսի անվճար համակարգում սովորող բոլոր ուսանողները, բայց անվանական կրթաթոշակը տրվում է նրանցից լավագույններին:
    
     Ռիմա Դեմիրճյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց բուհի ղեկավարությանը` նման շնորհակալ գործ կատարելու համար` նշելով, որ երախտավորների թողած ավանդը հուսալի ձեռքերում է, քանի որ ականատեսն են ներկայիս Պոլիտեխնիկի զարթոնքին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4735 | 0 | 0
Facebook