Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) տոնում է իր հիմնադրման 80-ամյակը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում նորաթուխ պոլիտեխնիկցիների առաջին մուտքը ճարտարագիտական համալսարան առավել հիշարժան դարձնելու նպատակով ՀՊՃՀ Ռեկտորատը և Ուսանողական խորհուրդը ս.թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 10: 00-ին, 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում (Տերյան 105) կազմակերպում են 2013-2014 ուստարվա նորամուտի տոնական հանդիպում:
Ավանդական դարձած այս հանդիպումն այս տարի կազմակերպվելու է առավել հանդիսավոր և շքեղ պայմաններում, որին մասնակցելու են ՀՊՃՀ ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը, համալսարանի գործընկեր-կազմակերպությունների ղեկավարները, ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի անդամ՝ բուհի տարբեր տարիների շրջանավարտները, ինչպես նաև ՀՊՃՀ այն երախտավորների, ականավոր գիտնականների ընտանիքների անդամներն ու հարազատները, որոնց անուններով ֆակուլտետներում սահմանված են անվանական կրթաթոշակներ:
Մասնավորապես հանդիսավոր ընդունելությանը կմասնակցեն Հայաստանի երկարամյա վարչապետ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ պետական ականավոր գործիչ, ազգային հերոս, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի շրջանավարտ Կարեն Դեմիրճյանի, ԵրՊԻ շրջանավարտ, պոլիմերների քիմիայի խոշորագույն գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՊՃՀ Խորհրդի նախագահ, պատվավոր դոկտոր, Ֆադեյ Սարգսյանի և ՀՊՃՀ այլ երախտավորների ընտանիքների հարազատները:
Հանդիսությանը կհաջորդեն "Պոլիտեխնիկ. հաջողության բանաձև" ֆիլմի ցուցադրությունը և շրջանավարտների հանդիպումները Ռեկտորատում ու ֆակուլտետներում:
Պաշտոնական հանդիպումներին կհաջորդի "Երաժշտական պոլիտեխնիկ" համերգային ծրագիրը, որը տեղի կունենա ՀՊՃՀ 5-րդ մասնաշենքի հարակից պուրակում: Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես կգան "Սասուն", "Վան" և "Կարին" համույթները:
Միջոցառումների շարքը կեզրափակի "Պոլիտեխնիկական դասախոսություններ" գիտակրթական սեմինարը։ 2013-2014 ուստարվա անդրանիկ սեմինարի թեման բավականին խորհրդանշական է և մեծ նշանակություն ունի նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում: ՀՊՃՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ՀՊՃՀ 1-ին մասնաշենք, 1301 լսարան) ժամը 15.00-ին "
ՀՀ ազգային բանակի ռազմաարդյունաբերական համալիրի տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերները" թեմայով զեկույցով հանդես կգա ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ
Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանը: