Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...Երբ մի պահ սրբեցի արցունքներս...

14:21, շաբաթ, 15 հունիսի, 2013 թ.
...Երբ մի պահ սրբեցի արցունքներս...
     Մենությունը այլևս թույլ չի տալիս ազատ շնչել, այն, ասես բռնել է կոկորդս, ինչպես մի տխրություն, որը ուզում է կոկորդից դուրս գալ, հոսել արցունքների հետ, սակայն...սակայն իզուր...կողքից կնկատեն, որ ինչ-որ բան այն չէ: Ինչքան դաժան է հալածված լինել մենության կողմից, փակվել ինքդ քո մեջ և լռել, լռել հենց այն ժամանակ, երբ ամենաուժգին ցանկությունը քեզ մոտ խոսելն է, գուցե ճչալը, բայց...բայց միայն թե ոչ լռելը, միայն թե ոչ ինքդ քեզ քո մեջ բանտարկելը: Լռի'ր, սի'րտ, լռի'ր, չե՞ս զգում, թե ինչքան անհարմար ժամանակ ես ընտրել բողոքելու, ինչքան անմիտ է հիմա քո կողմից ինձ տանջելը, կրկնակի հարված և կրկին սեփական «ես» -ից:
     Մի տխուր և ոչինչ չասող սենյակ, չորս պատեր, որոնց ամեն մի գունային փոփոխությունը, ամեն մի սառնությունը ինձ ծանոթ է, ինձ համար ճնշող, բայց և հարազատ...հարազատ.գիտե՞ք ինչու, որովհետև հոգին հարազատ է համարում այն ինչը իր հետ է լինում տանջանքի, ալեկոծման և մեկուսացման պահերին, ինչը նրան այդ պահին պահպանում է կողմնակի հայացքներից: Հոգին դրանով մխիթարվում է և համոզում ինքն իրեն, որ մենակ չէ, գոնե այդպես ժամանակավոր կդադարի արցունք թափել, կդադարի իրեն համարել լքված ամենքի կողմից, լքված ինքն իրենից:
     Երբեմն մի քանիսի լքումը կարող է մակերեսային ազդեցություն թողնել, սակայն շատ ավելի հաճախ մարդը կարող է իրեն համարել անտեսված բոլորի կողմից միայն մեկ մարդու հեռանալուց հետո: Երանի այսօր էլ զգայի այն, ինչ զգում էի այն պահին, երբ դեռ իմ հորիզոնում չէր անհետացել քո պատկերը, երբ աչքերս դեռ չգիտակցելով իրենց ապագա տանջանքը, փորձում էին փակվել, որ չտեսնեն քեզ, որ իմ սառնությունը այդ պահին քեզ ստիպեր հեռանալ գլուխդ կախ և մտածելով, որ դու երբեք էլ դեր չես խաղացել իմ կյանքում: Գուցե իրոք ես ինքս այդ պահին համոզված էի դրանում, մտածում էի, որ սա հերթական սխալներից է և միայն մնում է մտածել դրանից դաս քաղելու մասին, սակայն...չսխալվելով անցյալում` ես սխալեցի այդ պահին: Մի պահ ետ նայեցիր և դա ինձ ստիպեց աչքերիցս պոկել այն արցունքները, որոնք այդքան մեծ ջանասիրությամբ փորձում էի խեղդել կոկորդում, թեկուզ հասկանալով, որ դա ավելի է մաշելու ինձ: Ժպտացիր...ինչու՞...ես մոռացե՞լ էի, որ դու ինձ ճանաչում ես, դու գիտեի՞ր, որ այդպես կկոտրես հպարտությունս, այդպես կկոտրես ինձ համար ստեղծած իմ գլուխգործոցը' «սառցե սիրտը»: Բայց դու այդպես էլ ոչինչ չզգացիր, դու չնկատեցիր, թե ինչպես պահեցի սրտիս կոտրված փշուրները, որպեսզի դու չլսես նրանց ձայնը: Այո', դու հաղթանակած ես, թերևս հաղթանակած ես ինձ համար և միայն ես գիտեմ դա...շնորհավորում եմ...Դուք հաջողությամբ ավիրեցիք այն ամրոցը, որը կառուցելու համար բազմաթիվ գիշերներ հաշտվում էի սխալներիս հետ և դաս քաղում դրանցից: Սակայն կներես ինձ, որ սրտիս նամակը, լցված բազմաթիվ տխրությամբ պարուրված շնորհավորանքի խոսքերով, երբեք չի հայտնվի քո ձեռքերում...ես արդեն բավականին ժպիտ եմ քեզ նվիրել` ինքս ինձնից գողանալով իմ ժպիտը:
     Մի արահետ եմ տեսնում հեռվում, այն մշուշոտ է, սակայն ես զգում եմ` այն սպասում է ինձ: Մինչ արահետը մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Այն մարդկանց համար, ովքեր ընդունակ են հեռանալ և երբեք ետ չնայել»: Ես մեկ վայրկյան անգամ չեմ մտածի, այս արահետը ինձ վեր կբարձրացնի ինձնից, ես կլինեմ ո'չ առաջվանը, նման բոլորին, բայց տարբեր բոլորից: Ես կգնամ հենց այս ճանապարհով, որովհետև գիտեմ, որ այնտեղ քեզ չեմ հանդիպի...դու ընդունակ չես հեռանալ առանց ցավեցնելու, դու ընդունակ չես անցնել և քո հետևից ավերակ չթողնել:
     Արահետը մութ է, ես` միայնակ, հոգիս` ավերակների հանգրվան դարձած, ձեռքս արդեն վաղուց ոչ մի ձեռք չբռնած, հայացքս սովոր անտարբերության, իսկ սրտումս բույն դրած դատարկության զգացումով: Սակայն սրանք ինձ հիմա ավելի հարազատ են, քան նրանք, ովքեր լքեցին:
     Հաջողությու'ն, անցյա'լ, ես հոգնեցի մենակ մնալով, գնում եմ գտնելու իմ հայացքի նման սառը հայացք, իմ սրտի նման ավերակված սիրտ, իմ հոգու նման ալեկոծված հոգի: Այդպիսի մեկը ինձ կհասկանա, մենք միասին կապաքինվենք և մի օր ներկան կլսի մեր անունը «...երջանիկ և ուրախ են նրանք...» , իսկ անցյալը կամաչի, որ իր անհրավեր այցելություններով սպանեց ինձ:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4551 | 0 | 0
Facebook