Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) կյանքի կոչվեց տեխնիկական կրթության ոլորտի հերթական մեծամասշտաբ ծրագրերից մեկը. հիմնովին վերանորոգված և ժամանակակից պահանջներին բավարարող ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում բացվեց «mLab ECA» Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության և էկոնոմիկայի նախարարներ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Ավանեսյանը, Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ պետական և մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:
mLab ECA լաբորատորիան, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը, իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia ընկերության աջակցությամբ:
mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձևավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են ավելի քան 70 մոբայլ աշխատածրագրեր՝ ներգրավելով շուրջ 100.000 ԱՄՆ դոլար ներդրում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:
Շրջելով լաբորատորիայի լսարաններում` ՀՀ վարչապետը ծանոթացավ ՀՊՃՀ ուսանողների և երիտասարդ ճարտարագետ-ծրագրավորողների, դիզայներների նորարարական նախագծերին ու գաղափարներին, որոնք ներկայացվել են տարբեր միջոցառումների, մրցույթների և արժանացել մրցանակների:
Օրինակ, Papplesoft թիմի անդամ, ՀՊՃՀ 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Հայրապետյանը ներկայացրեց պլանշետների համար մշակված «Paint the music» («Նկարիր երաժշտություն») հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց նկարչության միջոցով ստեղծագործել տարբեր ոճերի երաժշտություն։ Նկարած պատկերը վեր է ածվում երաժշտության։ Թիմի 4 անդամներից 3-ը ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետից են` Նարեկ Հայրապետյանը, Աղասի Պողոսյանը և Արթուր Նազարյանը:
Letsein թիմի անդամները վարչապետի ուշադրությունը հրավիրեցին իրենց մշակած հայերեն տպելու ծրագրի վրա: «Այսօր համացանցում շատ քիչ են հայալեզու հոդվածները (մոտ 45900), իսկ, օրինակ, ադրբեջանալեզու հոդվածների քանակը մոտ 96000 է՝ երկու անգամ շատ, սոցիալական ցանցերում հաճախ օգտատերերը միմյանց հաղորդագրություն են ուղարկում` օգտագործելով լատինատառ այբուբենը: Մենք որոշեցինք ստեղծել մի նախագիծ Armenian Speed Typer անվանմամբ, որի միջոցով մարդիկ կարող են սովորել տպել ճիշտ, ստանդարտ ստեղնաշարով և կարող են գերազանցել տպելու արագությունը։ Այս ծրագիրը օգտակար է ինչպես ուսանողների, դպրոցականների, այնպես էլ սփյուռքահայերի համար» , -ասաց Letsein թիմի անդամ, ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի մագիստրանտ Ժաննա Գրիգորյանը:
«mLab ECA» Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը ներկա Infodev ծրագրի ղեկավար Վալերի դե Կոստան նշեց, որ նոր գաղափարների ապրանքայնացումն ու ներդրումը այն մարտահրավերներն են, որ ծառացած են երիտասարդ ստեղծագործողների առջև, իսկ mLab-ն այդ մարտահրավերները հաղթահարելու համար հիանալի հարթակ է:
Շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնող բոլոր կողմերին` ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն ասաց, որ լաբորատորիայի տեղակայումը ճարտարագիտական համալսարանում կնպաստի տեխնոլոգիաների զարգացմանը և դրա հիմքը ապահովող մասնագիտական կրթությանը. "Կարծում եմ, որ բուհ - մասնագիտական կրթություն - նորարարություն - արտադրություն" համագործակցության ճիշտ վեկտոր է ընտրված: Ես վստահ եմ, որ կշարունակվի այն քաղաքականությունը, ինչը դրվել է ՀՀ կառավարության ծրագրի հիմքում, այն է` գիտարար տնտեսության ստեղծումը":
Ի դեպ, ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված mLab ECA լաբորատորիան հնարավորություն կտա ոչ միայն մասնագիտական ուսուցում կազմակերպել Պոլիտեխնիկի ուսանողների համար, այլև Հայաստանի մյուս բուհերի և մասնավոր սեկտորի կազմակերպությունների աշխատակիցների համար:
mLab ECA ներկայացուցչություններն արդեն գործում են Վրաստանում և Ուկրաինայում. ամբողջ ԱՊՀ տարածքը ընդգրկելու ուղղությամբ աշխատանքները ընթացքում են: