Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձեռքդ տու՛ր, ընկե՛րս, դու մենակ չես

20:21, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Ձեռքդ տու՛ր, ընկե՛րս, դու մենակ չես
     Մեր կյանքը կլիներ չոր ու դատարկ, եթե չլիներ այն արժեքային համակարգը, որը մարդուն սովորեցնում է գնահատել ունեցածը, հասնել չունեցածին, բայց ցանկալիին և պահպանել այն նվերները, որը կյանքը տալիս է մեզ.երբեմն երկար ջանքերից հետո, իսկ երբեմն անսպասելի: Այդ արժեքները միասին կազմում են մի ոսկե շղթա, որը պետք է ունենա մեզնից յուրաքանչյուրը: Սակայն, ինչպես կյանքում յուրաքանչյուր կարևոր և պետքական օբյեկտ, այնպես էլ այս արժեքային շղթան ոչ բոլորին է հասանելի: Այս շղթայի ամեն մի օղակի արժեքը հասկանալու համար հարկավոր է բավական ժամանակ, քանի որ այս արժեքներից յուրաքանչյուրը ձևավորվում է այնքանով, որքան վարպետությամբ կառուցում և պահպանում է այն կրողը:
     Մարդը ապրելով իր նմանների շրջապատում, շփվում է մարդկային տարբեր տեսակների և բնավորությունների հետ և այսպիսով դեռ մանկական տարիքից ձևավորվում են հարաբերություններ, որոնք վերածվում են սիրո, ուղղակի ծանոթության, մտերմության: Երեխան դեռևս հաճախելով մանկապարտեզ իր համար ակամայից առանձնացնում է մարդկանց, ում հետ շփումն իրեն ավելի հաճելի է և նա նրանց հետ էլ սկսում է ավելի մտերմանալ, իսկ մեծանալով և ճանաչելով կյանքն ու նրա օրենքները, նա նրանց համարում է իր ընկերները: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ.ահա շղթայի կարևոր օղակներից մեկը: Թե ով ինչպես է հասկանում այն, դա նրանց իրավունքն է, սակայն լինել ընկեր և նվիրվել ընկերոջը՝կյանքում մարդու կարևոր դերերից է: Ամուր է այն ընկերությունը, որի հիմքերը կազմում են վստահությունը, սերը, անկեղծությունը, օգնելու պատրաստակամությունը, միմյանց ուրախությամբ ուրախանալու և տխրությունը կիսելու կարողությունը: Սակայն այստեղ կա մի կարևոր պայման.ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ: Կարողանալ ժպտալ ընկերոջդ, երբ նա ուրախ է, մոռանալով սեփական հոգու ցավը, աչք փակել քո ուրախության, «այդ օրը քո բարձր տրամադրության» և անհոգության վրա, եթե տխրությունից թրջված են ընկերոջդ աչքերը, եթե նրա հոգին ուրախությամբ չի կարողանում արձագանքել շրջապատին, եթե նրա ժպիտը, որը այնքան ուրախացնում է քեզ, այդ պահին չի զարդարում նրա քեզ այդքան հարազատ դարձած դեմքը: Ընկերությունը չի ճանաչում ոչ մի օրենք, ոչ մի պարտավորություն, ընկերության մեջ չկան շնորհակալություններ, չկան շահից առաջացած արարքներ, չկա «կներես նեղություն պատճառելու համար» , «կներես, որ այս ուշ ժամին անհանգստացնում եմ» և այսպիսի շատ ու շատ արտահայտություններ: Այսպիսի «թերությունների» առկայության դեպքում ընկերությունը սկսում է կրել ձևական բնույթ:
     Հեռախոսդ զանգահարում է ուշ ժամին և էկրանին հայտնվում է ընկերոջդ (ընկերուհուդ) անունը և անմիջապես մտածում ես, որ նրա հետ ինչ որ բան այն չէ և միայն դու կարող ես օգնել նրան.ՆԱ ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ: Ինչքան հաճելի է, երբ երկար խոսակցությունից հետո զգում ես, որ նա հանդարտվել է, որ դու կարողացար թեթևացնել նրա ցավը և կիսեցիր այն անհանգստությունը, որը նրան հանգիստ չէր տալիս: Եվ այդքանից հետո ի՞նչ նշանակություն ունի, թե դուք, որ ժամին էիք զրուցում, թե, որ ժամին «ահազանգեց» հեռախոսդ...ամենամեծ պարգևը այդ պահին.ԴՈՒ ԶԳՈՒՄ ԵՍ, ՈՐ ՆԱ ԱՐԴԵՆ ՈՒՐԱԽ Է:
     Կյանքի ճանապարհին մեր կողքին քայլում են ընկերները, նրանք մեզ հետ կառուցում են մեր ճակատագրի արահետը, նրանք հանդիսանում են այն կարևոր մասնիկներից մեկը, որոնք իմաստ են հաղորդում մեր կյանքին, քանի որ կյանքում կողքիդ ունենալ իսկական ընկեր, նշանակում է արժանանալ հոգեկան հպարտության և արևի շողերից ամենաջերմին: Հաճախ է պատահում, որ մեզ մոտ հայտնվում են ոչ ճիշտ մարդիկ, ովքեր ներկայանում են «ընկեր» անվան տակ, սակայն ժամանակի ընթացքում պատռում են այդ դիմակը, այդպիսով վերածվելով անդեմ մարդկանց, ովքեր չգիտեն թե ինչ է նշանակում հարգել սեփական «ես» -ը և այն կյանքը, որը տրված է ճիշտ ապրելու համար: Այդպիսիները արժանի չեն անգամ, որ հուսահատվես կորստի համար, քանի որ «ոչինչ» չես էլ կորցնում, ընդհակառակը գտնում ես, գտնում ես կյանքում ճիշտ ապրելու և արժանի մարդկանց քեզ մոտ թողնելու փորձ:
     Անհատի համար անխուսափելի են անկումները, վայրէջքները, հարվածները, սակայն գնահատելի է այն, թե ով է այդ ժամանակ կանգնում քո կողքին, ով է բռնում ձեռքդ հենց վայրէջքի պահին կամ էլ ընկնում քեզ հետ՝հետո միասին բարձրանալու նպատակով, ով է սրբում արցունքներդ և ով է քեզ ստիպում ժպտալ՝լացի միջից: Ասում են հենց այս պահին էլ ձևավորվում է իրական և անկեղծ ընկերությունը, անդունդում ընկերոջդ ձեռք մեկնելու պահից դու դնում ես ձեր ընկերության ամրոցի ամուր պարիսպներից մեկը: Մի՛ ապավինիր այն ձեռքերի օգնությանը, որոնք ոչ թե փորձում են վեր բարձրացնել անդունդից, այլ ուղղակի համոզվել, որ իրոք այնտեղ ես:
     Ձեռքդ տու՛ր, ընկե՛րս, դու մենակ չես...ես չեմ թողնի դու ընկնես, իսկ եթե անգամ ընկնես՝կընկնեմ և ես, իսկ հետո հենց անդունդից մենք միասին վեր կբարձրանանք, առանց ինչ որ մեկի օգնության, առանց ապավինելու ինչ որ մեկին, մենք երկուսով կլինենք միայն, ինչպես եղել ենք միշտ.ՄԻԱՅՆԱԿ, ԲԱՅՑ ԵՐԿՈՒՍՈՎ: Միայն վստահիր ինձ, ինչպես վստահել ես միշտ, կամ էլ այնքան, ինչքան դեռ երբեք չես վստահել: Ձեռքդ չպարզես այն մարդուն, որին չես ճանաչում, հնարավոր է, որ նա մեզ ավելի խորը նետի անդունդը: Հարկավոր չեն վերևից մեզ ուղղված ձեռքեր, մեզ միայն հարկավոր է միասին թևեր առնել և վեր բարձրանալ: Միայն խնդրում եմ վստահիր ինձ, վստահիր այնքան, ինչքան վստահել ես միշտ, կամ էլ այնքան, ինչքան դեռ երբեք չես վստահել: Ինձ ուղղիր ոչ թե դողացող ձեռքդ, այլ աչքերիդ վստահությամբ լցված հայացքը, որպեսզի կարողանամ ինքնավստահ բռնել քեզ: Օգնության կարոտ այդ պահին, օգնիր ինձ օգնել քեզ և օգնության համար ընդամենը ժպտա ինձ, թեկուզ դեռևս քո կոտրված ժպիտով, միայն թե ժպտա...ես կարոտել եմ քո ժպիտից առաջացած իմ ժպիտը:
     Ձեռքդ տու՛ր, ընկե՛րս, դու մենակ չես...ես քո կողքին եմ անկախ ամեն ինչից, թեկուզ մեր առաջ փակվեն թռիչքի բոլոր ճանապարհները, թեկուզ ամբողջ աշխարհը կանգնի մեր միջև: Միայն խնդրում եմ ժպտա ինձ, ես կարոտել եմ քո ժպիտից ծնված իմ ժպիտը:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10456 | 2 | 0
Facebook