Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Անմեղությունը վաճառվում է

23:05, Среда, 03 Апреля, 2013 года
Անմեղությունը վաճառվում է

Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում ‹‹վարկը›› և ‹‹պատիվը›› ու նրանց անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին: Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, նրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ: ‹‹ Քարոզները›› շատ թույլ միջոցներ են ‹‹պատվի›› սեփականությունը պաշտպանելու համար, մանավանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց այն մարդկանց ձեռքում, որոնք ‹‹վարկի›› և ‹‹պատվի›› զորեղությամբ են ապրում: Նյութական հարստությունը պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության: Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուտ. նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է. հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է: Իսկ բարոյական հարստությունը… ավաղ նա մեր ձեռքում չէ: Նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա: Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության. և հենց այն րոպեին, երբ մենք պաշտպանում ենք նրան՝ կարծելով թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում…

Հասարակաց կարծիքը չի որոնում ավազակներին, չի պատժում մեր բարոյական հարստությանը գաղտագողի հափշտակողներին. նա միայն մի բան գիտե. նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր ‹‹ վարկը›› և ‹‹պատիվը›› կորցրինք… Իսկ ճշմարտությունը. օհ, նա ամենից երկչոտ արարածն է: Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խաղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա. նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած՝ գլորվում ենք գետնի վրա…

Ինչ դարման ունեն արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3125 | 1 | 0
Facebook