Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Իմ Երջանկությունը…

23:02, Четверг, 06 Декабря, 2012 года
Իմ Երջանկությունը…
    
    

…Հրապարակում էի: Զմայլվելով այդ գեղեցիկ, գունազարդ շատրվանների խաղով, մյուս կողմից էլ ականջներս շոյող անուշիկ ու մեղմ երաժշտությունը վայելելով խորտակվել էի բազմության մեջ: Շուրջս բազում պարսիկներ կային, որոնք չտեսի նման իրար հրմշտելով, միմյանց հետ բարձրաձայն խոսելով, մեկընդմեջ նույնիսկ գոռալով` մոտենում էին շատրվաններին` ապուշ ժպիտները դեմքներին նկարվում` հերթը փոխանցելով մյուսիներին: Ես նրանց մեջ էի: Նրանց մեջ էի միայն ֆիզիկապես: Սառը, անզգայուն ու թախծալից հայացքիս տակ թաքնված էր սիրտս, որն այնքան տաք էր ու այնքան արագ էր բաբախում, նույնիսկ ինձ թվաց, որ երաժշտությանը համընթաց է զարկում, և այդ զարկերն էին, որ իրենց բախյունով հիշեցնել էին տալիս, որ մարմինս ողջ է: Հոգի~ս, իմ հոգին, այնքան պայծառ էր, այնքան լուսավոր, այնքան ուրախ էր…

Ինչ-որ յուրահատուկ հանգստություն կար մեջս… Մի տեսակ ֆիզիկապես անկշռելի էի դարձել… Շատ թեթև էի…Երջանիկ էի…

Երջանկություն…

Յուրաքանչյուրի մոտ այն տարբեր է լինում: Յուրաքանչյուրը յուրովի է հասկանում այն: Մեկը գտնում է իր երկրորդ կեսին` երջանիկ է, մյուսը երեխա է ունենում` երջանիկ է, երրորդը աշխատանք է գտնում երջանիկ է: Մյուսը ունի այս երեքը, բայց երջանիկ չէ:

Իսկ ես…Ես ունեմ ծնողներ, տանիք գլխիս վերևում ու ունեմ քաղցած չմնալու համար ամեն ինչ: Ես այս ամենը միշտ ունեցել եմ, բայց միշտ գտնում էի որևիցե թերություն, կախվում դրանից, ու անվերջ դժգոհում էի:

Որոշ ժամանակ անց պատահմամբ մի ֆիլմ դիտեցի` մի աղջկա մասին էր` Լունայի, մի գեղեցկուհու, հիանալի անձնավորության, որը ապրում էր ակտիվ կյանքով, շրջապատված էր հավատարիմ ընկերներով, նշանված էր բժիշկ Սեմի հետ, և վերջինիս հետ էլ պատրաստվում էր ամուսնանալ: Ճակատագի~ր… Ավտովթարի հետևանքով կորցրեց շարժվելու ունակությունը: Երկարատև բուժումներից հետո միայն սկսեց շարժել ձեռքերը, գլուխը, բայց քայլել այդպես էլ չկարողացավ: Շատ էր տանջվում, անշարժ վիճակով երկար ժամանակ պառկած հիշում էր իրեն, ամեն օր երազներ էր տեսնում, իբր թե վազում է, ցատկում, քայլում… Որոշ ժամանակ անց իրենից հեռացավ նաև սիրած տղամարդը… Տանջվում էր, լալիս, չէր ցանկանում ապրել: Կյանքից հիասթափված Լունայի կողքին միայն մայրն էր, Աստվածային ուժով լի այս կինը, ապրում էր Լունայի հետ նույն աշխարհում, սովորեցնում էր նրան հարմարվել, հուսալ ու ապրել առաջ: Ժամանակի հետ Լունան հարմարվեց իր այդ վիճակին, նորից ինտեգրվեց հասարակություն: Շուտով հաշմանդամ գեղեցկուհու կողքին հայտնվեց մի երիտասարդ, զրուցում էին, միասին հաճելի ժամանակ էին անցկացնում… Ժամանակը, այդ հզոր ժամանակը որոշ չափով բուժեց նրա վերքերը: Նորից սկսեց ժպտալ, բարձրաձայն ծիծաղել, նորից սկսեց սիրել ու նորից ապրեց…

Ցավը վրա էր հասնում միայն գիշերները, ու դրդում նրան նորից վերհիշել անցյալը, ու նորից երազել…

Ամեն ինչ հավանական է… Յուրաքանչյուրը կարող է հայտնվել Լունայի փոխարեն և ոչ ոք չի կարող ասել թե վաղը իր հետ ինչ կլինի:

Պատահաբար ոչինչ չի լինում, ես պիտի այդ ֆիլմը դիտեի: Դրանից հետո փոխվեց մտածելակերպս, սկսեցի այլ աչքերով նայել կյանքիս` իմ կյանքին… Կարելի է ասել, որ ձեռք բերեցի վարդագույն ակնոցներ: Սկսեցի վայելել կյանքս…

Սիրեցի լուսաբացը, սիրեցի գրկել արևի ջերմ շողիկները, սիրեցի անձրևը, սիրեցի քայլել անձրևի տակ, սիրեցի ձյունը, սիրեցի պառկել ձյան մեջ: Սիրեցի քամին ու փոթորիկը… Սիրեցի մթնշաղը: Սիրեցի ամեն-ինչ ու ամենքին…

…Ես ունեմ աչքեր, որոնք այնքան պայծառ են դարձնում իմ կյանքը: Ինձ համար հաճույք է տեսնել երկինքը, արևը, աստղերը, գրքերում գրված փառահեղ տողերը: Ինձ համար հաճույք է տեսնել հարազատներիս, ընկերներիս… Տեսնել թե ինչպես է հայելու միջից մի աղջնակ ժպտում ինձ…

…Ես ունեմ ականջներ, որոնք լսում են`լսում են թռչունների գեղեցիկ դայլայլը, ջրերի շառաչյունը, լսում են մեղեդիներ ու վերջապես լսում են մարդկային խոսքը, որը վայրկենապես կարող է տակնուվրա անել հոգիս, սիրտս, թե լավ առումով թե վատ առումով:

…Ես ունեմ ոտքեր, որոնք ամուր կանգնած են գետնի վրա, որոնք զգում են երկրի ամրությունը, զգում են ծովի ալիքների հպումը, որոնք կարող են վազել ալիքների միջով, խոտերի միջով, վազել քամու ուղղությամբ կամ հակառակ, ամեն-տեղ ու ամեն-ուր:


    

Շնորհակալ եմ Աստծուց, որ աշխարհն այսքան անբնութագրելի հիասքանչ է արարել, որ ինձ առողջություն է տվել` շնորհակալ եմ: Ես հպարտորեն գնահատում եմ, գնահատում եմ ամեն-ինչ:

Աստված մեզ տվել է կյանք ու ամեն-ինչ այն վայելելու համար: Նա չի խնայել ոչինչ մեզ համար: Ես շնորհակալ եմ նրան, որ օգնեց ինձ հասկանալ այս ամենը: Գիտեք ես առիթը բաց չեմ թողնում, որպեսզի նրան շնորհակալություն հայտնեմ այն ամենի համար ինչ ունեմ, ինչ զգում եմ…

Հավատացնում եմ Ձեզ, երբ սկսեք ապրել` արթնանլով արևածագի հետ, ժպտալով տիեզերքին, խաղալով`կենդանիների, երեխաների հետ, սիրելով նրանց, ովքեր շրջապատում են Ձեզ, նույնիսկ ժամանակ չեք ունենա հիշելու տարիների հետ կուտակված վերքերը, Ձեր սխալները, ու չեք էլ հիշի… Պարզապես ժամանակ չի լինի… Կատարյալ դարձրեք Ձեր կյանքը, խելացի եղեք: Հիշեք, որ բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումությունից:

Ծիծաղեք և աշխարհը Ձեզ հետ միասին կծիծաղի...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2400 | 4 | 0
Facebook