Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Անգիր արած ճանապարհ… Դեպի Բրիոնի…

23:46, Суббота, 01 Декабря, 2012 года
Անգիր արած ճանապարհ… Դեպի Բրիոնի…

Ողջույն սիրելիս, ողջույն անծանոթ: Գիտես դու ինձ համար դարձել ես իմ ճանաչած բոլոր անծանոթներից ամենահարազատը: Թվում է թե քեզ միշտ ճանաչել եմ, թվում է քեզ հետ մի ամբողջ կյանք եմ ապրել:

Ցավում եմ, որ դու իմ գոյության մասին չգիտես… Ես էլ քո մասին շատ բան չգիտեմ: Անունդ, ազգանունդ…

Քեզ հանդիպել եմ տարիներ առաջ: Պարզապես ինձ բախտ էր վիճակվել` ինստիտուտ տանող ճանապարհին` անցնել նորակառույց Բրիոնի խանութ սրահի կողքով: Այդ օրը ինձ վիճակվել էր քեզ հանդիպել… Ինձ վիճակվել էր հրապուրվել քեզանով, սիրահարվել քեզ…

Դու նման էիր այն տղամարդուն, ում կերտել էի իմ մեջ, իմ երազներում: Դու հիանալի էիր` հիանալի քո կերպարի մեջ: Բարձրահասակ, թիկնեղ, սևահեր: Ինձ երբևիցե հանդիպած ամենաբարձրաճաշակ տղամարդն էիր: Փայլում էիր քեզ շրջապատող անփառ ու անգույն մարդկանց մեջ: Ապշեցրել էիր ինձ…

Ու հաջորդ օրերին ճանապարհս տանից դեպի ինստիտուտ ու հակառակը փոքր ինչ երկարեցրեցի: Ամենօր անցնում էի Բրիոնիի մոտով, տեսնում էի քեզ, սիրահարված աչքերով նայում ու ուրախությունից թռչկոտելով մի կերպ հասնում ինստիտուտ: Լինում էին պահեր, որ ինձ էիր նայում` խորթ-խորթ էիր նայում, բայց դա էլ էր ինձ դուր գալիս… Ես բավարարվում էի ընդամենը աչքերդ տեսնելով, տեսնելով ինչպես ես ժպտում… Խելագարվում էի հաղթանդամ քայլքիդ համար… Իդեալական շարժուձև ունեիր…

Ինձ թվում էր, որ շատ լուրջ, համեստ ու հեզաբարո տղամարդ ես… հայացքդ այդ էր ասում:

Անունդ Բրիոնի էի կնքել ու քեզ ընկերներիս մոտ այդպես էի կոչում:

Իմ Բրիոնի… Վերջերս քեզ համացանցում գտա, իմացա անունդ, ազգանունդ… Մեկ քայլ առաջ գնացի` մեկ քայլ դեպի քեզ, մեկ քայլ դեպի անհայտություն, քայլ դեպի իմ ստեղծած առեղծված:

…Հիմա զգում եմ, գիտեմ, որ այս ամենը զուտ պատրանք է, իրական` անիրականություն, բայց այնուամենայնիվ շարունակում եմ ապրել քեզ հետ, լինել քեզ հետ, շարունակում եմ ամեն-օր գալ դեպի քեզ, գալ դեպի Բրիոնի… Ուղղակի ես անգիր եմ արել բոլոր ճանապարհները որոնք տանում են դեպի Բրիոնի…

…Եվ այսքանով սահմանափակվում է սերս… Իսկ ես պարզապես ավելին չեմ ուզում: Գուցե վախենում եմ, որ արտաքնիդ նման ներաշխարհդ հարուստ չի լինի, վախենում եմ` քեզ ճանաչելով քեզ կորցնել, կորցնել այն երանելի մելանխոլիան, որ հիմա ապրում է իմ մեջ: Ուղղակի սահմանափակվում եմ այսքանով, սահմանափակվում` թաքուն քեզ սիրելով…

…Իմ սիրելի, իմ Բրիոնի, ես ուղղակի սիրում եմ քեզ… կամ ուղղակի սիրում եմ քեզ սիրել…


    

Սիրով Ալեքսանդրա.

01.12.12թ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2849 | 0 | 0
Facebook