Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՍԳՈ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՆՃՌՈՏ ԸՆԹԱՑՔԸ

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
14:04, Четверг, 23 Апреля, 2015 года
ՍԳՈ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՆՃՌՈՏ ԸՆԹԱՑՔԸ

Երանի մեր օրացույցում չառանձնացվեր ապրիլի 24-ը: Իրողություն չլինեին 1895-ի, 1904-ի, 1-ին աշխարհամարտի ահասարսուռ տարիները, Արևելյան Հայաստանի, Բաքվի, Շուշվա ու էլի ուրիշ մեծ ու փոքր բնակավայրերի կոտորածները, հիշողության ներկապնակում սոսկ պայծառ գույներ լինեին, մտքի դաշտը փառաց հունդերով սերմված լիներ, Կոմիտասի, Վարուժանի, Սիամանթոյի, բազում այլոց անունները միայն խինդ բերեին հոգուն, քարտեզին, կորսված տեղավայրերին նայելիս չկսկծար սիրտը… Ապրիլի 24-ը լիներ այնպիսին, ինչպիսին այս արևի տակ ապրող բոլոր-բոլոր ժողովուրդների, ազգերի համար է` սովորական, հերթական, կորուստ չմարմնավորող…

25-ը մարտի, 1920: Վաղարշապատի միջնակարգ դպրոցի տեսուչ, գրող Վրթանես Փափազյանը նախքան դասերն սկսվելը հասցրել էր մտնել Մայր տաճար և 1-ին իսկ հանդիպած վանականին խնդրել Վեհափառին փոխանցել երկթերթ նամակը, որ գրել էր այդ գիշեր: Նույն բովանդակությամբ 2 ծրարած գրություն էլ գրպանում ուներ, որոնք փոստատան բացվելուն պես պիտի հանձներ ծառայողներին` ճամփելու Երևան, հասցեագրված մեկը` Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, մյուսը` հանրային կրթության ու արվեստի նախարարին: Գրողը հայոց հայրապետին և հանրապետության օրենսդիր, գործադիր մարմիններին հիշեցնելով երիտթուրքերի իրագործած «դիվային ծրագիրը»` «լայնատարած ոճիրների մեջ» առանձնացնում էր 1915 թվականի ապրիլի 11-ի համատարած ձերբակալությունները /խոսքը հին տոմարի մասին է/: Հետևում է առաջարկ` խորհրդանշանակ այդ օրը սգո օր հայտարարելու մասին` «ի հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որ ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին թուրքական վայրագ սրից»: Քանի որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ը համընկնում էր ս. Զատկին, կաթողիկոս Գևորգ 5-ին մինչևիսկ խորհուրդ էր տալիս այն նշել 12-ին` Մեռելոցի օրը: Խորհրդարանին առաջարկվում էր համապատասխան օրինագծի ընդունումով Համազգային սգի օրը «Կանգ առնել տալ ամեն հաստատություն իր գործունեության մեջ, փակել բոլոր խանութները և կազմակերպել ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատություններում` սգահանդեսներ, որ մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է վայելում այժմյան ազատությունը»: Կաթողիկոսական դիվանը դիմումի հաջորդ իսկ օրը շրջաբերականով վիճակային փոխանորդներին և գործակալներին հանձնարարեց ապրիլ 12-ի երկուշաբթի հոգեհանգստի պատարագ մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Սգահանդեսներ կազմակերպվեցին կրթական հաստատություններում, այդ թվում և Վաղարշապատի այն դպրոցում, որի տեսուչն էր Վրթանես Փափազյանը` խոնարհ, ազնվախոհ հայ մտավորական, ով առաջինը բարձրացրեց խնդիրը, ում առաջարկով նոր տոմարով ապրիլի 25-ին հայրենի պետությունն ու եկեղեցին սգացին Մեծ Եղեռնում զոհվածների կորուստը:
     31-ը օգոստոսի, 1926: Երկրի խորհրդայնացումից հետո բոլշևիկները լռության պատ կառուցեցին թեմայի վրա. արգելվում էր ոչ միայն կոտորածների մասին գրել-հիշատակելը, այլև «բարեկամ» Թուրքիային խեթ նայելը, նրա հասցեին թթու խոսք ասելը: Հայոց հոգևոր դասը, չնայած բռնությանն ու արգելքներին, ամեն ապրիլի 24-ի Մայր տաճարում ու դեռևս չգոցված եկեղեցիներում, ի հիշատակ զոհերի, պատարագ էր մատուցում, ղողանջում էին զանգերը, բայց… 1926-ի օգոստոսի 31-ին ՀԿԿ Կենտկոմը Արամայիս Երզնկյանին հանձնարարեց «բանակցել» կաթողիկոսի հետ` ապրիլի 24-ն Էջմիածնում այդուհետ չնշելու, զանգեր չհնչեցնելու և պատարագ չմատուցելու «անհրաժեշտության» մասին: Գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի պատկերավոր բնութագրմամբ` մեզ զրկեցին անգամ «տխրելու իրավունքից»: Իրավունք, որը պետք է նվաճվեր, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ էր կամք, որն ամբողջատիրական համակարգը փշրել էր, տևական պայքարի կարիք կար, ինչի ուժը խորհրդային արգելափակոցում ուժատ հայությունը չուներ: Ճիշտ է, 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո կուսկենտկոմի 1-ին քարտուղար Գրիգոր Հարությունյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի` «ժողովուրդների հորը» հասցեագրած պաշտոնական գրություններում խոսք կար Եղեռնի, 1915-ի ողբերգական իրադարձությունների մասին, բայց դրանք վերևից թելադրված էին, ուստի և քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված` նույն վերևի պարտադրանքով մոռացվեցին, և միայն Արդվինում ծնված, Ռուսաստանում մեծացած Յակով Զարոբյանի Հայաստան գալուց հետո սառույցը կոտրվեց:
     13-ը դեկտեմբերի, 1964: Վճռական քայլը կատարվեց այդ օրը. հանրապետության 1-ին դեմքը պաշտոնապես դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին և, ներկայացնելով 1915թ-ին Թուրքիայում հայերի հանդեպ գործադրված ոճրագործությունը, թույլտվություն խնդրում` Եղեռնի 50-րդ տարելիցը Խորհրդային Հայաստանում նշելու, մամուլում և ռադիոյով նյութեր հրապարակելու, Երևանում նահատակներին նվիրված հուշկոթող կանգնեցնելու: Միջոցառումների անցկացումը, հավաստիացնում էր Զարոբյանը, կստիպի լռել սփյուռքահայ հետադեմ ուժերին: Դիվանագիտական կողմը լիովին ապահովելու միտումով հավելվում էր. «Ողջ աշխատանքը պետք է իրականացվի այնպես, որպեսզի բացասաբար չազդի հարևան երկրների, մասնավորաբար Թուրքիայի հետ ԽՍՀՄ փոխհարաբերությունների բարելավման քաղաքականության վրա և հետապնդի ժողովուրդների պատմության մեջ համանման ողբերգություն այլևս չկրկնելու նպատակ»: Գրության հիմքում պատմաբաններ Ծատուր Աղայանի, Հովհաննես Ինճիկյանի, Ջոն Կիրակոսյանի 1964թ. հուլիսի 16-ի համատեղ նամակն էր ՀԿԿ Կենտկոմի նախագահությանը, ինչը վկայում է գործընթացի համակարգված լինելու մասին: Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակից, բանասիրության դոկտոր Վարագ Առաքելյանը «Ճակատագրի խաչմերուկներում» հուշագրքում ներկայացնում է իր և Զարոբյանի զրույցը կուսկենտկոմում, որ եղել է երկրի 1-ին դեմքի ցանկությամբ` ապրիլյան իրադարձություններից առաջ: Չնայած 3-րդ ականջի ներկայությանը /հանդիպմանը մասնակցել է Երքաղկոմի 2-րդ քարտուղար Լյուդվիգ Ղարիբջանյանը/, Զարոբյանը, այլախոհի առաջ «բացվելով», դարակից հանել է եղեռնի տեսարաններ պատկերող լուսանկարների մի կապուկ և ասել, որ դրանք ցույց է տվել միութենական ղեկավարներին: Պարզվել է, բոլորը` մինչևիսկ Անդրեյ Գրոմիկոն` արտգործնախարարն անտեղյակ են եղել թուրքական ոճրագործությանը: Կատարվածի մեջ հավաստիանալու համար անմիջապես կանչել են թրքագիտությամբ զբաղվող ակադեմիկոս Մինցին, որը ոչ միայն հաստատել, այլև ավելացրել է իր գիտցածը: Պիտի կարծել, միջադեպը եղել է համամիութենական կուսկենտկոմի կազմած հանձնաժողովի 1-ին նիստում` մասնակցությամբ Սուսլովի, Պոդգոռնու, Գրոմիկոյի և այլոց: Երկարատև ուսումնասիրությունից, քննարկումներից հետո Մոսկվան թույլատրվում է նշել տարելիցը՝ «ցեղասպանության քաղաքականության դատապարտման, կուսակցության գլխավոր գծի լայն քարոզչության նշանի ներքո»:
     30-ը օգոստոսի, 1964: Գործընթացից անմասն չէր հայոց եկեղեցին: Վազգեն 1-ին կաթողիկոսը կոնդակով 1965 թվականը հռչակում է «ազգային սուգի և աղոթքի տարի», սեպտեմբերի 24-ին գրությամբ դիմում քույր եկեղեցիների հոգևոր պետերին, եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին` աղոթք հնչեցնելու «2 միլիոն նահատակ քրիստոնյա հայերի հոգիների խաղաղության համար»: Կոնդակում, որ տեղ է գտել «Էջմիածին» հանդեսի 1964-ի թիվ 8-9 միացյալ համարում, կա հրահանգ. «Բոլոր հայ եկեղեցական համայնքներուն և գաղութներուն մեջ անխտիր բոլոր հայկական միությանց համերաշխ գործակցությամբ կազմակերպվին համազգային հուշի և հարգանքի հանդիսավոր հավաքույթներ, իրենց սեպուհ պարտքը համարեն խոսքով ու գործով ոգեկոչելու նվիրական հիշատակը մեծ եղեռնի տարիներին մարտիրոսացած հայ ժողովուրդին»:
     13-ը մարտի, 1965: Հոբելյանական տարին Հայաստանի կուսկենտկոմը սկսվում կարևոր որոշումների ընդունմամբ: Արձանագրություններին առկա «Հույժ գաղտնի» գրառումը փաստում է, որ վերնախավն ընտրել էր անաղմուկ գործելակերպը: Ամենաէականը, թերևս, տարելիցի նախապատրաստությանը միտված 15 կետանոց որոշման ընդունումն էր, համաձայն որի էլ պիտի կազմակերպվեին միջոցառումները. ապրիլի 20-ին` Գիտությունների Ակադեմիայում, 23-ին` գրողների միությունում, 24-ին` պետօպերայի մեծ դահլիճում: Հայաստանի կոմկուսը հաշվի չէր առել մի բան, որ կա նաև ժողովուրդ, ում ազգերի դարավոր բարեկամության ու ինտերնացիոնալ կապերի մասին զեկույցներով, Խորհրդային Հայաստանի նվաճումների մասին ցուցահանդեսներով, օրաթերթերում երբեմն-երբեմն եղեռնին զոհ գնացած գրողների մասին հրապարակումներով, ծառատունկով, հրավիրովի ժողովով, գիտական նստաշրջանով չես գոհացնի: «Պրավդա» օրաթերթում ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր Ուշակովի «Գենոցիդը ամենածանր հանցագործությունն է մարդկության հանդեպ» ծավալուն հոդվածում ընդամենը 5 տողանոց փոքրիկ պարբերություն էր հատկացված հայոց եղեռնին, որը տպագրվել է ոչ թե ապրիլի 24-ի, այլ հաջորդ օրվա համարում: Ընթերցենք մեզ վերաբերող հատվածը. «Հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը բնաջնջեց մոտավորապես մեկուկես միլիոն հայ: Սկզբում գաղտնի և ուխտադրուժ ոչնչացվեցին հայ մտավորականությունը և տղամարդ բնակչությունը: Ապա կոտորածի ոգեշնչողներն անցան կանանց և երեխաների մեթոդիկ ոչնչացմանը: Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան փախչել օտար երկրներ: Շատերը զոհվեցին` փորձելով փրկվել կատաղի հետապնդումներից»: Մնացյալում խոսք էր գնում հրեական Հոլոքոստի, Հարավ-աֆրիկյան հանրապետությունում, Անգոլայում, Մոզամբիկում ու այլուր առկա ռասսայական խտրականության մասին, դատապարտվում Ամերիկյան սևամորթների նկատմամբ քաղաքականությունը, փառաբանվում ԽՍՀՄ-ն ու նրա կազմում ծաղկող սոցիալիստական Հայաստանը: Բնական է, նույն ոգով պիտի շարադրված լինեին հանրապետական մամուլի հրապարակումները, հեռուստա-ռադիո հաղորդումները, կարդացվող զեկույցները: «Վերածնված հայ ժողովուրդը» թեմայով էր, օրինակ, «Երևան քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը», որը գումարվեց օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում և անվարտ մնաց դահլիճ խուժած ցուցարարների պատճառով, ինչը տեղի չէր ունենա, եթե զգուշավոր, վախվորած չլինեին իշխանություններն ու, վերջին շրջանում շրջանառվող լուրերից անհանգստացած, չանջրպետվեին ժողովրդից:
     24-ը ապրիլի, 1965: Խորհրդային Հայաստանում Եղեռնի 50-րդ տարելիցն 1-ին անգամ նշվեց, մեկը` դահլիճում, հատուկ հրավիրյալների մասնակցությամբ, մյուսը` փողոցում, մեկը` խիստ կազմակերպված, գերհագեցած կուսակցական դիրքերից ելնող ելույթներով, մյուսը` խորքում կուտակվածի պոռթկումով: Ժողովրդին, իհարկե, լուրեր հասել էին, որ Մոսկվայից թույլտվություն կա տարելիցը նշելու, և հանրության ակտիվ մասը մասամբ պատրաստվել էր: Առավոտ վաղ Լենինի` ներկայիս Հանրապետության հրապարակ է հավաքվում մի քանի հազար մարդ: Սկսվում է ինքնաբուխ հանրահավաք` առանց բարձրախոսի: Մարդիկ ավելորդ խոսակցությունների, բռնությունների տեղիք չտալու համար ունկնդիրներին տեսանելի դառնալու նպատակով անգամ չեն բարձրացել արձանի պատվանդանին: Հռետորներին ողջ ելույթի ընթացքում պահել են ձեռքերի վրա: Բնական է, խոսողի ձայնը լսելի է եղել միայն մոտերքում գտնվողներին: Ոստիկանները չեն միջամտել: Կուտակ բազմությանը հանգստացնելու, հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով հրապարակ են աճապարել նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղար Բադալ Մուրադյանը, ԳԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը, Գրողների միության նախագահ էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը: Նրանք խոսել են Լենինի հուշարձանի պատվանդանից: Ընդհանուր առմամբ ելույթները լսվել են ուշադրությամբ, բայց քանի որ դրանք ավարտվել են ստեղծագործ աշխատանքի անցնելու ընդհանուր կոչով, ոչ ոք չի հեռացել: Ավելին, Բադալ Մուրադյանի աննրբանկատ խոսքից հետո` թե ով գործ չունի, թող թողնի հրապարակը, մարդիկ բորբոքվել են: Քոչինյանին է փոխանցվել ԽՄԿԿ կենտկոմին հասցեագրված նամակ, որը վերաբերում էր նախորդ տարվա օգոստոսին դատապարտված 7 քաղբանտարկյալներին /Մերուժան Հովհաննիսյան, Խաչատուր Ամիրջանյան, Վիգեն Բաբայան, Խաչիկ Սաֆարյան, Գրիգոր Եղիյան, Կարապետ Քիրամիջյան, Էդվարդ Կակոսյան/ ազատ արձակելուն: Պաշտոնյաների հեռանալուց հետո հավաքվածները, որոնց թիվը ականատեսներից Մկրտիչ Արմենի վկայությամբ, ամենահամեստ հաշվարկով 30-40 հազար էր, ելնում է երթի: Ցուցարարներին առաջնորդել են Վարագ Առաքելյանը, Արման Կոթիկյանը, Խաժակ Նավոյանը… Տանում էին «Արդար լուծեք հայոց հարցը», «Ազատություն 7 հայրենասերներին», «Ազնիվ հայեր, միացեք մեզ» եւ այլ ցուցաապաստառներ: Երթուղին այսպիսին է եղել. Ամիրյան փողոցով Լենինի` ներկայիս Մաշտոցի պողոտա: Մատենադարանի մոտից թեքվել են Տերյան, միանալու կոչով, «ամոթ» վանկարկումով դիմել պոլիտեխնիկականի ուսանողությանը, կտրելով այգին` ելել Աբովյան փողոց, իջել պետհամալսարան և, ճանապարհին շարունակաբար ստվարանալով, ուղղվել Կոմիտասի այգի` պանթեոն, որտեղ արդեն մարդկային հսկա կուտակում կար: Ցուցարարների ճնշող մասը շարունակել է ճանապարհը դեպի քաղաքի արվարձանները` շարքերը ներառելու բանվորությանը, իսկ կազմակերպիչները դժվարությամբ առաջանալով, քանզի անգամ ծառերն են բեռնավորված եղել մարդկանցով, հասել են Կոմիտասի հուշարձանին: Միտինգը բացել է Վարագ Առաքելյանը, ում առաջարկով բազմահազար ժողովուրդը մի մարդու պես ծնկել է` ի հարգանս միլիոնավոր նահատակների: Վարագից հետո ելույթ են ունենում Արման Կոթիկյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը… Այնուհետ երիտասարդներն իրենց առաջնորդին պարուրում են դրոշակով: Վարագ Առաքելյանն է հետո գրում. «Սիրտս կանգ էր առել, ես ապրեցի ամենաերջանիկ պահը, որ երբևիցե որևէ մահկանացու տեսել ու ապրել է: Այդպիսի գերերջանիկ վայրկյաններ կարող է լինել միայն ազատության արշալույսին»: Հսկայաքանակ ժողովուրդը (նրանց միացել էին դասադուլավոր ուսանողության նոր խմբեր, գործարանային թաղամասերից տասնյակ հազարավոր բանվորներ) «հողերը, տվեք հայոց հողերը» վանկարկումով շարժվում է պետօպերա, որտեղ ժամը 19-ին սկսվել և ընթանում էր պաշտոնական միջոցառումը` մասնակցությամբ կուսակցական 1-ին դեմքերի, հրավիրյալների, Վազգեն 1-ին վեհափառի և հեռարձակվում հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Քաղվածքը «Հեղնար աղբյուրի» հեղինակի կուսկենտկոմին ներկայացրած զեկուցագրից է` «Ժողովրդական ցույցի շարքային մասնակից և ականատես Մկրտիչ Արմեն» ձևակերպմամբ. «Դա ավելի հանդիսավոր էր, քան սգավոր: Չեմ ասում, թե պետք էր վերածել լացի ու կոծի երեկոյի, բայց ոչ մի տեղ գրված չէր ոչ «50», ոչ էլ «1915» … Ծափերը հաջորդում էին ծափերին. կարծես քեֆի ու ուրախության երեկույթ էր հրավիրված: Ընդ որում, դահլիճի մի կողմում զզվելի ափաշկարայությամբ նստեցված էին «ծափեր սկսողները», որոնք ծափահարում էին հանրահայտ տեղերում, իսկ մի շարք կարևոր պահերի լռում, որ հանկարծ մի բան դուրս չգա»: Գուցե իրավիճակը չսրվեր, եթե, ինչպես հանրապետության գլխավոր հրապարակում ժողովվածների առջև, ելույթ ունենային հեղինակություն վայելող դեմքերը: Ամեն բան սկսվում է նրանից, որ գրավոր պահանջների պատասխանն ստանալու համար մի քանիսը, պատռելով ոստիականական շղթան, մտնում է ներս, որոնց ծեծել են սկսում կարգի պահապանները: Լուրը հասնում հավաքվածներին. օդում քարեր են հայտնվում, փշրվում դռների ապակիները, մարդիկ բացվածքներից մղվում են ներս, ոստիկանությունը գործի է դնում շենքի հրշիջող փողրակները: Հարյուրից ավելի թրջված մարդ մուտք է գործում դահլիճ, տեղ գրավում ետնաշարքերի ազատ նստատեղերին: Հանդիսության 2-րդ` մշակութային մասը ձախողվում է: Նագուշ Հարությունյանի և Վիկտոր Համբարձումյանի ելույթներից հետո ամբիոնը լքած պաշտոնյաների կարգադրությամբ իջնում է բեմը դահլիճից բաժանող վարագույրը` առավել անհնար դարձնելով ժողովուրդ-իշխանություն մերձեցումը: Միակը, ում հաջողվում է հարկավոր խոսքեր գտնել, մասամբ հանդարտեցնել գրգռված մարդկանց, լինում է ամենայն հայոց հայրապետը, որը առավոտյան Մայրավանքում հազարավոր հավատացյալների և 150 ուխտավորների ներկայությամբ, մասնակցությամբ հոգևոր դասի, պատարագ էր մատուցել, կատարել հոգեհանգստյան պաշտոն, ժամը 2-ին մասնակցել Տաճարի հյուսիսային կողմում Նահատակաց հիշատակին կառուցվելիք հուշարձանի հիմնարկեքին և շքախմբով եկել Երևան` ներկա լինելու հանդիսությանը: Իսկ մյուսնե՞րը… Ականատեսներից Ստեփան Վարդանյանի «Գրիգոր Հարությունյանից մինչև Կարեն Դեմիրճյան» գրքում կարդում ենք. «Առաջին անգամ լինելով` իրադարձությունների նման զարգացումը հանկարծակիի էր բերել հանրապետության բազմափորձ ղեկավարներին: Առկա էր, չէի ասի խուճապային, այնուամենայնիվ, դրան հիշեցնող ինչ-որ բան»: Նախագահության անդամները տեղափոխվում են օպերայի տնօրենի աշխատասենյակ: Դրսից շպրտվող քարից գլխին ստացած հարվածից ուշաթափվում է «Երեկոյան Երևանի» խմբագիր Վրույր Սարգսյանը: Արվում են բանակի միջամտության մասին առաջարկներ: Զարոբյանն ու Քոչինյանն սկզբում լսողի դերում էին: Միջամտում է Զարոբյանը, ասելով, թե կտրուկ դեմ է բանակի օգնությանը դիմելուն, տաք գլխով նման որոշումներ չեն ընդունում: Ապա դիմում է հայաստանյան զորամիավորման հրամանատար Դրագունսկուն, ով ի պաշտոնե Կենտկոմի անդամ էր` ստանալու նրա կարծիքը: «Կայազորը փողոց դուրս բերելու հրաման կարող եմ տալ միայն ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի ցուցումով», -հնչում է անկեղծ պատասխանը: Հարցն այդ կերպ օրակարգից հանվում է: Իսկ ցույցը դուրս էր եկել վերահսկողությունից, ուղեկցվել կարգի խանգարումով, ինչը խորհրդային տարիներին հղի էր սոսկալի հետևանքներով: Բարեբախտություն էր, որ 1-ին դեմքը Յակով Զարոբյանն էր` լայնախոհ, շրջահայաց քաղաքական, պետական գործիչ, խուճապի չմատնվող ու ոչ մորթապաշտ:
     27-ը ապրիլի, 1965: Հիմնականում համարձակ, մտավորականին հարիր են իրենց պահում նաև հայ գրողները, ինչը երևում է նրանց` ապրիլի 27-ի կուսկազմակերպության դռնբաց ժողովի արձանագրությունից և ընդունած բանաձևից: Գոհանանք թռուցիկ քաղվածքներով: Սաղաթել Գարությունյան. «Չի կարելի կողքից նայել և չդատապարտել գողերին, խուլիգաններին և մեր կուլտուրայի վրա քար նետողներին, բայց…ինչո՞ւ օպերայից ներս մտնողներին միլիցիան ուզում էր հոշոտել: Ո՞վ էր նրանց թելադրել»: Բաղիշ Հովսեփյան. «Մի՞թե դժվար էր պետական դրոշին, որպես սգո նշան, մի սև երիզ անցկացնել. դրանից ոչ կոմունիստական շարժումը կտուժեր, ոչ սոցիալիզմի կառուցումը և ոչ էլ մեր ողջախոհությունը»: Համո Սահյան. «Հաջորդ օրը տեսա, թե ինչպես կենտկոմի պատասխանատու աշխատող Կիմ Պողոսյանը, ում մայրն այստեղ է, իմ և շատերի ներկայությամբ կարգադրում էր միլիցիային` ловить и бить: Սա ստոր բռնություն էր, դաժան արարք. бейте, - գոռում էր նա` Կոմիտասի նկարը կրծքներին դրած լինելու համար, կարծես խուլիգաններ էին նրանք»: Հանրահավաքին, երթերին, որքան էլ տարօրինակ է, չի մասնակցել, գրողների կուսակցական ժողովին ներկա չի եղել Հովհաննես Շիրազը: Թե ինչու, մասամբ կարելի է տեղեկանալ գրչակից ընկերոջ ելույթից, ինչի հավաստիությունը թողնվում է ընթերցողի հայեցողությանը: Սերո Խանզադյան. «Ով, որտեղ, ինչպես է տարածել, թե, իբր, Շիրազին կալանքի տակ են պահել մեզ մոտ` գրողների միությունում, և տղաները եկել էին ազատելու: Հենց ինքը` Շիրազն է տարածել. երեկ մենք տեսանք նրան և հարցրինք` որտե՞ղ էիր, պատասխանեց` կալանքի տակ: Ես թուք ու մուր տվի և ասացի, որ ստում է, պապանձվեց»: Ցույցին, ինչպես և կուսկազմակերպության ժողովին չի մասնակցել նաև ավագագույն գրող Հրաչյա Քոչարը, ում հոդվածը, սակայն, լույս տեսավ «Սովետական Հայաստանի» ապրիլի 24-ի համարում, իսկ նա մեռավ մի քանի օր անց` մայիսի 2-ին Լուսակերտի ամառանոցում:
     28-ը ապրիլի, 1965: Տեղի ունեցածը, բնական է, մանրամասն քննարկման նյութ պիտի դառնար նաև կոմկուսի Կենտկոմում: Նախագահությունը նիստ է հրավիրում: Յակով Զարոբյանի զեկույցը հակիրճ տեղեկանք էր իրադարձությունների ընթացքի մասին, վերլուծություն` կուսակցական մեկնակետից, այդու` հետաքրքրական փաստեր պարունակող: Օրինակ, Միութենական մարմիններին հասցեագրված նամակում խնդրանք-պահանջ կար «Հայկական ԽՍՀ-ին հանձնել Ղարաբաղը, Նախիջևանը և Խորհրդային Միության տարածքում հայերով բնակեցված պատմականորեն հայկական հողերը, արագացնել հայրենադարձությունը` նրանց բնակեցնելով Նախիջևանում, քանզի Հայաստանում բնակչության խտությունը հասել է ճգնաժամային մակարդակի»: Բազմաթիվ ելույթներից հետո ընդունվում է որոշում, որի 9-ը կետերից ընթերցենք միայն 8-րդի մի պարբերությունը. «Պարտավորեցնել հասարակական կարգի պահպանության նախարարությանը, հանրապետության դատախազությանը, նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ին անցկացնել ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների փաստերի հանգամանալից հետաքննություն, պատասխաատվության ենթարկելու համար բացահայտել հիմնական սկսողներին և մեղավորներին»:
     29-ը ապրիլի, 1965: Շատ ավելի բուռն, բորբոք, շիկացած մթնոլորտում է ընթացել ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որը տևել է 2 օր: Միայն տարիներ անց, շնորհիվ պատմագիտության թեկնածու Ավագ Հարությունյանի կազմած «Հայոց ցեղասպանության 50-ամյակը և Խորհրդային Հայաստանը» արժեքավոր գրքի, որը լույս է տեսել 2005 թվին և, ի շարս այլ վավերագրերի, պարունակում է այդ նիստի արձանագրությունը՝ «Հույժ գաղտնի» մակագրությամբ, տեղեկանում ենք այլ մանրամասների. որ ցուցարարներին համակրանքով են վերաբերվել ոստիկանները, կուսաշխատողների որոշ մասը: Դահլիճ խուժած անձանց ներկաներից ոմանք դիմավորել են ծափերով, պաշտոնական հանդիսությանը մասնակցել է 300 սփյուռքահայ, ժողովրդի շարքերում եղել են իշխանության ուղարկած «ակտիվիստներ», անվտանգության նկատառումներից ելնելով` ադրբեջանական դպրոցի մոտ ոստիկանական ուժեր են դրել, երթի կազմակերպիչները ոչ միայն ուսանողությանը դրդել են լքել լսարանները, այլև բանվորությանը մղել գործադուլի: Ընդսմին, եթե վստահելու լինենք Լենինյան կուսշրջկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Գալստյանին, «խաժամուժը իրենց շրջանում այդ օրը կրեց միակ պարտությունը»: Ելույթներում հնչել են կարգազանցներին խստիվ պատժելու կոչեր, ոմանք փորձել են կոնկրետ մեղավորներ տեսնել իշխանական մակարդակում: Տիրապետողը, բարեբախտաբար, եղել է կատարվածը չծայրահեղացնելու միտումը: Վերստին շեշտենք` բացախոսությունն արդյունք էր կենտկոմի 1-ին քարտուղար Յակով Զարոբյանի գրաված դիրքի, ինչը ցուցաբերեց թե նախորդ օրերին ու թե պլենումի ժամանակ: Մեջբերումը նրա եզրափակիչ խոսքից է. «Մենք վարչարարական միջոցներ չկիրառեցինք: Իսկ ինչ-որ մեկը դեռ ցանկանում էր, նույնիսկ ճնշում, թե պետք է դիմել բանակի օգնությանը: Մենք չլսեցինք և չգնացինք այդ քայլին: Գտնում եմ, որ ճիշտ վարվեցինք` ցուցաբերելով զսպվածություն և սառնասրտություն»: Ընդհանուր առմամբ, նրա ողջամտության, ժողովրդավար կեցվածքի շնորհիվ կուսակցական վերնախավում տաքուկ անկյուն գտած գավառամիտ տականքներն առանձնակի ակտիվություն չցուցաբերեցին, և ՀԿԿ կենտկոմի 1965-ի ապրիլի 29-ի պլենումն ուղղակի հաստատեց նախագահության ընդունածը, ինչը, ըստ էության, ձևական բնույթ ուներ, իսկ 24-ի երեկոյան ու հաջորդ օրը ձերբակալված կարգազանցներն ազատ արձակվեցին: Անկարգություններն ամենևին չի դատապարտել վեհափառը, ում դահլիճ խուժածներից ոմանք «կոմունիստ» էին որակել` պահանջելով լռել: Նա, նույն Վարագ Առաքելյանի վկայությամբ, ցնծում էր ժողովրդի զարթոնքով: Հարցին, թե ինչպես է նայում ապակիները փշրտելու երևույթին, պատասխանել է. «Դատարկ բան է, այդպիսի ցույցերի ժամանակ մինչևիսկ զոհեր են լինում և ավերածություններ»: Կաթողիկոսը նախանձախնդիր էր Մայր Տաճարին մերձ հուշակոթողի կառուցումն օր առաջ ավարտելու հարցում. այն բացվեց նույն տարվա հոկտեմբերի 31-ին: Ազգային հարցերում Յակով Զարոբյանի որդեգրած քաղաքական գիծը որոշները չէին կարող ներել. հետևեցին ապրիլքսանչորսյան դեպքերը, այդ առթիվ ապրիլի 29-ին Կենտկոմի պլենումի ընդունած որոշումը պիտակավորող, անկարգություններն ուռչացնող հեռագրեր Մոսկվա: Ինչպես ասում են, լուն ուղտ դարձավ, ինչի հետևանքով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
     16-ը մարտի, 1965: Այսպես, թե այնպես Յակով Զարոբյան հայորդուն հաջողվեց կյանքի կոչել ՀԿԿ կենտկոմի մարտի 9-ի միջոցառումների ծրագրի 15 կետերից 14-ը, բացառյալ մեկի, որը վերաբերում էր զոհվածների հուշակոթողի կառուցմանը: Նախարարների խորհրդի կարգադրությամբ պետշինը մրցանակաբաշխության հայտարարությունը մամուլում հրապարակում է մարտի 25-ին: Պայմանները 4-ն էին. պետք է կառուցվեր Ծիծեռնակաբերդի բարձունքում, խորհրդանշեր հայ ժողովրդի վերապրելու կամքը` հանուն զոհվածների, շինանյութն ընտրում էր հեղինակը` նկատի առնելով կառույցի արժեքը` 250 հազար ռուբլի, մրցույթին կարող էին մասնակցել անհատներ, կոլեկտիվներ: Ներկայացված 78 նախագծից քննարկումներից հետո թողնվում է 8-ը: Մերժվածների թվում կային Հաղթանակի զբոսայգու դատարկ պատվանդանին զանգ տեղադրելու և ամեն ապրիլի 24-ի հնչեցնելու, կործանվող հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնող Լենինի ու այլ բովանդակությամբ նախագծեր: Հանձնաժողովի 2-րդ և 3-րդ նիստերից հետո մնում է 3 նախագիծ: 2 կողմ, 7 դեմ, 3 ձեռնպահով մերժվում է թիվ 52-ը: Նիստերից վերջինին, որը վճռորոշ է եղել, նախորդել է հանրապետության էին դեմքերի` Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան և Նագուշ Հարությունյան այցը: Վարազդատ Հարությունյանի հուշումից հետո կարգադրվում է ցույց տալ մերժվածը: Տրվում է բացատրություն, որ մրցույթից հանվածը պարզ ու հասկանալի լուծում ունի, խոնարհված քարերը խորհրդանշում են սուգը զոհվածների հիշատակին, վերասլաց կոթողը` վերածնունդ: Գաղափարը հասկանալի կլինի ամեն այցելուի, քանզի բացատրությունը տրված է ճարտարապետական լեզվով: Հանրապետության 1-ին այրերը, հավանություն տալով մերժված նախագծին, հեռանում են: Հանձնաժողովականները վերստին քվեարկման են դնում 3 նախագիծը: Նրանցից 7-ն այս անգամ հօգուտ մերժված նախագծի է ձայն տալիս՝ անելով դիտողություններ, որոնք պետք է հաշվի առնեին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Արթուր Թարխանյանը: Երքաղխորհրդին առաջարկվում էր նաև Ծիծեռնակաբերդում նախատեսված սպորտի պալատի շինարարության կապակցությամբ վերանայել Եղեռնի կոթողի գտնվելու վայրի հարցը: Տեղի առումով փոփոխություն չի լինում, իսկ, այ, նախագծում, նախահաշվում, շինանանյութերում, կառուցման ժամկետներում` որքան ասես: 1965-ի նոյեմբերի 23-ին Պետշինի խորհրդակցությունում, օրինակ, էժանացնելու հիմնավորումով որոշվում է հրաժարվել ընդգետնյա կոմունիկացիներից, զբոսուղիների բազալտե սալիկներից: Վերջնական նախահաշիվը Երքաղխորհուրդը հաստատում է 1966-ի մայիսի 11-ին: 339, 3 հազար ռուբլին չի բավարարում, ուստի հավելվում է 68 հազար, իսկ շրջակայքի բարեկարգմանը և ավտոճանապարհի կառուցմանը, որոնք նախապես ծրագրում չկային` համապատասխանաբար 284, 9 և 92, 6 հազար ռուբլի:
     29-ը նոյեմբերի, 1967: Ոչ ավարտուն տեսքով հուշակոթողի բացումը թե ինչու հատկապես այդ օրը կայացավ, ինքնին պարզ է: Ապավինենք «Սովետական Հայաստան» թերթի հոկտեմբերի 30-ի պաշտոնական հաղորդագրությանը. «Հայ ժողովրդի վերածննդի օրը աշխատավորության հազարավոր ներկայացուցիչներ էին հավաքվել Ծիծեռնակաբերդի բարձունքում… Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը սոցիալիստական աշխատանքի հերոսներ ապարատավար Սուրեն Պետրոսյանը, կթվորուհի Աշխեն Ավետիսյանը, բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Դոլաբջյանը, Երքաղկոմի քարտուղար Բաբկեն Վարդանյանը, ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը և գրող Պարույր Սևակը հանձնում են Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Անտոն Քոչինյանին»: Կուսակցապետի պաշտոնում 1966 թ. փետրվարի 5-ին Յակով Զարոբյանին փոխարինած Քոչինյանի ճառը շատ չէր տարբերվում այլ առիթներով արտասանվող ելույթներից` ազգայնական կուսակցությունների ու իմպերիալիզմի փնովում, ռուս ժողովրդի ու հոկտեմբերյան հեղափոխության, սոցիալիստական կարգերի փառաբանում: Պատմական էքսկուրսից հետո երկրի առաջին այրը, ինչպես ասում են նման պարագայում, անցում է կատարում բուն նյութին` խոսքն ավարտելով սովետական ժողովուրդների երջանկության հզոր երաշխիք ու գրավական ԽՍՀՄ-ին ու իմաստուն արտաքին քաղաքականություն վարող կոմկուսին «կեցցե» շռայլելով: Օրվա իրադարձության լուսաբանումը թերի չթողնելու համար հիշատակենք մյուս ելույթ ունեցողներին ևս` «Քիմշին» տրեստի 7-րդ շինվարչության վարպետ Աբրահամյան, Արտաշատի Քաղցրաշենի կոլտնտեսության նախագահ Խուդավերդյան, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ Համբարձումյան: 14-ը ապրիլի 1975: Ճիշտ է, 1968-ից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտից մինչև ուշ գիշեր հայությունն անընդմեջ հոսքով գնում էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին, բայց միայն ցեղասպանության 60-րդ տարելիցի կապակցությամբ որոշման ընդունումից հետո հանրապետության ղեկավարությունը միացավ ժողովրդին և կուսակցության Կենտկոմի, Գերագույն խորհրդի նախագահության, մինիստրների խորհրդի անունից հուշարձանին ծաղկեպսակ դրվեց, ինչը դարձավ ավանդույթ: Այդ տարի 1-ին անգամ պետության բարձրագույն ղեկավար Կարեն Դեմիրճյանը հանդես եկավ հեռուստատեսային ելույթով, ռադոյով և հեռուստատեսությամբ հայտարարությունից հետո 19: 00-ին մեկ րոպե լռությամբ հարգվեց զոհերի հիշատակը, ինչը նույնպես համարձակ քայլ էր ու նոր ավանդույթի սկիզբ…:
     21-ը փետրվարի, 1985: ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն հերթական նիստն էր գումարել: Նախագահում էր Միխայիլ Գորբաչովը, ներկա էին Ալիևը, Վորոտնիկովը, Գրիշինը, Գրոմիկոն, Ռոմանովը, Սոլոմոնցևը, Տիխոնովը, Դեմիչևը, Դոլգիխը, Կուզնեցովը, Պոնոմարյովը, Չեբրիկովը, Զիմյանինը, Կապիտոնովը, Լիգաչովը, Ռիժկովը: Օրակարգի 6-րդ հարցին անցնելիս հրավիրվեց նաև Հայաստանի կուսկենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Նիստին նախորդել էր նրա նամակը Միութենական Կենտկոմ: Հակիրճ ծանոթացնելով հարցի պատմությանը` Գորբաչովը հավելում է, որ Կենտկոմում հանգամանալից քննարկումից հետո նպատակահարմար է գտնվել այն ներկայացնել Քաղբյուրոյին: Այնուհետ ձայնը տրվում է Կարեն Դեմիրճյանին, որը Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը և լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը հիմնավորում է արտասահմանում տարելիցի առթիվ սկսված գործընթացով, ինչը, իբր, հղի է հանրապետությունում իրավիճակը բարդացնելու վտանգով: Մթնոլոտը հնարավորինս ներկայացնելու համար գոհանանք մասնակի քաղվածքներով`
     Դեմիրճյան – Գտնում ենք, որ մեր առաջարկությունները կօգնեն աշխատանքի լավագույն կազմակերպմանը:
     Գրիշին, ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի 1-ին քարտուղար – Իրավիճակը հանրապետությունում վերևից չի՞ բարդացվում:
     Դեմիրճյան – Հայաստանի բնակչության բոլոր խավերը խորապես վերապրում են ցեղասպանությունը: Այդ թեման չի հեռանում հայ ժողովրդի ոչ ուղեղից և ոչ էլ սրտից: Ամեն անգամ փողոց է դուրս գալիս 250-270 հազար մարդ: Մենք ցանկանում ենք կառավարել գործընթացը:
     Բոբկով, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ – Մինչև 1965 թվականը խնդիրն այդպես սուր չէր դրված: Դուք հիշում եք, 5 հազարանոց ամբոխը ներխուժեց թատրոն և անկարգություններ սարքեց… Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջարկած լրացուցիչ միջոցառումները… հնարավորություն կտան նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը:
     Գրոմիկո, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար – Հայաստանի կենտկոմի գրության մեջ կա առաջարկություն միութենական մամուլում ցեղասպանության մասին հոդվածի տեղադրման վերաբերյալ: Ինձ թվում է, պետք չէ գործի դնել մեր ծանր հրետանին: Եթե թուրքերն իրենց տարածքում միջուկային հրթիռներ տեղադրեն` ուղղված Խորհրդային Միության դեմ, վտանգավոր կլինի:
     Զիմյանին, «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր – Ես ժամանակին հրապարակել եմ խմբագրական հոդվածներ այդ հարցի շուրջ: Դրանցում ցեղասպանությանը նվիրված էր ընդամենը մեկ պարբերություն: Այժմ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեզ ու Թուրքիային հանել իրար դեմ: Մենք դա թույլ տալ չենք կարող:
     Տիխոնով, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ – Հանրապետական հրամանագիրը խորհրդա-թուրքական հարաբերություններում լարվածություն կստեղծի և կամա թե ակամա կկապվի Մոսկվային: Թուրքիա այցի ժամանակ այդ երկրի նախագահը և վարչապետն ինձ 40 րոպե բողոքեցին Հայաստանում հակաթուրքական տրամադրությունների դեմ…
     Չեբրիկով, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ – Այն ամենը, ինչ անցկացվել է նախկինում, երևի պետք է պահպանել` թույլ չտալով բարդացում Թուրքիայի հետ: Մենք չենք կարող հեռանալ այն միջոցառումներից, որոնց ժողովուրդն արդեն վարժվել է:
     Գորբաչով, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար – Կարծում եմ, քննարկումը հարստացրեց այդ հարցի շուրջ մեր գիտելիքները: Ներկայացված առաջարկությունների մասին, բացի ընկեր Դեմիրճյանից դեռևս ոչ ոք չգիտի և պետք չէ, որ իմանա: Ամբողջության մեջ մեզ, երևի, հարկավոր չէ գնալ նոր միջոցառումների անցկացմանը:
     Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի առաջարկը մերժվեց: Ելույթներում համընդհանուր էր անտարբերությունն իրենց իսկ կողմից ամեն րոպե թմբկահարվող «եղբայր ժողովրդի» ցավի նկատմամբ, փոխարենն 1-ին պլանում քաղաքականությունն էր, գերհզոր տերության չհիմնավորված սարսափը հարավային հարևանից: Դեմիրճյանը շուտ հանձնվողներից չէր: 2-րդ փորձը նա կատարեց 2 տարի անց` դարձյալ նամակով և վերստին հասցեագրված ԽՄԿԿ Կենտկոմին: Առաջարկը նույնն էր. իրավունք տալ ԳԽ նախագահության հրամանագրով ապրիլի 24-ը հայտարարելու «Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: Հետաքրքիրն այս պարագայում Հայաստանում պահպանվող նամակի հակառակ երեսին երկրի գլխավոր դեմքի գրառումներն են. «Հարցը քննարկեցի Յակովլևի հետ: Պատմեցի խնդրի էությունը և նպատակները: Նա համաձայնեց ինձ հետ և առաջարկեց ներկայացնել համապատասխան գրություն»: Նույն օրը խնդրի շուրջ զրուցել է նաև Ռազումովսկու հետ, 2 օր անց` Լիգաչովի, որը ծանոթ էր հարցին, քանի որ 2 տարի առաջ մասնակցել էր Քաղբյուրոյի գաղտնի նիստին: Վերջինս, համաձայն գրառման, 2-3 օր ժամանակ է խնդրում մտածելու համար: Մարտի 24-ին կայացել է զրույց Դեմիրճյանի և Չեբրիկովի միջև: Հատկանշական է, որ պետանվտանգության գերատեսչությունը թե 1985-ին, թե 1987-ին կիսել է Կարեն Դեմիրճյանի մտահոգությունը և անհրաժեշտ համարել հռչակումը: 27-ին Դեմիրճյանը 3 հանդիպում է ունեցել. վերստին Յակովլևի, Շևարդնաձեի և Գորբաչովի հետ: Արտգործնախարարի պաշտոնում Գրոմիկոյին փոխարինած Շևարդնաձեն լիովին պաշտպանել է առաջարկը: Հարցի պաշտոնական ունկնդրում ինչ-ինչ պատճառով այդպես էլ չի կայացել:
     22-ը նոյեմբերի, 1988: Սկսվում է Արցախյան շարժումը, և Դեմիրճյանը թողնում է ասպարեզը: Նրան փոխարինած Սուրեն Հարությունյանը 1988-ի սեպտեմբերի 12-ին վերստին նույն խնդրով դիմում է Մոսկվա, բայց փլուզվող կայսրության ղեկավարներին հիմա այլ հարցեր էին մտահոգում: Ի վերջո ուշացումով, ժողովրդի ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1988-ի նոյեմբերի 22-ին ինքնուրույն վճիռ է կայացնում` ընդունելով ցեղասպանության դատապարտման մասին թիվ 10 օրենքը, որի 1-ին կետով ապրիլի 24-ը հայտարարվում է զոհերի հիշատակի օր, 2-րդով առաջարկ է ներկայացվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությանը` այն ճանաչելու և դատապարտելու մասին, 3-րդը հանձնարարական է Նախարարների խորհրդին` քննության առնելու ապրիլի 24-ը ոչ աշխատանքային հայտարարելու դրույթը: Սույն օրենքը Եղեռնի վերաբերյալ Հայաստանի օրենսդիր մարմնի ընդունած առաջին փաստաթուղթն է: Հայ ժողովուրդը դժվարությամբ, այդու նվաճեց իր անչափելի կորուստը սգալու իրավունքը: Հիմա պայքարն այլ դաշտում է:
     Հետգրություն. Վիլյամ Սարոյանը «Ֆրեզնո, Արաքս սրճարան» վերնագրով պատմվածք ունի, որը 12-ամյա մի տղեկի մասին է, ով «մեծաչք, բեղավոր, հավերժ բարկացած, անհանգիստ ու անբավական» իր հայրենակիցներով լեցուն սրճարանում լրագիր է վաճառում, որտեղ «նորություններ կան աշխարհի բոլոր երկրներից, իսկ, այ, Հայաստանի մասին համարյա երբեք չեն գրում»: Նա սիրում է այդ աղմկող մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը զինվոր է, որ զենք չունի, հայրենիք չունի և նույնիսկ իրական թշնամի չունի` իրենից բացի. «Ես չէի կարող մոռանալ այն, ինչ չէին կարողանում մոռանալ նրանք՝ «Արմենիան», մեր լեզվով՝ «Հայաստանը», «հայ» կոչվող ժողովրդի հողը, իմ երբեք չտեսած հեռավոր, լեռնային երկիրը: Ինչպես կարող եմ մոռանալ այդ երկիրը. միայն այն պատճառով, որ պատահաբար Ամերիկայու՞մ եմ ծնվել, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքու՞մ: Թող անիծյալ լինեմ, եթե մոռանամ, թող անիծյալ լինեմ, եթե երբևէ կարողանամ մոռանալ Հայաստանը»:
    
     Արամ Հովհաննիսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7590 | 1 | 0
Facebook