Loading...

Articles

Ճամփիս Գարունը

21:12, Thursday, 28 February, 2013
Ճամփիս Գարունը
     Նորից եկար գարուն...
    
Սակայն կարծես երկար սպասեցի քեզ, մինչև նշմարվեց քո թույլ ջերմությունից ձմռան սպիտակ ցրտի աստիճանական վերացումը:
Դու եկար ու քեզանով սկսվեց տարածվել ծաղկած ծառերի բույրը, բազմերանգ ու նուրբ թերթիկների բողբոջումները սկսեցին ժպտալ:
Եկար ու խինդով լցրեցիր շուրջբոլորս, վերադարձող թռչունների նորահյուս բներով ճռվողյուններով լցրեցիր երկինքս...
Դու եկար ու քո ուշացումով եղար ցանկալի. ողջունեցի քո գալուստն ուրախությամբ` փորձելով մոռանալ ձմռան սառն ու դատարկ շունչը, փորձեցի գուրգուրել ներկայությունդ, զգալ շնչառությունդ սրտիս զարկերի վրա, մտքիս թռիչքների հորիզոններում, փորձեցի առանց երկմտելու ցեխոտվել քո առաջացրած հալոցքներից ու ոռոգված ակոսներում:
Դու եկար, սակայն որքան որ ուշացած, այնքան էլ շուտ ցանկացար հեռանալ: Գալուստդ պարտադրված չէր, անխուսափելի ու անշրջելի էր, սակայն գնալդ էր ինքնակամ:
Նորաբաց ու ծաղկած բողբոջների ծաղիկները քո հեռացումից վշտացած սկսեցին թափվել վրաս... մնացին միայն վառ կանաչ տերևները, որոնք սակայն պտուղ չեն կարող տալ: Չեղավ ոչ փոթորկոտ քամի, ոչ հորդառատ անձրև, նրանք իրենք իրենց թափվեցին, որովհետև կարծեցին, թե քո հեռացման ժամն եկել է` չկարծելով անգամ, որ դու իսկ որոշեցիր քո անորոշ ուղին բռնելու ցանկությունը:
Մնացին միայն տերևները... վառ կանաչ ու խակ: Նրանք չեն հասունանա, նրանց կմնա միայն շնչել քեզանով, քո թողած թթվածնի սահմանափակ լիությամբ:
Դու հեռացար ու թողեցիր ամառ... այնքան կիզից ու մոխրացնող արևով, որին դեռ պատրաստ չէի դիմակայել:
Ցանկացա արբենալ քեզանով, սակայն քեզ նոր ըմպած ու քո բույրով ննջած, վախեցար ու փախուստի դիմեցիր դեպի անհայտություն.... դեպի աշուն....
Թողեցիր ինձ ամառը, իսկ դու գնացիր դեպի աշուն.. դու ինքդ իսկ վախեցար այն նույն ամառվանից, որն ինձ տվեցիր: Վախեցար հաջորդական ու բնական ընթացքից ու փոփոխությունից: Վախեցար այրվելուց....
Քո մեղմ ժպտացող արևը, քո թարմություն պարգևող անձրևը, քո կենդանացնող շունչը վերցրեցիր ու քո հետ տարար դեպ հեռուներ:
Թողեցիր ինձ նորից իմ փոշոտ ու կոշտ ճամփաները, որոնց այլևս չեն ծածկի անգամ ձմռան սպիտակները:
Թողեցիր ինձ ինքս իմ հետ...
Թողեցիր այրվեմ ու մոխրանամ... չորանամ ու փոշու ամպ դառնամ...
Գարունս այնքան ծաղիկ էր բերել...
Գարունս սրտիս կրակն է վառել...

    
P.S. Նվիրում եմ չվերջացած Գարնանս ու սրտիս բոլոր եղանակներին
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2798 | 1 | 0
Facebook