Loading...

Articles

Ցամաքած Ծովեր

20:42, Tuesday, 30 July, 2013
    
Հաճախ խաղաղությունը շփոթվում է տխրության հետ, երբեմն էլ մշտական փոթորկումները հանգեցնում են կործանման:
Կյանքի բաց ծովում միշտ էլ քամիներն են առաջ մղում նավերին, սակայն նույն այդ քամիները նավաբեկության պատճառ են դառնում:
Միշտ մեզ թվում է, թե ինչ-որ բան պակաս է, ինչ-որ բան սխալ, ինչ-որ տեղ ավելի լավ է, ինչ-որ մեկն ավելի հարմար... և այդժամ մենք նստում ենք մեր նավն ու դուրս գալիս բաց ծով:
Ինքդ քեզ հետ հաշտության հասնելն ամենաբարդն է երևի:
Հենց այդ ինքնահաշտեցման ճանապարհին է, որ պատերազմում ենք դիմացինների հետ, իսկ խորքում՝ ինքներս մեզ լուռ մեղադրելու փոխարեն մեր կողքիններին ենք բարձրաձայն սխալ կոչում: Հաճախ սրտխառնոցով կամ տախտակամածից դեպ հեռուներն ուղղած երանելի հայացքներով է ընթանում նավարկությունը՝ տոգորված երազանքներով, վախերով ու սպասումներով: Մարդու և ծովի մի տեսակ ֆանտաստիկ թվացող պայքար է նավարկությունը, որի ընթացքում ամեն մի ալիք կարող է հետ շպրտել ու շեղել անցած ճանապարհից:

    
Ամեն մի ծով ունի իր վերջը՝ մեկ անշոշափելի հորիզոն, մեկ էլ քարքարոտ ու ավազուտ ափեր: Ամեն դեպքում կա վերջ, որին նախորդում է հույսը:
Իսկ նավերը միշտ լցված են լինում տարբեր ուղևորներով ու անձնակազմով: Նրանց բլորին էլ ծովը տեղ է հասցնում անգամ փոթորիկից հետո, ուղևորներին գտնում են՝ մեկին սպիտակ ավազների մեջ բերանքսիվայր մխրճված, մյուսին՝ ժայռերի վրա ջախջախված, մի երրորդին էլ ուղղակի մոռանում են անմարդաբնակ կղզում: Չնայած... երևի հենց շահողն այդ մեկն է, որովհետև նախորդները վախենում են այլևս նայել ծովի ալիքներին, իսկ այս մեկն ուղղակի հայացքը չի կտրում ծովից, նրա հորիզոնից՝ լցված հույսով ու սպասումով, թե միգուցե կգտնեն իրեն ու նորից կտանեն, կմիանա իրեն մոռացողների հետ...

    
Ցամա՞ք, թե՞ ծով...
Ամենասարսափելին ցամաքած ծովերն են, նրանցում մնացած նավերը ոչ առաջ են գնում, ոչ՝ հետ...
Ամենահեշտը՝ բաց ծովում նավարկելն է, ամենադժվարը՝ կառամտույցին նախորդող փարոսը գտնելը...
Source: Notes Book
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2995 | 0 | 0
Facebook