Մայիսի 13-ը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում նշանավորվեց հայրենասիրական ինքնատիպ շնչով: Դպրոցը իր թատերասեր բարեկամին այս անգամ ողջունեց «Կրպեների կանչը» խորագիրը կրող ներկայացմամբ, որը շաղկապում էր երեք հերոսական իրողություն. նվիրված էր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անմար հիշատակին՝ 51-ամյա տարելիցին, «Օղակ» օպերացիայի 25 ամյակին և հաղթական մայիսին: Ի դեպ, հյուրերի շարքում էր Թաթուլ Կրպեյանի կինը՝ տիկին Իրինան:
Հուզախառն տրամադրությունը, հայրենասիրական շնչով տոգորված, մերթընդմերթ համեմվում էր հանդիսատեսի ջերմ ծափողջույններով:
Դերերը մարմնավորում էին շնորհաշատ սաները, իսկ Թաթուլի դերում հանդես եկող Դավիթ Նահապետյանը իր բեմական ազդու խոսքով վկայեց, որ անպարտելի է հայի ոգին:
Ներկայացմանը ներկա էր Աբովյանի քաղաքապետ պարոն Գևորգյանը.
«Ես տպավորված եմ ներկայացման բարձրարվեստ մատուցմամբ: Այն դիտելու ընթացքում ինքնատիպ կերպով արժևորեցինք հայ պատմական անցյալը՝ մտովի տեղափոխվելով դարասկիզբ, հետո՝ արցախյան ազատամարտ»:
Նա մեծարանքի խոսքեր ուղղեց մասնակիցներին և կազմակերպչին՝ Ա. Մելքումյանին:
Հյուրերի շարքում էին դպրոցի կառավարման խորհրդի անդամներ՝ ԵՊՀ դասախոս Ս. Մխիթարյանը, Ա. Սարգսյանը, երգիչ Գ. Համբարյանը, Աբովյանի դպրոցներից սաներ, ուսուցիչներ:
Փառավորված ենք գնահատանքի խոսքերից, ջերմ հանդիսատեսից: Հավաստիացնում ենք՝ գործը կլինի շարունակական:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ. Աֆյան