Հին իմաստախոսությունն ասում է՝ կյանքը փորձությունների շղթա է...Ավելացնենք՝ փորձությունները կոփում ու «մշակում» են մարդուն։Սակայն կան անդառնալի կորուստներ, ակնթարթային ոչնչացումներ, որոնք ոչ թե կոփում, այլ սպիանում են՝ իրենց կնիքը թողնելով հոգուդ վրա։Անցել է համարյա երեք տասնամյակ, սակայն 1988-ի ավերիչ երկրաշարժի ահասարսուռ հետևանքները դեռ հիշեցնում են իրենց/ի դեպ, այն Անդրկովկասի ամենահզոր երկրաշարժն էր։Հիշատակման նպատակը, բնական աղետներին դիմագրավելու, դրանցից պաշտպանվելու, համապատասխան «մշակույթ» ձեռք բերելու կարողությունների ձևավորմանն էր ուղղված առաջավոր փորձի դասը՝ աշխարհագրության ուսուցչուհի Լ. Քամալյանի նախաձեռնությամբ՝ «Երկրաշարժ» թեմայով։ 10-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր ու կենդանի երկխոսությամբ, ասմունքի ու երգի շաղախով, բովանդակալից հարց ու պատասխանով ներկաների համար բացահայտեցին դարավոր պատմության ամեն պտույտին ու քայլափոխին խոտոր ճամփեքով անցնող հայ ժողովրդի կյանքի տեսլականը, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր հմուտ ուսուցչի տեղին միջամտություններով։ Ավելի շատ շեշտադրվում էր երկրաշարժից պաշտպանվելու կարողությունների ձեռքբերումը։ Գիտականորեն հագեցած ուսուցողական դաս էր.գիտելիքը տրվում է, որպեսզի կիրառվի, սակայն սա այն դեպքն է, երբ փափագում ես այն կիրառելու հնարավորություն չունենաս։Աշակերտներն էլ, ներկա ուսուցիչներն էլ դասասենյակից դուրս եկան այն հավատամքով, որ պետք է կուլ տալ կոկորդին կառչած հեղձուկը, հաղթահարել երակներում փշրված և ապակի դարձած այս ցավն ու ապրել...Ապրել, քանի դեռ մի ափաչափ հայրենի հող կա, հայրենի մի ափաչափ երկինք ու... ոգի։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ Աֆյան