Համակողմանիորեն զարգացած սերունդ ձևավորելու գործը ուսուցչի հիմնախնդիրներից մեկն է.նա է ազգակերտման դրոշակակիրը, և նրա կողմից ամեն սխալ լինում է ճակատագրական ու հույժ անընդունելի, ինչպես և անընդունելի են շատ մոլորություններ մարդու կյանքում։ Ծնողների և ուսուցչի դերը անգնահատելիորեն մեծ է երեխայի մոտ ճիշտը սխալից, մոլորությունը առաքինությունից զանազանող գիտակցության ձևավորման գործում։Հետագայում ճակատագրական սխալներ գործելու մեջ մեղավոր են ծնողն էլ, ուսուցիչն էլ։
Ասում են՝ վատ մոլորության դեմ պայքարելու համար պետք է ճանաչել այն.այս նպատակին էին ծառայում դեկտեմբերի առաջին տասնօրյակում մեր դպրոցում կազմակերպված միջոցառումները. դրանք ուղղված էին թմրամոլության կանխարգելմանը։ «Մարդկության հիմնախնդիրների շրջանակում», «Ծխախոտը՝ դանդաղ ներգործող թույն», «Օրենքի ուժը», «Լույս խավարում» խորագրերով զրույց-քննարկումներ ու տեսաֆիլմի դիտում, որոնց մասնակցում էին 10-12-րդ դասարանների ներկայացուցիչներ։Պարզաբանումներ էին կատարվում թմրանյութերի տեսակների, դրանց կիրառման վտանգավորության, պահանջի, պատժի և այլ հարցերի վերաբերյալ։Քննարկմանը ներկա էին լինում տարբեր ուսուցիչներ՝գրականության, կենսաբանության, ռազմագիտության, քիմիայի, մաթեմատիկայի.նրանց տրվում էին տարաբնույթ հարցեր, քննարկումը դառնում էր հետաքրքիր ու տպավորիչ։Նման զրույցները, անշուշտ, կնպաստեն աշակերտի մոտ այն գիտակցման ձևավորմանը, որ չեն սպանում ոչ թե նրա համար, որ գոյություն ունի «մի սպանիր» խորհուրդը, այլ նրա համար, որ պարզապես ընդունակ չես սպանելու։Առաջ ընթանանք առանց մոլորությունների, քանզի չարիքները բորենու նման են՝ երբեք մենակ չեն լինում։Պետք է յուրաքանչյուրս մեր շրջապատի լույսը լինենք, երբեք խավարում մենակ չթողնենք կորուսյալին/սրանք մեջբերումներ են դպրոցում բաժանված և այս նպատակին ծառայող թռուցիկներից։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ.Աֆյան