Loading...

Articles

Սպասված Արևը

12:52, Sunday, 10 February, 2013
Սպասված Արևը

Անվերջ թվացող մայրամուտի անտեսանելի մի կետից նշմարվեցին արշալույսի ճառագայթները...

Արևի նորարձակ շողերը, որոնց ծնունդն արդեն անհավանական էր թվում, սկսեցին աստիճանաբար լուսավորել ու ջերմացնել խունացած, անմշակությունից ու խավարից ճաքճքած հողը:

Անհիշելի ժամանակներում ինչ-որ մեկի ձեռքից վայր ընկած սերմը պարզորոշ կերպով տեսանելի էր հողի ճաքերի արանքից...

Կարոտ էր... մնացել էր առանց արևի, իսկ երկնքից թափված անձրևը միայն թրջել էր նրան ու դրա հետևանքով դարձրել առավել նուրբ ու փխրուն: Սակայն նա ամբողջ ընթացքում լցված էր սպասումով, տենչում էր այն օրվան, երբ նրան կհանդիպի այդքան ցանկալին... արևի շողը...

Անկառչելի վիհ հիշեցնող ճաքերի միջից նա միշտ հայացքով դեպի վեր էր նայում. վախենում էր բաց թողնել սպասված պահը:

Հանդիպումը կայացավ... անսպասելի ու արդեն գրեթե անհավատալի....

Մեղմորեն սահող արևին դիմադարձ նա արդեն մոռացված և ուժերից վեր թվացող լարումով իր ձեռքը մեկնեց և դուրս նետվեց անդունդից:

Կայացավ այն, ինչի մասին միայն երազներում էր, անրջում: Սակայն գլխակորույս ցանկության ու ձեռքմեկնումի մեջ չէր էլ մտածում, որ կարող է այդ շողերից արձակված ջերմությունը տաքացնելու փոխարեն այրի ու մոխրացնի իրեն:

Եվ կվերանային այլևս երազանքներն ու խունացած, անդնդային կեցությունից վեր հառնելու, բարձրանալու տենչանքները, այլևս ի չիք կդառնային ծաղկելու և ծիլեր տալու նրա բոլոր ցանկությունները:

Ինչպես փրկությունն, այնպես էլ ոչնչացումն անխուսափելի էին այս իրավիճակում:

Ամեն ինչ կախված էր արևից...

Հանդիպման սկզբում թեթև ժպիտը սահեց երկուսի դեմքի վրայով: Մեկը` քանզի տալիս էր, մյուսը` այդ տվածից սկսում էր ջերմանալ...

Հավերժացում հիշեցնող այդ մի քանի վայրկյանների ընթացքում նրանք ուղիղ նայում էին իրար աչքերի մեջ. այնքան նուրբ էին շողերը, որ սերմն անգամ չէր էլ մտածում կուրանալու մասին:

Սակայն արևն ունի իր բնական ընթացքը` արևածագից մինչ մայրամուտ այն ավելի մոտենալով երկրին առավել քիչ ջերմություն է արձակում և կամաց կամաց սկսում է տեսադաշտից վերանալ կարծեցյալ հորիզոնի հետևում:

Նրա որոշումն աներկբա էր: Արդեն կատարված էր այն, ինչն անդառնալի էր. նա այլևս ճաքճքաց վիհերում չէր, արդեն բաց ու առավել խոցելի էր դարձել` միայնակ հայտնվելով անմշակ ու փորձություններով լի երկրի մակերևույթի վրա:

Կամ հետևել արևին ու նրա ընթացքին կամ մոխրանալ նրա հետզհետե շատացող ջերմությունից կամ էլ արևին պահել իր մոտ և կատարել անհավանականը` ձուլվել նրա շողերին...

Արևն ամեն մի ժպիտի հետ նրա սրտում էր թողում իր շողերից մի բույլ... և շարունակում իր ընթացքը: Ժամանակ առ ժամանակ հայացք նետելով նրա կողմը: Եվ ամեն հայացքի հետ տեսնում էր դատարկ երկրի վրա իրենից չհեռացող մի շողք... դեռևս նա էր....


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2298 | 0 | 0
Facebook