Այսօր Երասխի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկ Ռ. Օղիկյանի անունով ՆԶՊ դասասենյակի բացման արարողությունը: Մայիսի 18-ը ընտրվել էր ոչ պատահականորեն. տարիներ առաջ՝ 1992թ.-ի մայիսին Երասխում ընթանում էին թեժ մարտեր ադրբեջանական զինուժի դեմ: 1992թ.-ի մայիսի 18-ը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Երասխի բարձունքի գրավման օրն էր: Այդ օրը շատ հայրենասեր մարտիկներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի: Մարտիրոսվածների շարքում էր նաև Երասխի բնակիչ Ռ. Օղիկյանը. մայիսի 18-ին նա զոհվեց իր բնակավայրում՝ ազերիների գնդակից: Դասասենյակի բացմանը ներկա էին Ռ. Օղիկյանի այրին, որդին՝ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Անվանակոչված դասասենյակի բացման առթիվ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանը: Նա երախտիքի խոսքեր ասաց զոհվածների հարազատներին և հավաստեց, որ դպրոցը երբեք չի մոռանա նրանց, միշտ կհիշի և կխոնարհվի նրանց հիշատակի առջև: Ելույթ ունեցավ նաև զինղեկ Հ. Մանուկյանը: Նա ներկայացրեց Ռ. Օղիկյանի կենսագրությունը: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Ռ. Օղիկյանի որդին համայնքի ղեկավար Ռ. Օղիկյանը: Նա շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենությանը և մանկավարժներին իր հոր անունով ՆԶՊ դասասենյակը անվանակոչելու համար: