Այսօր Երասխի միջն. դպրոցում նորից Հայոց Ցեղասպանության 100 – ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարքից զեկույց – ելույթ էր, նաև Համահայկական հռչակագրի ընթերցում:
Ցեղասպանությանը նվիրված հուշատախտակի մոտ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանը: Իր զեկույց – ելույթում նա ներկայացրեց Ցեղասպանության պատմությունից կարևոր և արժանահիշատակ փաստեր. Մ. Լևոնյանը աշակերտներին ներկայացրեց օտարազգի հանրաճանաչ մարդկանց դատապարտող խոսքերը՝ ուղղված Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի մյուս տարածքներում հայկական ջարդերի կազմակերպիչներին:
Վերջին տարիներին միջազգային կազմակերպություններն ավելի հաճախ են զբաղվում Ցեղասպանության խնդրով և հայկական հարցերով: Այլ խոսքով ասած՝ հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն: Եղեռնը դատապարտող բանաձև են ընդունել մի շարք երկրներ և դրանց թիվը աստիճանաբար ավելանում է: Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն է, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից միշտ դատապարտվում է:
Ավարտելով իր զեկույցը՝ Մ. Լևոնյանը վերջում ընթերցեց Ցեղասպանության Համահայկական հռչակագիրը: