Ապրիլի 15-ին Երասխի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառում՝ ՛՛Ինչպես փյունիկ՝ մոխիրներից վեր հառնեցիր՛՛ խորագրով: Խորագիրը, իրավ, շատ խոսուն էր և համահունչ հայ ազգի անցած պատմությանը: Միջոցառման կազմակերպիչներն էին պատմության ուսուցչուհի Ա. Կիրակոսյանը և մայրենիի ուսուցչուհի Վ. Ավետիսյանը, իսկ մասնակիցները՝ 5-8-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայ ժողովրդի փառավոր անցյալի, ողբերգական պատմական ժամանակներին և պայծառ գալիքին նվիրված բանաստեղծություններ: Լսելով փոքրիկների շուրթերից ոսկեղենիկ մայրենիով հնչող խոսքերը՝ պատմական դաժան իրականության՝ Ցեղասպանության մասին, ակամայից կտրվում ես իրականությունից, ինքդ քեզանից վերանում և նորից վերապրում այն սարսռազդու տեսարանները, որոնք կան քո մտապատկերում, որոնց մասին կարդացել ես Եղեռնի ականատեսների վկայություններում կամ տեսել սարսափ ֆիլմերում: Միջոցառումը երբեմն- երբեմն ընմիջվում էր հայրենասիրական տխուր երգերով և բեմականացված դրվագներով: Այդ փոքրիկ ժամանակահատվածը, հիրավի, ինքնատիպ և տպավորիչ հայրենասիրական դաս էր և՛ մասնակից, և՛ ունկնդիր աշակերտների համար: Այն մեկ անգամ ևս կոչ արեց ներկաներին, որ հայը միշտ կմնա պահանջատեր և կվարի իր արդար դատը աշխարհում, քանի դեռ չի փոխհատւցվել 1.5 միլիոն անմեղ հայերի թափված արյան գինը և հետ չի վերադարձվել մեր պատմական հայրենիքը: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանը, Սուրենավանի միջնակարգ դպրոցի մանկապատանեկան կազմակերպիչ Վ. Կիրակոսյանը և Հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը:
Հ. Լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Մովսիսյան