Loading...

Articles

Ի՞նչ են մտածում մեր երկրի արտաքին դիվանագիտության պատասխանատուները

12:20, Thursday, 17 July, 2014
     Զարմանալի չէ, որ ՀՀ շարքային քաղաքացիները, տարված ներպետական խնդիրներով՝ տնտեսական առավել քան աղքատիկ ցուցանիշների առկայություն, զանգվածային գործազրկություն, աղքատության չափազանց բարձր մակարդակ եւ այլն, կարծես թե մոռացության են մատնել երկրիս վարած արտաքին քաղաքականությունը, որը, նույնպես անմխիթար վիճակում է գտնվում: Այդ մակարդակով եւս ՀՀ-ն մեկը մյուսի ետեւից պարտություններ է կրում տարբեր հարթակներում:
     Եվրոինտեգրման անհասկանալի կասեցում, Մաքսային միության դեռեւս մշուշոտ ապագա, Ղարաբաղյան հիմնահարց… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել:
     Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։
     Սակայն ամենաուշագրավ իրադարձությունները սկսեցին տեղի ունենալ հենց Մաքսային միության անդամակցության շուրջ ծավալվող գործընթացների արդյունքում:
     Նախ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):
     Նազարբաևն այսպիսով կոչ է արել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում ևս մեկ կետ ավելացնել՝Հայաստանը միանում է ՄԱԿ-ում ամրագրված իր երկրի սահմաններով։ Բոլորին է հասկանալի, որ սա նշանակում է, որ Հայաստանը կարող է անդամակցել վերոնշյալ կառույցին, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի:
     Հայ հասարակությունը դեռ ուշքի չէր եկել Նազարբաեւի հայտարարությունից հետո, երբ մեր երկրի արտաքին դիվանագիտությունը ստացավ երկրորդ ապտակը: Այս անգամ էլ Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարար Ուրուկաևը հայտարարեց, որ Եվրասիական միության «դուռը» բաց է Ադրբեջանի համար և կոչ էր արել այդ երկրին դառնալ միության անդամ:
     Այս ամբողջ թոհուբոհի վարդն էլ դարձավ Ղազախստանի նախագահի մամլո ծառայության հաղորդումն այն մասին, որ Նուրսուլթան Նազարբաևը Բոդրումում թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ։
     Կարծում եմ իրադարձությունների նման ընթացքի մասին բացատրություններ տալն անգամ ավելորդ է, քանզի փաստերն առավել քան խոսուն են:
     Անհասկանալի է մնում միայն մեկ բան. ի՞նչ են մտածում մեր երկրի արտաքին դիվանագիտության պատասխանատուները եւ ինչպես են պատրաստվում դիմակայել ՀՀ «գործընկեր» երկրների կողմից գործադրվող ճնշմանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2667 | 0 | 0
Facebook