Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոստիկանությունն առաջնորդվում է դեռևս խորհրդային տարիներից եկող իներցիոն մտածողությամբ

00:34, կիրակի, 05 մայիսի, 2013 թ.
Ոստիկանությունն առաջնորդվում է դեռևս խորհրդային տարիներից եկող իներցիոն մտածողությամբ

2013թ. մայիսի 3-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Կոնգրես հյուրանոցում ներկայացրեց «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» ուսումնասիրությունը: Քննարկմանը մասնակցում էին պետական կառույցների, դեսպանատների, տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներ, փաստաբաններ, քաղաքացիներ: Քննարկման սկզբում Միջազգային Բանտային Բարեփոխումների (PRI) Լոնդոնի գրասենյակի Խոշտանգումների Կանխարգելման ծրագրի ղեկավար Մուշեղ Եկմալյանը ներկայացրեց խոշտանգման ենթարկված անձանց նկատմամբ պետության պարտականությունները: Ապա ուսումնասիրության համահեղինակներ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները և այն բացերն ու խնդիրները, որոնք արձանագրվել են ուսումնասիրության ընթացքում:

Ռ. Ռևազյանը ներկայացրեց ուսումնասիրության մեթոդաբանությունը, ուսումնասիրության քանակական արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ ոստիկանության բաժիններում անձանց նկատմամբ կիրառվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ՝ խոշտանգումներ, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Ա. Իշխանյանը որպես կարևոր խնդիր նշեց ոստիկանության՝ դեռ խորհրդային տարիներից եկող իներցիոն մտածողությունը, և մանրամասնեց, որ առանց ապացույցներ հավաքելու՝ ծեծի միջոցով փորձում են խոստովանություն կորզել, որն էլ հետո ներկայացվում է որպես ինքնախոստովանություն:

Հաջորդ կարևոր խնդիրը, ինչպես նշեց Ա. Իշխանյանը, դատախազության մարմինների կողմից նախաքննության նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողությունն է. «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 1 շաբաթում բազմաթիվ հարցեր է պարզում, իսկ դատախազությունը դեռևս ոչ մի գործ չի հարուցել խոշտանգումների կապակցությամբ, այն դեպքում, երբ մշտական վերահսկողություն ունի», -ասաց նա:

Կարևոր խնդիրներից է նաև որպես խափանման միջոց կալանքն ընտրելը: Ա. Իշխանյանի կարծիքով՝ դա նախաքննության ընթացքում մարդուն լրացուցիչ կոտրելու ձև է: Փաստաբան Լուսինե Սահակյանը հավելեց, որ խնդիրներից մեկն էլ նրանում է կայանում, որ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է զուտ այն փաստով, որ նա մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ՝ առանց հաշվի առնելու, որ հնարավոր է՝ նա արդարացվի:

Ներկայացվեց Հարություն Սարգսյանի գործը, ում խոշտանգել էին և՛ ոստիկանությունում, և՛ ձերբակալվածների պահման վայրում, և որ նրա մարմնական վնասվածքները չեն գրանցվել ՁՊՎ-ում (նրա պաշտպանությունը ստանձնել է Հելսինկյան կոմիտեն): Լ. Սահակյանը նշեց, որ Հ. Սարգսյանը մանրամասն նշել է, թե ովքեր են բռնություն իրականացրել իր նկատմամբ ինչպես, որտեղ, ինչպիսի պայմաններում, և հարց ուղղեց դատախազության ներկայացուցիչներին, որ եթե անձը ունի մարմնական վնասվածքներ և նշում է կոնկրետ անձանց անուններ, որ նրանք են իր նկատմամբ բռնություն կատարել՝ ինչպե՞ս կարող է քրեական գործ չհարուցվել… Հարցը մնաց անպատասխան:

Ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են քրեադատավարական օրենսգրքով պարտադիր դարձնել փաստաբանի ներկայությունը քրեական գործերի ժամանակ՝ որպես օրինակ ներկայացնելով միջազգային փորձը, որ որոշ երկրներում խոշտանգումների քանակը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ օրենքով սահմանել են, որ պաշտպանի ներկայությունը նախաքննության ժամանակ պետք է լինի պարտադիր (օրինակ՝ Բուլղարիայում): Նրանք առաջարկում են նաև բոլոր տիպի քննությունները կատարել տեսախցիկներով հագեցված քննչական հատուկ սենյակներում, որպեսզի հասարակական դիտորդները հնարավորություն ունենան հետևելու քննության ընթացքին՝ առանց լսելու (օրինակ՝ Մեծ Բրիտանիայում):

Վերջում Ա. Իշխանյանը կոչ արեց, որ եթե կան անձինք, ովքեր կցանկանան բարձրաձայնել իրենց նկատմամբ կատարված խոշտանգումների մասին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կարող է տրամադրել անվճար փաստաբան և զբաղվել գործի ընթացքով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4755 | 0 | 0
Facebook