Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անգամ ամենաաղքատ ու ամենաթույլ երկրում կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսների հետ»:

15:41, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
«Անգամ ամենաաղքատ ու ամենաթույլ երկրում կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսների հետ»:
     «Հայաստանի Հելսինկյան կոմտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանը, գտնում է, որ այդ շրջանին բնորոշ էր վարչական ռեսուրսի կիրառումը, որի ընթացքում պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին ու աշխատակիցներին ստիպել են ցուցակներ ներկայացնել: Վարչական ռեսուրսների կիրառում գրանցվել է նաև մարզերում. նրանց ստիպել են Երևանում բնակվող իրենց հարազատներին համոզել, որպեսզի նրանք ընտրեն իշխող կուսակցության օգտին: Եղել են հավաստի տվյալներ ընտրակաշառքների, ցուցակների ուռճացման մասին:

Ավետիք Իշխանյանը ներկայացնում է ստեղծված իրավիճակի պատճառները:

«Այս արդյունքները եղան նախագահական ընտրություններից շուրջ երկուսուկես ամիս հետո. իմ գնահատականով՝ նախագահական ընտրություններին իշխանությունները բավականին հանգիստ էին, և իրենց համար անսպասելի եղան դրանց արդյունքները: Կարծում եմ` այս ընթացքում նրանք շատ լուրջ պատրաստվեցին և կիրառեցին իրենց բոլոր վարչական ռեսուրսները:

Ես ավելի շատ հարցեր եմ ցանկանում բարձրացնել, որոնց վերջնական պատասխանները չունեմ:

Նախ հերթական անգամ կարելի է փաստել, որ ընտրություն կոչված մեխանիզմը Հայաստանում չի գործում, և Հայաստանում չկա ժողովրդավարություն:

Կարելի է մի քանի համեմատություն կատարել. բոլոր տարիների նախագահական ընտրությունները համեմատել այլ՝ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ամեն անգամ նախագահական ընտրություններում ինչ-որ բան ուրիշ ձևով է լինում, քան մյուս ընտրությունների ժամանակ: Իմ կարծիքով` պատճառներից մեկն այն է, որ մեր ժողովուրդը (որը գալիս է Սահմանադրությունից և մտածողությունից) ամեն ինչ կապում է «բարի թագավոր» ունենալու հետ, իսկ մնացած ընտրություններին առնձնապես ուշադրություն չի դարձվում:

Հերթական նախագահական ընտրություններից հետո այսպիսի արդյունքներն անսպասելի էին: Դա գուցե կախված է նաև այն բանի հետ, որ նախագահական ընտրություններից հետո խորը հիասթափություն առաջացավ, որն էլ տվեց այսպիսի պտուղներ: Գուցե կախված է շատ այլ հարցերի հետ…Այս ամեն ինչը պետք է ուսումնասիրել: Համենայն դեպս մի բան կարելի է ասել. այս ձևով շարունակվելու դեպքում, հույս չպետք է ունենալ, որ հաջորդ ընտրություններում ինչ-որ բան կփոխվի: Սա կախված է նաև Հայաստանի իշխանական կառուցվածքից, որտեղ կա մի կենտրոն՝ նախագ, և մնացածը՝ նրան ենթարկվող կառույցներ: Գուցե պետք է մտածել և շարժումն սկսել այն բանից, որ համակարգային փոփոխություններ կատարել՝ մինչև մյուս ընտրությունները, այն է՝ խորհրդարանական հանրապետության անցում, անկախ դատական իշխանություն և իրական տեղական ինքնակառավարում:

Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր, մի կողմից` ընդդիմությունը կամ այլընտրանքը, անունն էական չէ, մյուս կողմից իշխող քաղաքական ուժը, սակայն` ոչ թե որպես առանձին կուսակցություն, այլ մասնակցում է պետությունը՝ իր բոլոր ռեսուրսներով՝ ընդդեմ տարբեր կուսակցությունների: Եվ նույնիսկ ամենաաղքատ ու ամենաթույլ երկրում այդ կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսների հետ, միշտ պետությունն ավելի ուժեղ է, քան այդ կուսակցությունները: Եվ մենք անընդհատ այդ փակ շրջանի մեջ ենք լինելու:

Ես չեմ ցանկանում արդարացնել ընդդիմադիր կուսակցություններին և կարող եմ անընդհատ և սուր քննադատել, բայց երբ որ ընդդիմադիր կուսակցությունը երկար ժամանակ չի հասնում հաջողության, և երբ ընդդիմադիր կուսակցության անդամ լինելը վտանգավոր է ևʹ գործարարի, ևʹ մտավորականի համար, քանի որ գործարարը կարող է զրկվել իր ունեցվածքից, իսկ մտավորականը՝ իր աշխատանքից (համալսարան և այլն, որի փաստերին մենք ծանոթ ենք), ինչպիսի՞ն պետք է լինի այդ ընդդիմադիր կուսակցությունը, այդ ինչքա՞ն հզոր մարդիկ պետք է լինեն, որ տարիների ընթացքում հետևողական պայքարեն և ի վերջո հասնեն հաջողության, իսկ ժողովուրդն էլ նրանց վստահի: Մեր ժողովուրդը հաճախ մտածում է` «թույլ են նրանք», իսկ ուժեղը ո՞րն է՝ իրենք էլ չեն պատկերացնում: Այսինքն՝ հսկայական աշխատանք կա անելու:

Առայժմ ես հարցեր բարձրացրեցի, որոնց պատասխանները պետք է հասարակությունը մտածի և տա»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4376 | 0 | 0
Facebook