Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստեփանակերտի ՔԿՀ-ում հսկիչները շներով էին շրջում

15:12, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Ստեփանակերտի ՔԿՀ-ում հսկիչները շներով էին շրջում
     Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում քննելու համար 2005թ.-ին մեղադրյալներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեցին Ստեփանակերտի ՔԿՀ (2008թ.-ին այն տեղափոխվեց Շուշի), որտեղ անցկացրած մեկ տարին, ըստ Զալյանի, իր կյանքի սև էջերից է: «Նուբարաշենի բանտից Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո ասես նոր զրկված լինեի ազատությունից», - պատմում է Արայիկ Զալյանը. «Եթե Նուբարաշենի ՔԿՀ-ի ռեժիմը թույլ էր տալիս քնել, արթնանալ ըստ ցանկության, ծխախոտ չունենալու դեպքում կողքի խցից խնդրել կամ նամակ ուղարկել ու ստանալ, ապա Ստեփանակերտում հսկիչները շներով էին շրջում, կալանավորին նվաստացնում ու տանջում էին»: Զալյանի դեմ հարուցված գործի փաստաթղթերի թղթապանակի վրա երեք կարմիր գիծ կար, որը նշանակում էր, որ նա վտանգավոր հանցագործ է: Ըստ Արայիկի՝ հավանաբար նկատի ունեին, որ ինքը հացադուլ էր արել:

ՔԿՀ մտնելուց հետո Արայիկին ոտքից գլուխ ստուգեցին՝ ստիպելով նաև կոշիկները հանել: Նուբարաշենի բանտից 7 հոգի էին բերել. նրանց տեղավորեցին առանձին խցերում: Ստեփանակերտի ՔԿՀ-ում ընդամենը 30 խուց կար: Խցերը փոքր էին, և յուրաքանչյուր խցում ավելի շատ կալանավոր կար, քան նախատեսված էր: Արայիկին էլ տարան այնպիսի մի խուց, որը նախատեսված էր վեց հոգու համար: Ոչինչ չկար խցում. միայն մի շաշկի ու մի ռադիո… լույսն էլ շատ ուժեղ էր և ուղիղ ընկնում էր կալանավորների աչքերին: Արայիկը պատմում է, որ նույնիսկ ութ ժամից ավելի ճանապարհ կտրելուց հետո, քնելը տանջանք էր. «Ուզում էի քնել, բայց լույսն ուղիղ աչքերիս էր ընկնում: Ստիպված սրբիչով փակել էի մահճակալիս կողքերը, որ կարողանամ քնել… Աչքս հենց կպավ, մեկ էլ մեկը սկսեց քացով հարվածել դռանը՝ գոռալով` «Մահուրմեդ հանի, մահուրմեդ հանի»: Հսկիչի ասածից ոչինչ չհասկանալով՝ փորձեցի նորից քնել, բայց խցակիցներից մեկը, ով ղարաբաղցի էր, բացատրեց, որ հսկիչի գորգոռոցը սրբիչը դեմքիցս քաշելու համար է: Աչքերս բացեցի և տեսա, որ խցակիցներս հագնվում են: Զարմացած ուզում եմ հասկանալ, թե ինչ ա կատարվում: Տղաներն ասում են, որ պադյոմ ա, ու պիտի վեր կենանք: Որոշեցի չհետևել իրանց օրինակին ու շարունակեցի քնել…», - այդ օրերը նորից վերապրելով՝ պատմում է Արայիկը:

Արայիկի պատճառով ողջ խցին պատժեցին: Եկան, հանեցին բոլորի ներքնակները… դե արի ու երկաթե ճաղերի վրա քնիր… «Այս ամենն ինձ համար շատ անհասկանալի էր, ու խնդրեցի խցակիցներիս պատմել էդ բանտում տիրող իրավիճակի մասին», - հայացքը մի կետի վրա սառեցնելով շարունակում է Զալյանը:

Պարզվում է՝ եթե հսկիչը բացում էր դիտանցքը, կալանավորը պարտավոր էր կանգնել…` ու դա կարող էր հինգ րոպեն մեկ լինել՝ կախված հսկիչի տրամադրությունից ու ցանկությունից: Իսկ եթե զանգն էր հնչում, կալանավորը պիտի մահճակալը հավաքեր ու նստեր տեղը. հանկարծ պառկած չտեսնեին, պատժում էին: Պատժի հիմնական տեսակն էլ ծեծելն էր. «Հենց խցի դռան մոտ հսկիչները սկսում էին ծեծել կալանավորներին, ով ոնց կարողանա …բազմիցս եմ լսել կալանավորների գոռոցն ու տնքոցը: Ինձ մատով չէին դիպչում՝ խուսափելով փաստաբանիս ավելորդ քաշքշուկներից, հացադուլից և այլն»:

Խցից խուց հաղորդակցվելու հետաքրքիր տարբերակ էին գտել. «Քանի որ խցերի պատերը շատ բարակ էին, երեք անգամ պատին խփում էինք, հարևան խցից ականջ էին դնում ու խոսում այնպես, որ հանկարծ հսկիչը չիմանա», - ինքն իր ասածից զարմացած՝ պատմում է Զալյանը:

Իրավիճակը փոխելու նպատակով Արայիկն այդպես պատերին խփելով իմաց է տալիս իր հետ Նուբարաշենից եկած վեց կալանավորներին հաջորդ օրվանից հացադուլ անելու մասին: Հաջորդ օրը՝ ուտելիքից հրաժարվելուց հետո, Զալյանին տանում են և ստիպում գրել, որ այդ բանտում նա հացադուլ չի անի՝ ներկայացնելով մի շարք սպառնալիքներ… բայց նա մինչև վերջ հակառակվեց՝ հիշեցնելով, որ մի քանի օրից փաստաբանը կգա ու կիմանա այդ ամենի մասին: «Մի խոսքով, էդ հացադուլը անելով՝ կարողացանք ադմինիստրացիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ գոնե առավոտյան զանգը տալիս, մահճակալս հավաքեմ, բայց ոչ թե կանգնեմ տեղս, այլ պառկեմ», - պատմում է Արայիկը:

Երբ հարցրի սննդի մասին, Զալյանի դեմքը մի տեսակ փայլ ստացավ: Ինչպես հասկացա, դա Ստեփանակերտի ՔԿՀ-ի միակ դրական կետն էր. «Սնունդը նորմալ էր, ու եթե լավ չլիներ, մենք սոված կմեռնեինք: Հարազատները ուշ-ուշ էին գալիս, իսկ խցում մի ղարաբաղցի կար միայն, ում համար շաբաթը մեկ մի քանի ծխախոտ ու մի քանի հատ ժինգյալով հաց էին բերում... դե էդ էլ ո՞ւմ հերիքեր»:

Անահիտ Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գործում» ծրագրի շրջանակում

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4883 | 0 | 0
Facebook