Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին

15:36, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին
     Մայիսի 6-ին «Մեդիա կենտրոն» -ում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ներկայացրեցին դիտորդական առաքելություն իրականացրած թվով 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպությունները դիտարկումներ են իրականացրել Երևանի 13 ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերում:

Սկզբում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց նախապես ներկա կազմակերպությունների հետ քննարկման եզրակացությունը այն ընտրախախտումները, որոնք գրանցել են բոլոր կազմակերպությունները: Նախ Ա. Իշխանյանը նշեց, որ ինչպես հայտնի է՝ ընտրական գործընթացը շատ ավելի երկար է տևում և չի սահմանափակվում միայն քվեարկության օրով, սակայն ներկաները խոսելու են հիմնականում կարճաժամկետ դիտորդության մասին, ապա ներկայացրեց այն ընտրախախտումները, որոնք գրանցել են դիտորդություն կատարած ներկա բոլոր կազմակերպությունները:

Ավետիք Իշխանյանը բոլոր կազմակերպությունների անունից հայտարարեց, որ համատարած եղել են կուտակումներ բոլոր տեղամասերի շուրջը, անընդհատ բերել են մարդկանց, ուղղորդել են նրանց քվեարկությունը և այլն: Ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված եղել: Մեքենաներով մարդկանց ընտրության բերելը նույնպես համատարած է եղել: Եղել են հոգեբանական ճնշումներ, խոչընդոտներ լրատվամիջոցների և դիտորդների նկատմամբ՝ ընտրական հանձնաժողովների կամ վստահված անձանց կողմից, ընտրատեղամասերում ներկա ոն եղել ոչ լիազորված անձինք: Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ պարզվել է, որ ընտրատեղամասում ներկա անհայտ անձինք, լինելով նույն կուսակցության ներկայացուցիչ, բացահայտվելուց հետո ներկայացել են որպես դիտորդ տարբեր ՀԿ-ների կողմից: Ներկա բոլոր կազմակերպությունները գրանցել են, որ հատկապես այս ընտրություններում մեծ կիրառում է ունեցել դիտորդական առաքելությունների օգտագործումը: Ավետիք Իշխանյանը հայտարարեց այն կազմակերպությունների անունները, որոնք, իր խոսքերով ասած` իբր դիտորդություն են իրականացրել, բայց իրականում մեծ դեր են կատարել մարդկանց ուղղորդելու հարցում և իրականում կատարել են վստահված անձանց դեր.

Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին աշխատել են`

  • «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնը,
  • «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոնը»,
  • «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին աշխատել է`

  • Համահայկական երիտասարդական ասոցիացիան:

«Սրանք ես համարում եմ շատ տհաճ երևույթներ, որոնք վարկաբեկում են քաղաքացիական հասարակությանը: Եվ ես դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ինչպես են նրանք, խախտելով օրենքը, գրանցել են այս կազմակերպություններին, երբ որ նրանք հանգիստ կարող էին պարզել, որ նշված կազմակերպություններն ընտրության կողմ են, և ոչ թե անաչառ կազմակերպություններ» , -ասաց Ա. Իշխանյանը: Նա որպես ընդհանուր գնահատական` ներկայացրեց. «Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Սա մեր բոլորի ընդհանուր գնահատականն է»:

Ավետիք Իշխանյանի կողմից ընտրությունների ընդհանուր պատկերը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացրեց ընտրությունների առանձնահատկություններն իր կողմից դիտարկած ընտրատարածքում:

Transparency International ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյանը ներկայացրեց, որ 4 կազմակերպություններ (Transparency International ՀԿ, «Իրավունքի Եվրոպա», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ինչպես նաև սփյուռքահայերի մի խումբ) համատեղ իրականացրել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Նա ներկայացրեց նախաձեռնության եզրակացությունը. «Հերթական անգամ տեղի ունեցան խայտառակ ընտրություններ: Ամեն անգամ կարծես զարմանում ենք, թե ինչքան բազմազան կարող են լինել այդ խախտումները… Մենք առաջ կարծես չենք գնում, մեր ընտրությունների գործընթացների բարելավման գործում», -ասաց նա: Ս. Այվազյանն ավելացրեց գրանցված համատարած ընտրախախտումներ. «Դեռևս առավոտվանից արձանագրվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտումներ. ընտրությունների առաջին իսկ պահից արձանագրվել են խոչընդոտներ նրանց տեսանկարահանման հետ կապված, սպառնալիքներ, հայհոյանքներ, հոգեբանական ճնշումներ, ամբողջ ընթացքում լարվածություն է դիտարկվել տեղամասերի մեծ մասում, որոշ տեղամասերում թաղային հեղինակություններն են իշխել, և հարցեր են կարգավորել ԱԺ պատգամավորի մակարդակով: Դիտարկվել են կարուսելի, բազմակի քվեարկության, տարբեր գույնի գրիչներով նշումների դեպքեր, համատարած կուտակումներ, քաշքշուկ…

«Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ ղեկավար Լուսինե Սիմոնյանը նշում է հանձնաժողովների ներսում համակարգված համագործակցությունը վստահված անձանց և այն դիտորդների հետ, ովքեր վստահված անձանց գործառույթներ են իրականացրել, և եզրափակեց, որ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն օրինական կարգով մեկ այլ իշխանության տալ հնարավոր չէ:

«Iditord» կայքի համակարգող Սամվել Մարատիրոսյանը նշեց, որ կայքում գրանցված ահազանգերի հիմնական մասի թեման եղել են ընտրակաշառքները: Ինչ վերաբերում է կաշառքին, ապա Ա. Կիրակոսյանը նշեց, որ քանի դեռ քննչական մարմինները և դատախազությունն իրենց առջև խնդիր չեն դրել պայքարել կաշառքի դեմ` որպես կազմակերպված հանցավորության տեսակի, ոչ մի արդյունք էլ չի լինի:

APR Group-ի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ գրանցվել են նաև նույն ընտրատեղամասում նույն անունը և նույն ծննդյան թիվն ունեցող քաղաքացիներ, ովքեր գրանցված են տարբեր հասցեներում: Նա ցավով եզրակացրեց, որ միայն ներսում է որոշ չափով վերահսկվել գործընթացը՝ ի տարբերություն դրսում կատարվող եռուզեռի:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը նշեց, որ այս անգամ ընտրության գաղտնիությունը բացահայտելու նոր ձևեր էին կիրառվել, ինչպես գունավոր գրիչների օգտագործումով, այնպես էլ քվեաթերթիկի ծալելով՝ չորս տակ, երեք տակ, հովհարաձև ծալված:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց իրենց կազմակերպության հայտարարությունը, ըստ որի` ընտրություններն անցել են լարված մթնոլորտում, մարդկանց խմբերը և առանձին անհատները ճմշումներ են գործադրել ընտրական գործընթացների մասնակիցների վրա, խոչընդոտվել են լուսա և տեսանկարահանումները ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վախի մթնոլորտի պատճառով:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նաիրա Առաքելյանը հավելեց, որ հանձնաժողովների անդամների կողմից թույլ տրված թերացումները ոչ թե չիմացության արդյունք են, այլ նրանք ուզում են, որ հենց այդպես լինի, և ցավով նշեց, որ դիտորդը, գրանցելով բազմաթիվ խախտումներ, բողոքարկելու իրավունք չունի:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ թեպետ նման դեպքերը բացահայտելը դժվար է լինում, սակայն կազմակերպության դիտորդները կարողացել են գրանցել, որ նույն խումբը քվեարկում է տարբեր ընտրատեղամասերում: Նա նշեց նաև, որ թեպետ օրենսդրությունում չկա, որ անգրագետների օգնեն, բայց գրանցվել են տասնյակ դեպքեր, երբ ասվել է, որ անգրագետ են, և պետք է օգնել:

Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ներկայացրեցին գրանցած ընտրախախտումներ:

Ա. Իշխանյանը, եզրափակելով քննարկումը, նշեց, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել մինչև մյուս ընտրությունները:
    

Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ
Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ
Սոնա Այվազյան, Transparency International ՀԿ փոխնախագահ
Սոնա Այվազյան, Transparency International ՀԿ փոխնախագահ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4565 | 1 | 0
Facebook