Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արդեն երկու տարի է` անորոշ գտնվում եմ բանտում». Արման Դավթյանի նամակը

02:00, չորեքշաբթի, 15 մայիսի, 2013 թ.
«Արդեն երկու տարի է` անորոշ գտնվում եմ բանտում». Արման Դավթյանի նամակը

Ներկայացնում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Արման Դավթյանի նամակը:

«Հարգարժաʹն պարոն Իշխանյան, կրկին դիմումս ուղղում եմ Ձեզ, քանզի ստորաբար խախտում են իմ իրավունքներն ու արժանապատվությունը: Արդեն երկու տարի է` անորոշ գտնվում եմ բանտում, ո՞վ է տեսել` 177-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար պատիժ է սահմանված 2-ից հինգ տարի ազատազրկում, երկու տարի անորոշ փակեն փակ խցում և հինգ ամիս դատական նիստ չնշանակեն: Դուք էլ քաջ գիտեք, որ պետությունը մեզ այստեղ ոչ բարենպաստ պայամաններում է պահում, 2011 թվականից գտնվում եմ բանտախցում, այնքան շատ են խցում, որ հերթով ենք քնում, անգամ նստարանների վրա ենք քնում:

Ինչի՞ համար են ինձ տանջում, իմ չկատարած հանցանքի՞ համար, որպեսզի ես հոգեկան ապրումներից դրդված և ստիպված իմ չկատարած հանցանքն ընդունե՞մ, միայն թե շատ դատապարտեն, տանեն գաղութ: Անգամ իմ գործով միակ վկա Արման Սարգսյանը դիմում է գրել գլխավոր դատախազին և իմ դատավոր պարոն Ռշտունուն այն մասին, որ ինքը շառ է արել ինձ վրա և նախաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունքներ ու խնդրել է, որ իրեն կանչեն հարցաքննեն, և նա կասի ողջ գործի ճշմարտությունը, սակայն մինչև այժմ չենք ստացել ոչ մի պատասխան:

Իսկ եթե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մտածում է, որ ես, այստեղ անբարենպաստ պայմաններում մնալով, կարող է հրաժարվեմ, որ Մաշտոցի ՆԳ բաժնում ինձ և կնոջս չեն խոշտանգել, չարաչար սխալվում են: Ամեն գնով պայքարում եմ, որպեսզի հաղթի արդարությունը, անգամ պատրաստ եմ դիմելու ծայրահեղ քայլերի: Եթե իրոք ես մեղավոր եմ, ապա ինչու չեն դատապարտում, ինչ է թե` նախկինում հանցագործ եմ եղել, այժմ ինչպես ցանկանան` կվերաբերվե՞ն ինձ հետ, իսկ որտե՞ղ մնացին օրենքի ուժն ու արդարությունը, չէ՞ որ ես էլ եմ ցանկանում ապրել նորմալ մարդկանց պես, սակայն օրենքը խախտողները ցանկանում են ինձ թաղել մեղքի մեջ:

Հարգարժաʹն պարոն Իշխանյան, ես վստահում և հավատում եմ Ձեզ, հավատում եմ, որ Դուք օրենքի և արդարության կողմնակից եք, և վստահ եմ, որ կօգնեք և կաջակցեք ինձ, որպեսզի պարզվի գործի ամբողջ ճշմարտությունը:

Խնդրում եմ Ձեզ, օգնեք ինձ` վերականգնել արդարությունը և իմ ազատությունն այս չար զրպարտանքից:
    

Վստահության հույսով և հարգանքով`

Արման Վահանի Դավթյան»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5264 | 1 | 0
Facebook