Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն` ընդդեմ Հատուկ քննչական ծառայության

18:02, երեքշաբթի, 04 հունիսի, 2013 թ.
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն` ընդդեմ Հատուկ քննչական ծառայության
     Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ լսվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 16-ին կայացած դատական նիստում Արմեն Խալոյանը, ում շահերը պաշտպանել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 250.000 ՀՀ դրամի չափով տուգանքի (տես՝ «Թե ինչ է լինում, երբ քաղաքացին դեմ է դուրս գալիս ոստիկանությանը» ): Դատական գործընթաքցում Ռ. Ռևազյանը հանգամանալից նշել էր, որ գործի նախաքննությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, սակայն դա ոչ մի ազդեցություն չէր ունեցել գործի ընթացքի վրա: Դատական գործընթացին զուգահեռ Ռ. Ռևազյանը բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայության դեմ՝ վիճարկելով վերջինիս անգործությունը:

Դատական նիստում Հատուկ քննչական ծառայությունը ներկայացնում էր քննիչ Կամո Խաչատրյանը:

Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց, որ նախաքննության ընթացքում Արմեն Խալոյանին պաշտպան չի տրամադրվել: Դատարանը գործի քննության ընթացքում որոշել է հանրային պաշտպան հրավիրել, սակայն Ա. Խալոյանը հրաժարվել է, որից հետո է միայն Ռ. Ռևազյանը ստանձնել Ա. Խալոյանի պաշտպանությունը:

Փաստաբան Ռ. Ռևազյանը հայտնեց նաև, որ երբ իր պաշտպանյալին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին, քրեական հետախուզության բաժանմունքի պետն ապտակ է հասցրել նրան, և այդ հարցը քննվել է Ա. Խալոյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Փաստի հետ կապված՝ Ռ. Ռևազյանը նշեց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ քննություն է իրականացվել, ապա այդ քննությունն իրականացվել է հենց Արաբկիրի բաժնում, այսինքն՝ նույն աշխատակիցների կողմից պետք է որոշվեր՝ իրենց գործընկերն ապտակել է, թե ոչ»: Նա եզրակացնում է, որ նշված մարմինը չէր կարող հանդիսանալ որպես անկախ, ինքնուրույն մարմին, որը կարողանար օբյեկտիվորեն քննել գործը:

Փաստաբան Ռ. Ռևազյանը նշեց ևս մեկ փաստարկ, մարմնական վնասվածքների հետ կապված` դատական գործում նշվել է, որ Ա. Խալոյանն ընկել է աթոռների վրա, որի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք: Սակայն ըստ համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տված տեղեկանքի` ախտորոշվել է վերին շրթունքի ծակած-կտրած թափանցող վերք (36 ժամվա վաղեմությամբ): Փաստաբանը ներկայացրեց, որ ըստ էության իր պաշտպանյալը, աթոռի` այն է` բութ առարկայի վրա ընկնելով, չէր կարող ծակած-կտրած թափանցող վերք ստանալ, և ՀՔԾ-ն դրա հետ կապված քննություն չի կատարել:

Նախագահողը հետաքրքրվեց, թե դատաքննության ընթացքում արդյո՞ք բարձրացվել են նշված հարցադրումները, թե ոչ, որին ի պատասխան՝ Ռ. Ռևազյանն ասաց, որ` այո, բարձրացվել են, սակայն ոչ մի մասով մերժում չկա, միայն կա դատավճիռ: Նախագահողը ցանկացավ իմանալ նաև, թե որ փուլում է Ա. Խալոյանի գործը, Ռ. Ռևազյանը ներկայացրեց, որ Ա. Խալոյանը դատապարտվել է ազատազրկման, իսկ գործը ներկայումս գտնվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Ռ. Ռևազյանը դատարանին խնդրեց` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել` վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումը, հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ և իրականացնել արդյունավետ քննություն:

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նախագահը հայտարարեց, որ գործի քննությունը հետաձգվում է: Պատասխանող կողմն իր ասելիքը կներկայացնի հաջորդ նիստի ընթացքում:

Նախագահը նշեց նաև, որ մինչ հաջորդ նիստը՝ դատարանը հարցումներ կուղարկի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ Ա. Խալոյանի դատավճիռը ստանալու, և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին` գործի ընթացքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4826 | 0 | 0
Facebook