Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կայացավ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհում» գրքի շնորհանդեսը

15:16, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Կայացավ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհում» գրքի շնորհանդեսը
     «Չհանձնվե՛ս, չհուսահատվե՛ս, չընկճվե՛ս: Հաջողությունը բազում անհաջողություններից է ի վերջո ծնվում», - հերոսի շուրթերով այսպես է արտահայտվում «Զուգահեռ աշխարհում» գրքի հեղինակ Մհեր Ենոքյանը, ապա, շարունակելով նույն հերոսի շուրթերով, ասես ինքն իրեն է համոզում. «Շարունակի՛ր գրել, գրիդ մե՛ջ է փրկությունդ»: «Զուգահեռ աշխարհում» գիրքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հեղինակած երկրորդ գիրքն է, որի շնորհանդեսը կայացավ այսօր Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Գրքի տպագրությունն իրականացվել է «Նարեկացի» մշակութային կենտրոնի հիմնադիր, բարերար Նարեկ Հարթունյանի և «Փրինթինֆո» տպագրատան օժանդակությամբ: Հեղինակը գիրքը նվիրել է լրագրող Զարուհի Մեջլումյանին, ում անշահախնդիր նվիրումը ոգևորում է իրեն: Շնորհանդեսին ներկա էին Մհերի ծնողները, հարազատները, գրքի տպագրության հարցում օժանդակող անձինք, արվեստագետներ, տարբեր հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ և ուղղակի սրտացավ մարդիկ, ովքեր հետաքրքրված են Մհերի ապագայով: Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ, բանասեր և հայագետ Արծվի Բախչինյանը նախ ներկայացրեց Մհերին, նրա գրական գործունեությունը, գրքերի տպագրման պատմությունը, ապա Նարեկ Հարթունյանը, մեջբերելով Մհերի խոսքերը, նշեց, որ հավատում է, որ մի օր պատիվ կունենա Մհերի ձեռքը ամուր սեղմելու: Ապա շնորհակալություն հայտնեց Զարուհի Մեջլումյանին, ում միջոցով կարողացել է ծանոթանալ Մհեր Ենոքյան մարդու և նրա հետ կապված անարդարությունների հետ: Մհերի մայրը՝ Վարդուհի Օհանյանը, ներկայացրեց Մհերի ուղերձը, որը հեռախոսով էր տղան թելադրել իրեն: Ուղերձում Մհերը ողջումում էր ներկաներին, իր շնորհակալությունն էր հայտնում իրեն օժանդակողներին, ոգևորողներին, ինչպես նաև ներկայացնում էր իր սրտի խոսքը. «Ցանկանում եմ, որ անտարբեր չլինեք մեր կողքին ապրող հարազատի, ընկերոջ հարևանի նկատմամբ, որովհետև հենց անտարբերությունն է ծնում զուգահեռ աշխարհներ»: Շնորհանդեսին ներկա էր նաև Մհեր Ենոքյանի նախկին խցակից Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ներկյացրեց, թե ինչպես է առաջին անգամ Մհերը մտել խուց, և ժամանակի ընթացքում ինչպես է Գ. Մարտիրոսյանը ճանաչել նրան: Նա նաև հարցեր բարձրացրեց, որոնց թվում՝ եթե Մհերն է մեղավոր՝ ինչու պետք է պարբերաբար գիշերով նրան խցից դուրս հանեին, որից հետո նա սփրթնած վերադառնար: Եվ քանի որ դա անթույլատրելի է և անօրինական, ապա նա եզրակացնում է, որ այդպես նրան վախեցրել են: Շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակ-կատարող Վարդան Գալստյանը, ով ներկայացրեց Մհեր Ենոքյանի առաջին` «Ես զրուցում եմ Քեզ հետ, մա՜րդ» գրքի հիման վրա գրված նույնանուն երգը: Ի դեպ, առաջին գիրքը լույս է տեսել 2011թ.-ի դեկտեմբերին, և գրքի վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ 2 երեխաների բուժման ծախսերը հոգալու համար: Իսկ երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի հասույթով հեղինակը ցանկանում է վճարել իր ուսման վարձը, քանի որ նա ներկայումս հեռակայում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Կազմակերպիչները նշեցին, որ գիրքն արժե 2000 դրամ, և ցանկացողներն այն կարող են ձեռք բերել ՆՓԱԿ-ից (ք. Երևան, Բուզանդի 3/1): Վերջում Ա. Բախչինյանը նշեց, որ Մհերի 2 գրքերը լավատեսության վառ օրինակ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մեկը, բազմաթիվ տարիներ լինելով փակված, չի կորցնում լավատեսությունը, բարությունը, աշխարհին պարզ, մանկան հայացքով նայելու կարողությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6158 | 0 | 0
Facebook