Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

Թանգարանը՝ ինքնամաքրման հնարավորություն

23:34, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Թանգարանը՝ ինքնամաքրման հնարավորություն

Հայաստանի պատմության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը բոլորովին վերջերս բացվեց Կառավարության թիվ-2 շենքում, որի առթիվ շնորհավորում ենք ցուցադրության կազմակերպիչներին և թանգարանի աշխատակիցներին: Մեր զրուցակիցը թանգարանի տնօրեն՝ Դավիթ Պողոսյանն է:


    

-Վերջերս բացվեց « Դրվագներ ինքնության.տարազ » խոսուն խորագրով և տեսնելու արժանի ցուցադրությունը: Ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց տարազի վրա և ոչ գորգի կամ կերամիկայի, որոնք նույնպես մեր ինքնության վկաներն ու բացահայտողներն են:

Ինչպես տեղյակ եք, թանգարանը գտնվում է արդիականացման աշխատանքների փուլում։ Դեռ նախորդ տարվանից սկսված նոր օդափոխության և ջերմախոնավային համակարգերի անցկացման աշխատանքները շարունակվում են։ Սակայն այս ընթացքում թանգարանը նաև առցանց էր աշխատում և տեղադրում տարբեր թվային նյութեր իր հավաքածուներից, որը զգացնել տվեց թեմայի հանդեպ հանրային հետաքրքրությունը։ Ուստի, որոշեցինք մեր հովանավորների և գործընկերների հետ համագործակցությամբ ի ցույց հանել թանգարանի հավաքածուից մի հատկանշական ընտրանի՝ որպես մեր ինքնության դրվագներից մեկը, այդպիսով նաև մեղմել թանգարանի փակ լինելու հանգամանքը։ Անշուշտ, թանգարանի հավաքածուն պարունակում է նաև մեր ինքնության այլ հետաքրքիր խորհրդանիշներ, որոնք ևս ապագայում կցուցադրենք։


    
    

-Ոչ վաղ անցյալում թանգարանները քարացած կառույցներ էին հիշեցնում, այսօր կարծես թե որոշ բաներ փոխվել են և փորձ է արվում թանգարանը դարձնել կենդանի օրգանիզմ: Ի՞նչ քայլեր է արվում այդ ուղղությամբ:


    

Թանգարանը՝ որպես հանրային ինստիտուտ, մշտապես վերափոխվում է համապատասխան հոգևոր պահանջմունքների հենքով և այսօր էլ այդ գործընթացում է։ Որոշ թանգարաններ ավելի արագ, մյուսները հանդարտորեն փորձում են հարմարվել այն սոցիալ-մշակութային միջավայրին, որը փոխվում է, ի հայտ բերելով սովորելու, հաղորդակցվելու նոր պահանջմունքներ և ընկալումներ։ Դրանք են, որ թանգարանին ստիպում են իր ավանդական գործառույթների իրականացման նոր մեթոդներ ու միջոցներ որոնել, արձագանքել իր շուրջն ընթացքող գործընթացներին և արժեքների փոխանցման ու իմաստավորման նոր հարթակի վերածվել։ Հայաստանի պատմության թանգարանն ինչպես իր հավաքածուների համալրման, արժևորման, անպես էլ հաղորդակցման գործունեության վերաիմաստավորման փուլում է, որով այն ավելի մոտ կլինի այցելուի արդի հաղորդակցման և արժեհամակարգերի ձևավորման պահանջմունքներին։ Կարծում եմ, ինչքանով էլ, որ դժվար լինի, թանգարանը կդառնա մշակութային փորձառության ակտիվ հարթակ և ավելի արդյունավետ կիրականացնի իրեն պատվիրակված կարևոր առաքելությունը։


    

-Մեր օրերում կան ժամանցի բազում վայրեր, կարող են նաև օնլայն շրջել աշխարհի լավագույն թանգարաներով. ինչը՞ և ինչպե՞ս պիտի շեշտադրվի ժամանակակից թանգարաներում, որպեսզի մարդիկ նախընտրեն կենդանի շփումը:


    

Ժամանակակից թանգարանները պետք է նորովի մոտենան իրենց վերապահված մշակութային ժառանգության հավաքման, պահպանման, մեկնաբանման և փոխանցման գործառույթների իրականացմանը։ Դրանց բոլորի հիմքում պետք է մշտապես լինի ապագայամետ մոտեցումները։ Մեր շատ թանգարաններ հիմնականում փորձում են արտացոլել անցյալի առավել հիշարժան իրողությունները կամ դրվագները, մինչդեռ շատ կարևոր է, թե մենք դրանով ինչ նպատակ ենք հետապնդում ապագայում։ Իսկ ապագայում արդեն նոր հաղորդակցման պահանջմուքներ և հնարավորություններ են, որոնք չեն բացառում կենդանի շփումը թանգարանում, այլ հակառակը, ավելի են արժևորում այն, եթե դրա հիմքում դրվում է բովանդակության մեկնաբանման և դրա հետ փորձառության ապահովման հետաքրքիր հնարավորություններ։ Կարծում եմ՝ ժամանակակից թանգարանում պետք է մշտապես լինի փորձառական կամ ներառական հաղորդակցման հնարավորությունները, թվայինի և իրականի գրագետ համադրությունները, համագործակցության և համատեղ բովանդակության ստեղծման ու տարածման եղանակները։


    

-Դուք աշխատում եք համագործակցության եզրեր գտնել տարբեր հաստատությունների հետ, դրանով աշխուժացնում եք թանգարանի ներքին կյանքը, թե ՞ փորձում եք այն գիտական կենտրոն դարձնել:


    

Համագործակցությունն արդի թանգարանի գործունեության զարգացման գրավականն է, որով թանգարանը առավել լիարժեք է իրականացնում իր սոցիալական գործառույթները։ Թանգարանի ներքին կյանքը և գիտական գործունեությունն իրար հետ կապված երևույթներ են և հակադիր չեն, քանի որ թանգարանը գիտելիքի ձևավորման և փոխանցման յուրահատուկ մի հարթակ է։


    

-Ըստ Ձեզ այսօրվա առաջնային մարտահրավերը ո՞րն է :

Այսօր շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ, թե ինչքանով ենք մեզ ճանաչում ու ինչքանով ենք անկեղծ, սթափ, առանց զգայական զեղումների ընկալում մեզ ու մեզ հասած արժեքները։ Թանգարանները հենց այն վայրերն են, որտեղ մենք կարող ենք ինքնամաքրվել, ինքնավստահությամբ լցվել, հարգել մեզ, մեր ունեցածը, արժևորել իրողությունները՝ անցյալից ապագա։


    

-Ինչի ՞մասին կուզեիք խոսել, որ ես չանրադարձա, կարող եք ասել որպես վերջաբան:


    

Վերջաբանում կուզեի ավելացնել, որ թանգարանները ժամանակի ընթացքում փոխվում են, սակայն շատ կարևոր եմ համարում, որ նրանք դրանով փոխեն մարդկանց։ Կարծում եմ՝ նոր ցուցահանդեսը «փոխվելով փոխելու» նման մի փորձ է՝ արժևորելով մեր ինքնության դրվագներից մեկը։


    

Սաթենիկ Ազատյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
611 | 0 | 0
Facebook