Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒնենք արդյո՞ք գենետիկ հիշողություն, թե՞ ոչ

00:01, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
ՈՒնենք արդյո՞ք գենետիկ հիշողություն, թե՞ ոչ

Սաթենիկ Ազատյան


    

Մենք, հայերս շատ ենք հպարտանում մեր հայկական գենով, մեր անցած դարավոր պատմությամբ, որի էջերը լի են վայրիվերումներով: Եվ անընդհատ ծեծվում է այն հարցը, թե՞ ինչքանով է մաքուր մեր գենը, և ունենք արդյո՞ք գենետիկական հիշողություն: Այս հարցերի պատասխանը փորձեցինք գտնել գիտական ապացույցներով, որով շուրջ քսան տարի է, ինչ զբաղվում է ՀՀԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր, մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Այս անգամ նա էր ՀՊԹ-ում պարբերաբար տեղի ունեցող դասախոսությունների հերթական բանախոսը՝ «Հայերի գենետիկական պատմության վերականգնումը» թեմայով:

-Ի՞նչ ասել է գենետիկական հիշողություն. ի՞նչ կարող է այն պահել և փոխանցել:

-Շատ ժամանակակից հարց է, քանի որ 5-6 տարի առաջ, այս հարցի շուրջ շատ-շատ էինք խոսում, բայց այդ ժամանակ դա կարծես թե վերացական իմաստով էր ընկալվում. Իսկ, այսօր, երբ խոսում ենք գենետիկական հիշողության մասին, արդեն ունենք գիտական ստույգ տվյալներ առ այն, որ ցանկացած իրադարձություն ունի ազդեցություն մեր գենետիկական նյութի վրա: Իհարկե, մարդու վրա նման փորձերի իրականացումը անհնարին է, բայց կենդանիների վրա արված փորձերի արդյունքները ապացուցում են, որ ցանկացած ստրեսային վիճակը, քիմիական ազդեցությունները, սովը որոշակի ազդեցություն է թողնում մարդու գենետիկական հիշողության վրա, որը ժառանգվում և փոխանցվում է հաջորդ սերունդներին: 20-30 –ականներին Սովետական Միությունը դժվար ժամանակաշրջան էր ապրում՝ սովի տարիներ էին. և ունենք հստակ տվյալներ, որ հաջորդող սերունդները կրել են տկարություն, որը պայմանավորված է եղել այդ գենետիկ հիշողությամբ:

Այստեղից հարց է ծագում, իսկ մեր գենետիկական հիշողությունը արդյո՞ք կապված է մեր պատմական իրադարձությունների հետ, թե՞ ոչ: Այսօր, այդ խնդիրը դեռևս ուսումնասիրված չէ. վերջերս հենց այդ հարցի շուրջ էինք զրուցում հոգեբանների հետ և եկանք այն մտքին, որ իրականացնենք մի աշխատանք, որտեղ՝ օգտագործվեն և՛ հոգեբանական նուրբ մեթոդները և՛ գենետիկականը: Փորձենք հասկանալ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները արդյո՞ք կրում են գենետիկական այդ հիշողությունը: Կարծում եմ, որ այս հարցը շուտով կուսումնասիրվի, ոչ միայն հայերի մետ, այլ նաև ցեղասպանություն ապրած մյուս ժողովուրդների մոտ, որովհետև դա շատ լուրջ խնդիր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ ցանկացած ցեղասպանություն, դա միայն ներկա բնակչության դեմ չէ ուղղված, այլ նաև գենետիկական ցեղասպանություն է հաջորդ սերունդների դեմ:

-Վերջերս մի հարցազրույց էի լսում, որտեղ ասվում էր, որ վերջին 8 հազարամյակում հայ կնոջ գենը չի փոխվել, նույնն է մնացել: Ի՞նչ կասեք:

-Ոչ թե հայ կնոջ գենը, դա մեղմ ասած, գավառական բնույթի ձևակերպում է: Հայ կանանց գենոֆոնդը՝ միտոքոնդրումային ԴՆԹ-ն, որը բոլորս էլ կրում ենք, բայց միայն կանայք են փոխանցում սերնդե-սերունդ, այ դա չի փոխվել: Իսկ ի՞նչ է դա նշանակում, եթե խոսենք բոլորին հասկանալի, առօրյա լեզվով՝ կանանց զանգվածը տարբեր սերունդներում գրեթե չի փոխվել օտարածին ազդեցության տակ: Այսինք կանանց 90 % -ը հիմնականում եղել են տեղաբնիկ, տեղացի և այդ տոկոսային հարաբերությունը ապահովել է շարունակականությունը առնվազն 8000 տարվա: Դրա մասին է խոսքը, այլ ոչ թե գենը. իմ գենը, ձեր գենը աչքի գույնի հետ կապված նույնն է, ուղղակի մուտացիաներն են տարբեր: Մասնագետը պետք է խոսի մասնագիտական լեզվով:

-Ձեր կատարած գենետիկ հետազոտությունները կարո՞ղ են պնդել և ապացուցել այն կարծիքը, որ հայերը եկվորներ չեն:

-Կարծում եմ, որ մենք արդեն ապացուցել ենք, և այսօր այդ աշխատանքը գտնվում է գրախոսների մոտ:

-Իսկ ընդդիմախոսները շա՞տ են աշխարհում:

-Գիտեք ընդդիմախոսները ովքեր են, այն մարդիկ են, որոնք չեն ուզում փոխել իրենց կարծրացած կարծիքները: Եթե ունես վստահելի և համոզիչ ապացույցներ՝ դա է գիտությունը. իսկ, եթե միայն ենթադրություններ են ու քիչ տվյալներ, դա արդեն գիտություն չէ:

Հայ ժողովրդի պատմությունը հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլև օտարներին, քանի որ մեր պատմությունը նաև եվրոպական շատ ժողովուրդների ակունքներն է:

-Ըստ, Ձեր լաբորատոր հետազոտությունների հայ ժողովուրդը ունի 4000 տարվա՞ գենոֆոնդ:

-Կայունացած գենոֆոնդ, այո: Եթե սկսենք կայունացման ժամանակաշրջանից, մոտավորապես 6000 տարվա. Այսինք 6000 տարի առաջ մեր գենոֆոնդը սկսել է առանձնանալ և ձևավորվել՝ ներառելով շատ տարբեր ցեղախմբեր և այդ խառնակման միջոցով ձևավորել և բերել է մի բազմություն, որը գրեթե անփոփոխ գոյատևում է 4000 տարի: Քիչ չէ:

-Իսկ ի՞նչ է գենետիկական քարտեզը:

-Հիմա մենք ունենք շատ լավ ապացույցներ, որ այն տարածքը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծվել և կայունացել է, այսինքն պատմական Հայաստանի տարածքը այսօր դեռ գոյություն ունի. Եթե այն գոյություն չունի քարտեզների վրա, ապա գենետիկական քարտեզի վրա գոյություն ունի: Մենք հրապարակել ենք մի քարտեզ, որտեղ գենետիկական մեթոդներով փորձել ենք վերականգնել այս կամ այն ժողովրդի տարածքային ուրվագծերը: Հայկական գենետիկական բնապատկերը խիստ համընկնում է մեր պատմական Հայաստանի տարածքի հետ:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6285 | 0 | 0
Facebook