Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենախոսություն

20:57, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Մենախոսություն

Սցենարը գրվել է Սիլվա Կապուտիկյանի սիրային պոեզիայի հիման վրա:


    

Մենք հանդիպեցինք քաղաքում այս յոթ կայարանների. իսկ հետո այս յոթ կայարանները իրենց ռելսերի զույգ-զույգ թևերով քեզ դուրս քաշեցին, տարա՜ն իմ գրկից: Դատարկվել եմ ես, ինչպես գնացքի մեկնումից հետո մատույցներն այդ յոթ կայարանների.

Օ՜, բոլոր այդ յոթ կայարաններում անթիվ, անհամար հրաժեշտներից ժամ-ժամ կուտակվող կարոտն է իմ մեջ, ու յոթ կողմերով անցնող-հեռացող շոգեքարշների որբ սուլոցներով ես եմ հառաչում տխուր, ամայի ճանապարհներին…Ես դատարկված ու հուսալքված…

Աշխատում եմ մոռանալ քեզ, ազատվել քո կախարդանքից…Հետո նորից նույն կարոտն է վառվում իմ մեջ, նույն տենչանքն է ծնվում…

Քեզ գտնելու անհուսությունը սպանում է ինձ…

Բայց ես ուզում եմ, ուզո՛ւմ եմ, որ սիրտս որտեղ դու ես փակվել ու դուրս չես գալիս, չհիշի քեզ և ինքս իմ դեմ լուռ մռայլվում՝ սիրուս համար խանդում եմ քեզ, որ հեղհեղուկ այս աշխարհում դու սիրահա՜ր ունես ինձ պես:


    

Ես անգիր գիտեմ գրած նամակդ, կարդացել եմ քանի՜ անգամ, բայց քրքրում եմ նորից դարակս, որ նորից տեսնեմ, նորից կարդամ…Բայց ինձնից նամակներ դու մի հուսա, բառերս այնտեղ գորշ են ու սառ, ես վախենում եմ բացվել այնտեղ, ես վախենում եմ քնքուշ խոսքերից. քաշվում եմ լինել հորդ ու անկեղծ, ամաչում եմ իմ տառապանքից…


    

Տարիներ անցան…Հանդիպեցիր ինձ փողոցում, և իմ մոտով արագ անցար. Օրորվեցին աչքերիս դեմ շենքեր, մայթեր, անցորդ ու ծառ: Ինչ-որ մեկը բարև ասաց, անցավ՝ ինձնից անպատասխան. Մի անցորդի դիպա հանկարծ՝ սուր ետ նայեց դժգոհ մի ձայն. ու զարկում է սիրտս էլի, ինչու, ի՛նքս էլ լավ չգիտեմ…Ավա՜ղ, իսկ ես կարծում էի մոռացել եմ քեզ արդեն…

Տարիները չեն մոխրացրել իմ սերը…նույն կարոտն է, նույն տենչը…Աստվա՜ծ իմ նույն աղջնակն եմ մնացել…Ուզում էի այսօր մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ. բայց ինքս ինձ նորից գտա փողոցում, նորից սիրող, նորի՛ց խենթ…Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում. քեզնո՛վ է լի սիրտս, շուրջս ու ճամփաս, քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:

Մայթին ընկած սլացիկ շուքը ժայռի կիսալույսում ինձ քո ստվերն է թվում.

Բարձրահասակ մեկը գալիս է հեռվից՝ ինձ թվում է, թե այդ դու ես հեռվից երևում: Իմ ետևից քո ոտնաձայնն է ասես, ետ եմ դառնում՝ օտար դեմք է նայում ինձ. մեկը խոսեց, թվաց քո ձա՜յնն է անտես, դո՝ւ ես ելնում դեմի անկյունից…

Ու փնտրու՜մ եմ, ու փնտրու՜մ եմ, ու փնտրո՜ւմ…փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած, և կարոտից խեղդվո՜մ եմ խենթացած:

Ում որ այսպես որոնո՜ւմ են աշխարհում, նա պիտի գա՛ անպայման…


    

Ընդամենը մի մոխրագույն տաքսի, գործարանային թաղերով անցնող մի գորշ ճանապարհ…ինձ տարավ, տարավ, տարավ դեպի ետ, դեպի կապո՜ւյտը իմ պատանության…

Ու մոտեցնում է ինձ՝ քեզ, քո տանը…քո խեղճ սենյակը՝, -դասը չիմացող ուսանող ասես՝ հեզ կարկամել ես…Չէի՞ր սպասում այցելությանս… նայիր ես այսօր տասնյոթամյա մի աղջկա պես փխրուն եմ, խոնարհ…

Հանի՛ր, օ, հանի՛ր ուսից իմ հոգնած այս կարակուլե հիմար մուշտակս, հանիր հոգսերս, հանիր տարի՜քս նետիր քո միակ խալխուլ աթոռին, նետի՜ր ուր կուզես:

Փակի՛ր դռները, վարագույրը հին, փակի՛ր աներես այս ընդունիչը- փակիր աշխա՜րհը, փակի՛ր, թող մնա ամեն ինչ դրսո՛ւմ, ամեն ինչ՝ դատար՛կ, ամեն ինչ՝ իզո՜ւր միայն՝ դո՛ւ, միայն՝ քո սիրահարված հայացքի շուքը, միայն՝ ուշ գտած իմ երջանկության դժվար արցո՛ւնքը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7840 | 0 | 0
Facebook