Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն ինչ հասկըցա, ամեն ինչ գիտեցա», - առանց ափսոսանքի ասում է նախկին դատապարտյալը

00:15, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
«Ամեն ինչ հասկըցա, ամեն ինչ գիտեցա», - առանց ափսոսանքի ասում է նախկին դատապարտյալը

Ալիկը դատապարտվել է գողություն կատարելու փորձի համար: Քրեական օրենսգրքով՝ այդ հանցանքի համար սահմանված է 2-6 տարվա պատիժ: Ալիկը մալուխ գողանալու փորձ է կատարել ընկերների հետ: Նեղ պայմաններում են եղել՝ ինքն էլ, ընկերներն էլ, որոշել են գողության միջոցով հացի, «պապիրոսի փող հանեն»: Իրենցից առաջ արդեն տարել էին գողության «թիրախը» ՝ կաբելը, ընդամենը 3-4 մետր է մնացած եղել: Ոստիկաններն այս անգամ տեղում են գտնվել և հասցրել են բռնել չստացված գողերին: Գողերն էլ՝ ոչ դես, ոչ դեն, խոստովանել են իրենց մտադրությունը, նմանապես՝ մեղքը: Քառասունամյա Ալիկը պատիժը կրել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: Անազատության մեջ, ճիշտ է, երկար չի գտնվել, բայց դա էլ բավական է եղել` հիմնովին ճանաչելու համար «բերդ» կոչված երևույթը՝ իր ներքին օրգանիզմով և դրա կենսագործունեությամբ: Ու, որ ամենակարևորն է, իր ինքնակարգավորվող բնազդով:

«Ազատվել եմ 1/3-ով, նստել եմ ութ ամիս, -ասում է, -հաշվի առան, որ առաջին դատվածությունս է, հետո՝ լավ եմ պահել ինձ, ու ազատեցին»: Պատիժը կրել է բանտախցում, որտեղ 12 կալանավորներ են եղել: Հարաբերությունները վերակացուների, ադմինիստրացիայի հետ լավ է բնութագրում, ասում է. «Ծեծել-մեծել չկար, ով որ խելառություն կեներ կամ սուտ խելառ կխաղար, ընոնց կծեծեին, ով որ իրան խելոք կպահեր՝ ձեռք չէին տա: Էդ խելռություն էնողներին էլ հետո կսրսկեին, որ սրանք խելոք մնային: Օրը երեք անգամ հաց կուտային, մեկ անգամ պռագուլկի կհանեին»:

«Բերդում գողը մեկն է, բայց մե կամեռըմ հո բդի նստած էղնի: Գողին էլ բերդում Քերոբ կսեն, մնացածը սաղը «հարիֆ» են կոչվում»: Ալիկն ասում է, որ ամեն խցում մեկը կա, որ այդ խցի «նայողն» է, որ կարող էր գող չլինել, բայց հասկացող՝ «խարոշի» կամ գողին հավասար տղա լիներ: Ասում է, թե կարգն է այդպես. «Դրսից որ բան կուղարկեին, ինքը ռասպառիժատցը կեղներ, թե ում ինչ տա, ում չտա՝ «քեզի են բերել, բայց ես կվերցնեմ» . էդ կարգի»:

Հարցնում եմ, բա ի՞նչ չափանիշներով էր ինքը դառնում այդ խցի նայողը՝ ինքը նրանցից ամենաուժե՞ղն էր: «Չէ, - ասում է, - ինքը միջների հասկցողն է, ժամանակին ասպարեզի տղա է եղել, ուղղակի իրան մամենտի տակ «թռցրել» են: Օրինակ՝ կար մեկը, իրան գիտեի, թևերը, դոշերը պիսկռտած, ինքը վախտին կարգին տղա էր եղել, կնայեր էդ տղոնցը»:

Տեսակցություններ լինում էին՝ ամիսը մի անգամ: Ապակեպատից էին մարդիկ զրուցում: Ապակու վրա անցքեր կան, որոնք թույլ են տալիս միմյանց լսել: Անձնական տեսակցություններ էլ էին լինում: Սնունդը լավ էր, շարունակում է Ալիկը, երեք անգամ կերակրում էին, իսկ եթե ուզեիր՝ լրացուցիչ էլ կտային: Ամբողջ օրը խցում էին լինում, մեկ-երկու ժամ զբոսանքի էին հանում՝ ցանցապատված մի տարածությունում, հետո տանում էին խցերը:

Հիգիենայի պարագաները կալանավորները տանից էին ստանում: Սայրերը միայն տալիս էին սափրվելու ժամանակ, դրանից հետո ետ էին վերցնում, վտանգավոր է դիտվում կալանավորի մոտ սայր թողնելը: Ալիկն անձամբ բուժսպասարկման կարիք չի ունեցել, բայց բուժկետում, պատմում է, ատամ էլ էին հեռացնում, կույրաղիքի վիրահատություն էլ էին անում: Կալանավորները չէին դժգոհում:

Երբ խցում ընդհարում էր լինում կալանավորների միջև, գործը վերակացուների միջամտությանը չէր հասնում՝ «Հասկըցող տղա կար, ըմպես կեներ, որ ըդիկ կանխեր»: Բանտի աշխատակազմի վերաբերմունքը բոլոր կալանավորների հանդեպ միանշանակ չէր, դա կախված էր այն հանգամանքից, թե ով ինչպիսի հոդվածով էր նստած: «Օրինակ՝ մե հոգիմ եկավ, 15 տարեկան աղջիկ էր բռնաբարել, ըդուր ծեծեցին: Սկզբից որ էկել էր, 30-40 հոգանոց կամեռ էր, սկզբում ընտեղ կնստին, «նայող» չկա, հետո կորոշվի, թե ում ուրտեղ ուղարկեն»:

Կրոնական և սեռական այլ կողմնորոշում ունեցողները միևնույն խցում էին նստում: Մի իսկական աղջիկ էին բերել՝ երկարամազ, երկար եղունգներով, փարթամ կրծքով, շրթներկով: Պարզվել էր, իրականում իրեն Նառա անվանողը ծնունդով Հովհաննեսն է, «որ տեսնեիր, չէիր ասի, թե ըդիկ տղա է: Կսեր, թե տասը տարեկանից ըդուրով է զբաղվել՝ համ ըմպես կենե, համ ըմպես, մե խոսքով՝ էրկու տեսակով դուսընկած էր»: Այս Նառան ընկերոջը ծեծելու համար էր բերդ ընկել: Ընկերը նրան դավաճանել էր՝ ամուսնացել էր իրական աղջկա հետ: Հենց դա էլ Նառայի վրեժխնդրության պատճառն էր դարձել:

Մոլախաղի մեջ ներքաշելու դեպքեր էլ էին լինում: «Բայց եթե չէիր ուզե ղումար խաղալ, կերթայիր, կդիմեիր գողին-պատմում է Ալիկը, -ինքը կկանչեր, կասեր, թե էդ տղուն մի կանչե ղումար խաղալու, դու գործ չունես իրա հետ: Գուզես, կսեր, արի հետս խաղա»:

Այսօր, երբ Ալիկը բերդի մասին հիշում է որպես իր կյանքում թերթած մի էջի, հարցնում եմ, թե այնուամենայնիվ, ի՞նչ տվեց նրան ազատազրկումը,

«Բանտը՝ ընձի էդ տղոնց մեջն էղնելու, իրանց հասկընալու հնարավորություն տվեց: Առաջ, որ չէի եղել, ուզում էի հասկընալ իրանց հոգեբանությունը: Գնացի, սաղ տեսա: Էն տպավորությունն է, որ լրիվ ուրիշ տեղ կերթաս: Ճանապարհորդության պես մի բան է: Ամեն քայլը ճիշտ բդի դնես, որ ծուռ չեղնի, ճիշտը բդի խոսաս, ուրիշի ունեցածը՝ տիրոջ չիմանալով չվերցնես, որ «շկոդնիկ» չեղնիս»:

Իսկ թե ինչից զրկեց իրեն բանտը, որքան էլ զարմանալի է, Ալիկը պատասխանում է. «Կհավատա՞ս, ոչնչից: Տանը չէի, բայց գալիս էին տեսակցության: Ճիշտ է, շատ չեմ նստել, բայց և հեչ մի բանից էլ չեմ զրկվել: Ամեն ինչ հասկըցա, ամեն ինչ գիտեցա»:

Սամվել Հունանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5709 | 1 | 0
Facebook