Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն օր արթնանում ես ու նույն դեմքերն ես տեսնում»

17:39, հինգշաբթի, 25 ապրիլի, 2013 թ.
«Ամեն օր արթնանում ես ու նույն դեմքերն ես տեսնում»
     Տիգրանը (անունը փոխված է), 1993-2003 թթ. լինելով ազատազրկման մեջ, պատիժը կրել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): Դրան հաջորդած՝ ազատության մեջ ապրած տաս տարիների ընթացքում նա կարողացել է պայքարել ՔԿՀ-ներում անցկացրած տարիների թողած ազդեցության դեմ, և հիմա սառը անտարբերությամբ է պատմում, թե անազատության երկար ու ձիգ 10 տարիներն ինչպես են անցել: Իսկ անազատությունն սկսվել է Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ թեպետ խցերը նախատեսված են եղել 12 հոգու համար, սակայն ամեն խցում մշտապես 18-20 հոգի է եղել, և շատերն ստիպված են եղել հերթափոխով քնել: Բանտային սնունդը, ինչպես ինքն է նշում, «ուտելու բան չէր», աղ չէին օգտագործում սննդի մեջ, «քանի որ հետո աղով սնունդը չէին կարող խոզերին տալ» . աղը դրվում էր սեղանին: Այսուհանդերձ, ազատազրկվածները սոված չէին մնում, քանի որ բավականին շատ հաց էր տրվում, սակայն, ինչպես նշում է Տիգրանը, «եթե սնունդը դրսից չբերվեր՝ կալանավորները կմահանային» …

Թե ինչ վերաբերմունք է լինում նոր եկած ազատազրկվածի նկատմամբ, որոշվում է մինչև նրա` ՔԿՀ մտնելը. «երբ նոր ազատազրկված է գալիս, կալանավայրում արդեն իմանում են, թե նա ով է և որ հոդվածով է դատապարտվել: Հոդվածից է կախված, թե ինչպես կվերաբերվեն նրա հետ: Դրանով էլ որոշվում է, թե նա կարո՞ղ է դառնալ արտոնյալ, թե ոչ»: Իսկ արտոնություն տրվում է այն անձանց, ովքեր «պերվի կրուգ» տղա են համարվում: Նրանք դրսի ապրած կյանքով ճանաչված տղաներ էին, հայտնի հանցագործներ»: Ինչպես նշում է Տիգրանը, որպես արտոնություն` նրանք կարող էին զբոսանքի շատ գնալ, դուռը բաց թողնել և օդափոխել սենյակը, ինչը մյուսները չէին կարող անել: Արտոնյալ կալանավորները կարող էին բանտում ազատ տեղաշարժվել, անգամ՝ քաղաքացիական հագուստով շրջել:

Տիգրանը պատմում է, որ ազատազրկման տարիներին եղել է դեպք, երբ «պերվի կրուգ տղերքն» իրար հետ վիճել են: «Պատճառը զոնը նայելու պրոբլեմներն էին: Այդ ժամանակ զոնում կալանավորները երկու մասի էին բաժանվել: Ադմինիստրացիան միջամտեց, կարմիր բերետավորներ եկան…»:

Իսկ ընդհանրապես ադմինիստրացիան չի միջամտում միջանձնային հարաբերություններին: Չեն լինում նաև Ճնշումներ. «այնտեղ օրենքներն այնպես են դրված, որ կարելի է ասել՝ ավելի մարդկային են, քան թե դրսում»:

Տիգրանը պատմում է մի դեպք, թե ինչպես է ազատազրկվածներից մեկը հասարակության շրջանում հրապարակայնացրել բանտային «ներքին խոհանոցին» վերաբերող որոշ հարցեր: Բանտի վարչակազմը, իմանալով այդ մասին, բռնություն է կիրառել այդ անձի նկատմամբ: Այդ դեպքը Տիգրանը բնական է համարում, քանի որ բանտում կա չգրված օրենք՝ հասարակությունը չպետք է տեղյակ լինի բանտային կյանքի մանրամասներին, վարքուբարքին:

Տիգրանը պատմում է նաև այսպես կոչված «օբշչյակի» մասին, ասում է, որ դա կամավոր սկզբունքով է, եթե գումար ունեն՝ տալիս են, չունեն՝ չեն տալիս, ոչ ոք չի ստիպում: Բացի այդ, ազատազրկվածներն իրենց ստացած «պերեդաչիներից» մաս են առանձնացնում «օբշչյակի» համար, և այդ հավաքվածից բաժանվում է նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: «Ազատության մեջ որ ծխախոտ չունենաս, ոչ ոք քեզ չի տա, իսկ բանտում քեզ առանց ծխախոտի չեն թողնի, ոչ մի խտրականություն չկա: Տրվում է նաև սուրճ, թեյ», - ասում է Տիգրանը և ավելացնում, որ եթե ինչ-որ մեկը լուրջ հիվանդ է, իսկ դեղեր չկան, ապա գումար է տրամադրվում նաև դրսից դեղեր բերելու համար:

Իսկ «օբշչյակին» գումար չմուծողներին, ըստ Տիգրանի, ոչ ոք չի ստիպում և չի ճնշում. «Վատ բան մի արա, մարդ մի ծախի, մնացածը նորմալ կլինի», -ասում է նա:

Տիգրանը պատմում է, որ կան մարդիկ, ովքեր գաղութում աշխատել են և ստացած գումարից էլ օգնել են «օբշչյակին»:

Տիգրանի խոսքերով՝ աշխատող ազատազրկվածներին սովորական են վերաբերվում, ավելի շատ՝ հարգում են աշխատող մարդուն: «Իսկ շա՞տ են այդ աշխատատեղում ընդունվել ցանկացողները» հարցին նա պատասխանեց, որ ամեն մարդ չի ցանկանում ընդունվել աշխատանքի. «իրեն թունդ գողականի տեղ դնողը չի գնա` սեղան հավաքի, քանի որ եթե դիմեցիր աբսլուգ [սպասարկող] աշխատելու՝ էլ չես կարող գողական շրջապատի մեջ լինել»: Խոսքը ճաշարանում աշխատողների մասին է, իսկ, ինչպես նշում է Տիգրանը, գաղութում հիմնական գործ անողները` մաքրություն ապահովել, ավել անել, աղբը թափել և այլ գործեր, սեռական փոքրամասնության ներկայացուցիչներն են կատարում. «Նրանցից բացի, ոչ մի մաքուր տղա չի գնա զոն ավլի, դա նրանց պարտականությունն է», -ասում է Տիգրանը:

Բոլոր ՔԿՀ-ներում, որտեղ ինքը գտնվել է, սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ եղել են: Նրանք իրավունք չունեն բոլորի հետ նույն տարածքում քնել, նրանց հատկացված վայրն առանձին է: «Նրանք մաքուր բանտախցում քնել չեն կարող» – ասում է Տիգրանը եւ պարզաբանում՝ եթե խցում քնում են սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, ապա դրանով արդեն այդ բանտախուցը մաքուր համարվել չի կարող: Նրանք նաև իրավունք չունեն օգտվել ընդհանուրի համար նախատեսված սպասքից: Պարտադիր պայման է նաև սեռական փոքրամասնությունների մասին տեղեկություններ իմանալու դեպքում անպայման բանտակիցներին հայտնելը. «Եթե ինչ-որ մեկն իմացել է և տեղյակ չի պահել մյուսներին՝ նրա համար վատ է լինում… նրան էլ չեն թողնի լավ կռուգի մեջ», - ասում է Տիգրանը:

Հիմնական զբաղմունքը ՔԿՀ-ներում գումարով խաղերն են. «Առանց դրանց չի լինի», -ասում է Տիգրանը: Գումարի վճարման օրը խաղից առաջ է որոշվում, և նշված օրը մինչև 24: 00-ն պայմանավորվածությունն ուժի մեջ է լինում: Իսկ եթե ինչ-որ մեկը գումար է պարտվել և ուշացրել է, կամ ուղղակի չի կարողացել գումարը տալ, ապա այդ անձանց հետ, ինչպես վստահեցնում է Տիգրանը, ոչինչ էլ չի պատահում, ուղղակի դրանից հետո նրանց անունն ընկնում է, նրանց սկսում են «ֆուֆլոշչնիկ» կոչել, և նրանք այլևս իրավունք չեն ունենում գումարով խաղալու, ինչպես նաև «խառնվելու գողական ռազբորկեքին»: «Լավ տղեն իրավունք չունի սուտ ասի. եթե ես ասում եմ՝ այսինչ օրը քեզ այսինչ բանը կտամ, ապա պարտադիր պետք է տամ», - ասում է նա ու պատմում մի դեպք. «օրինակ, մարդ կա՝ թասիբ ունի. փողը չէր կարողացել բերել, գնացել էր՝ իրեն կախել»:

Ըստ Տիգրանի՝ կամավոր է նաև խաղերին մասնակցելը, եթե չկա ցանկություն, ապա ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին ներքաշել խաղի մեջ. «Դրա համար զոն նայող կա, կգնաս-կասես, կբռնեն՝ հերը կանիծեն: Այդ հարցերը զոն նայողն է կարգավորում», ասում է Տիգրանը:

Տիգրանը պատմում է նաև, որ իր ազատազրկման տարիների ընթացքում մոտ 10-15 հոգի մահացել է տարբեր՝ թոքերի, սրտի և այլ հիվանդություններից: Եղել է դեպք, երբ ազատազրկվածը գաղութում մահացել է, հետո են տարել Կենտրոնական հիվանդանոց, որից հետո են միայն հանձնել հարազատներին: Նա լռում է մի պահ, ապա ավելացնում. «Այնտեղ բացի տանջանքից ուրիշ բան չկար», իսկ թե որն է տանջանքը՝ պարզաբանում է` «այն, որ ամեն օր արթնանում ես ու նույն դեմքերն ես տեսնում»:


    

Հ.Գ. – Տիգրանը որոշ չափով դրական է տեսնում բանտային վարքուբարքը, օրինակ՝ «օբշչյակի» և խաղերի կամավոր լինելը և այլն: Համեմատելով նախկին այլ ազատազրկվածների հետ անցկացրած հարցազրույցների հետ` կարելի է եզրակացնել, որ հավանաբար երկար տարիների ազատազրկումը (10 տարի) հետք է թողել նրա հոգեբանության վրա` նպաստելով ավելի դրական քողի տակ տեսնելու դեպքերը, կամ ինքը՝ Տիգրանը, իր իսկ բառերով ասած «պեռվի կռուգի» տղաներին մոտ կանգնած մարդ է եղել կալանավայրում:


    

Հասմիկ Հովհաննիսյան

www.armhels.com
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5758 | 0 | 0
Facebook