Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե ինչ է լինում, երբ քաղաքացին դեմ է դուրս գալիս ոստիկանությանը

14:13, հինգշաբթի, 18 ապրիլի, 2013 թ.
Թե ինչ է լինում, երբ քաղաքացին դեմ է դուրս գալիս ոստիկանությանը
     2013թ.-ի ապրիլի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացավ Արմեն Խալոյանի դեմ գործով դատական նիստը, որի ընթացքում հանդես եկան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը` պաշտպանական ճառով, և Արմեն Խալոյանը` վերջին խոսքով:

Ա. Խալոյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ (ապօրինի կերպով սառը զենք կրելը), 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի 2-րդ մասերով (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) …

Դատական նիստն ավարտվեց. դատավոր Մնացական Մարտիրոսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, ըստ որի` Ա. Խալոյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր հոդվածներով և դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 250.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Թեև պաշտպանական ճառում նշված էին Ա. Խալոյանին արդարացնող հանգամանքներ իրեն մեղսագրվող յուրաքանչյուր արարքի վերաբերյալ, սակայն դատավորի որոշման վրա այն որևէ ազդեցություն չունեցավ, և կայացվեց մեղադրական դատավճիռ:

Դատավճռի ընդունման վրա չազդեց նաև այն հանգամանքը, որ Ռ. Ռևազյանն իր ճառում նշեց նախաքննության ժամանակ քննիչների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես` չի տրվել պաշտպան ունենալու և դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու հնարավորություն: Փոխարենը գործերում կան արձանագրություններ, որ Ա. Խալոյանը հրաժարվել է պաշտպանի և դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու հնարավորությունից:

2013 թ.-ի նոյեմբերի 3-ի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում Ա. Խալոյանը հայտարարել էր. «Հարգելիʹ դատարան, ես պահանջել եմ փաստաբան, որի իրավունքը ես ունեի, չարեցին: Շատ ծանր հիվանդ վիճակում եմ, այս արդեն 20 օր է, ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերում, այս 3 օր է` սոված եմ, ինձ չեն կերակրում…»: Նորից պաշտպան չի տրամադրվել ու բուժօգնություն չի ցուցաբերվել: Դրանից հետո նոյեմբերի 14-ին Ա. Խալոյանն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստիպված է եղել նույն բովանդակությամբ դիմում-բողոք ուղարկել քննիչ Լ. Թաթոյանին: Դա էլ ոչ մի արդյունքի չի հասցրել: Փոխարենը նոյեմբեի 30-ի թվագրումով գործի մեջ կա արձանագրություն, որում նորից նշվում է, որ Ա. Խալոյանը հրաժարվում է պաշտպանից և արձանագրությունները չի ստորագրում: Այդ փաստերի վրա հիմնվելով` պաշտպան Ռ. Ռևազյանը կատարում է հետևություն. «Այն, որ այսքան դիմումներից հետո նույնիսկ պաշտպան չի տրամադրվել, և տարբեր արձանագրությունների տակ բացակայում են Ա. Խալոյանի ստորագրությունները, պաշտպանական կողմի մոտ ողջամիտ համոզմունք են առաջացրել, որ նախաքննության մարմինները զրկել են Ա. Խալոյանին որևէ դիրքորոշում հայտնելու և իր այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից»:

Ռ. Ռևազյանը հայտարարեց, որ նախաքննության ժամանակ կեղծվել են ապացույցներ՝ վկաների ցուցմունքները, և դրանք չեն կարող լինել արժանահավատ` մանրամասնելով, որ երեք վկա-ոստիկանների ցուցմունքները վերարտադրված են համակարգչային եղանակով, պատճենված, արտատպված են, այդ ցուցմունքներում, տվյալ վկաների անհատականացնող տվյալներից բացի, չկան այլ տարբերություններ, բոլոր բառերը, քննիչի հարցերը, նույնիսկ ստորակետները նույնն են: Սակայն դա էլ ազդեցություն չունեցավ:

Չօգնեցին նաև Վճռաբեկ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային բազմաթիվ օրինակները, որոնք մեկ-մեկ նշում էր պաշտպան Ռ. Ռևազյանը:

Արդյունքում` դատավճիռ. 5 տարվա ազատազրկում և 250.000 ՀՀ դրամի տուգանք: Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքացին դեմ է դուրս գալիս ոստիկանությանը:


    

Հ.Գ. Ա. Խալոյանը 2013թ.-ի ապրիլի 17-ին հայտարարել է հացադուլ, իսկ պաշտպան Ռ. Ռևազյանը հավաստիացրել է, որ դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանում:

Պաշտպանական ճառին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4383 | 0 | 0
Facebook