Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երբեմն հսկիչները ջարդում կամ խցից տանում էին այն ամենը, ինչ բանտարկյալների հարազատներին էին բերել»

15:02, ուրբաթ, 12 ապրիլի, 2013 թ.
«Երբեմն հսկիչները ջարդում կամ խցից տանում էին այն ամենը, ինչ բանտարկյալների հարազատներին էին բերել»
     2004 թ.-ին Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործում մեղադրվող Արայիկ Զալյանը, ում ցմահ էին դատապարտել, երկու տարի ութ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո արդարացվեց: Եվ այդ անվերջանալի թվացող տարիներին նա հասցրել է լինել Գորիսի, Նուբարաշենի և Ստեփանակերտի (այժմ այն տեղափոխվել է Շուշի) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): Իսկ մինչ այդ ռազմական ոստիկանությունում 72 ժամվա փոխարեն 3 ամիս անօրինական կերպով պահելու վրա էլ աչք փակել հնարավոր չէ: «Դե դա բնական էր… ո՞վ կմտածեր, որ անօգնական զինվորը ինչ-որ բան կարող էր անել», - պատմում է Արայիկ Զալյանը:

Թե ինչ է կատարվում զարհուրանք պատճառող բանտի պատերի ներսում, այդ մասին որոշեցի զրուցել Զալյանի հետ: Եվ չնայած, որ Արայիկին արդարացնելուց հետո արդեն տարիներ են անցել, և միգուցե որոշակի փոփոխություններ էլ արված լինեն բանտերում, բայց հարցերին տված նրա պատասխանները ինձ և հուսամ` շատերին հնարավորություն կտան որոշակի պատկերացում կազմել ՀՀ-ի ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի ու պայմանների մասին:

Ւնչպես բոլոր ՔԿՀ բերած կալանավորներին, Արայիկ Զալյանին էլ սկզբում տեղավորել են կարանտինի խցում: Երեք օր շարունակ զինվորին այնտեղ պահելուց հետո են որոշել, թե նրան որ խուց են տեղափոխելու: Ըստ երևույթին, կալանավորին տեղափոխում են նույն կարգավիճակում գտնվող կալանավորների խուց (արդեն դատապարտվածների, մինչ դատական վարույթի, պատիժը կրողների և այլն):

Երբ հարցրի, թե արդյո՞ք նախնական բուժզննում անցել է, Զալյանը պատասխանեց. «2004 թ.-ին դեռ բուժզննում անցնելը նորմալ կարգավորված չէր: Ես նույնիսկ չեմ հիշում առաջին անգամ բուժզննում անցա, թե չէ»:

Կարանտինի խցի սանիտարահիգիենիկ վիճակը ծայրահեղ անմխիթար էր, քանի որ այնտեղ հիմնական բնակիչ չի լինում: Կեղտոտ պատերով, խոնավ, ցուրտ սենյակ էր, զուգարանի պատը կիսով չափ շարված ու դուռ չուներ. «Ամենաճնշող խցերից էր… չկար ոչ մի պայման …ով գալիս էր, մի բան փչացնում, գնում էր», - պատմում է Արայիկը: Նրան տեղավորում են 71-րդ խցում, որը նախատեսված էր դատական պրոցեսի մեջ գտնվող, առաջին անգամ կալանավորվածների համար:

Խցի պատերի տակ վեց հատ երկհարկանի մահճակալ էր, իսկ կենտրոնում՝ սեղան՝ երկու նստարաններով: Իսկ երբ 2006 թ.-ի հունրվարի 11-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար «Եվրոպական բանտային պայմանների մասին» հանձնարարականով սահմանվեց բանտախցում մեկ կալանավորի համար 4 քառ/մտարածք ունենալու նորմը, երկու մահճակալը հանեցին, բայց կալանավորների թիվը չկրճատվեց, և ոմանք քնում էին նստարաններին: Արայիկի խոսքով` նման իրավիճակում հայտնվում էին այն կալանավորները, ովքեր բանտում են հայտնվել ոչ մարդկային արարքի համար և հենց այդ նույն կալանավորներն էլ զբաղվում էին խցի մաքրությամբ: Խուցը, որտեղ Արայիկն էր պահվում, մյուսներից տարբերվում էր մաքրությամբ, զուգարանի պատն էլ մինչև վերջ էր շարված, տեղադրված էր սալօջախ, իսկ ուտելիք` հարազատներն էին բերում:

Արդարությունը վերականգնելու նպատակով Արայիկը մոտ երկու ամիս հացադուլ է արել: Հացադուլը օրինական դաշտ տեղափոխելու համար նա դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով արդարացնել իրեն, և ՔԿՀ պետին՝ իրեն հացադուլավորների խուց տեղափոխելու համար: Եվ չնայած յուրաքանչյուր ոք ինքն է որոշում` սնվել, թե չսնվել, ՔԿՀ-ի ղեկավարության կարծիքով Զալյանն իր հացադուլով խախտում էր ՔԿՀ-ի ռեժիմը, և այդ պատրվակով որոշ ժամանակով նրան տեղափոխում են պատճախուց:

Նախկին դատապարտյալը հիշում է, որ պատժախուցը նախատեսված էր երկու հոգու համար: Առաջին հարկում էր ու կիսով չափ գետնի տակ, և բնական լույսն ու մաքուր օդը խուց չէին թափանցում: Ճաղավանդակը մի մետր առաջ էր: Խցի պատին ամրացված էր երկու ծալովի մահճակալ, որը ցերեկվա ժամերին ծառայում էր որպես սեղան: «Ընդհանուր առմամբ` պատժախցերում ծանր պայմաններ էին: Խոնավ ու ցուրտ խցեր են: Իմ հանդեպ վերաբերմունքն այլ էր, քանի որ ես հացադուլի հետևանքով էի հայտնվել այնտեղ: Նույնիսկ թույլ տվեցին ինձ հետ վերցնել ներքնակն ու տնից բերված վերմակը, - պատմում է Արայիկը և շարունակում, - հացադուլով կարողացա հասարակության մի ստվար զանգվածի ուշադրություն ինձ վրա սևեռել: Իմ կողքին էին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ուղղակի քաղաքացիներ: Այդ աջակցությունն ի վերջո բերեց արդարության վերականգման»:

Վերաքննիչ դատարանի կողմից ցմահ դատապարտման վճռի կայացումից հետո Զալյանին տեղափոխում են ցմահների 90-րդ խուց: Նրա պատմելով` ցմահների խցերը հիմնականում միատեսակ, 4 հոգանոց խցեր էին: Նրանք ունեին իրենց հեռուստացույցը, սառնարանը, որը բերել էին իրենց հարազատները:

Լինում էին դեպքեր, երբ աշխատակազմի հսկիչները ջարդում կամ խցից տանում էին այն ամենը, ինչ բանտարկյալների հարազատներին էին բերել: «Բանտի սննդից չէինք օգտվում, միայն հացն էինք վերցնում: Մեր հարազատներն էին ուտելիք բերում, մենք էլ հենց խցում պատրաստում էինք: Չկար ոչ մի հիգիենայի պարագա», -հիշում է Արայիկը, ապա հավելում, որ բաղնիքի համար սահմանված օր կար, և այդ օրը տանում էին լողանալու: «Բաղնիք էլ չէր, է… մի խողովակ էր, միջից ջուրը թափվում էր գլխիդ»: Ամռանը իրենք իրենց գլխի ճարը տեսնում էին, շշերը ջուր էին լցնում, դնում ճաղավանդակի արանքում, տաքանում էր, ու խցում լողանում էին:

Իսկ թե ինչպես է կազմակերպվում կալանավորների զբոսանքը, Արայիկը նշում է, որ ուղղակի գնում ես բանտի կտուրի վրա քայլելու: «Նույն բետոնե պատերն են, միայն վերևից մաքուր օդ ա գալիս: Մի այլ զբոսանքի տեղ էլ կար. քանի որ բանտը կլոր էր, մեջտեղում քառակուսի կտրած էր ու էլի վերևը ցանց: Այդտեղից էլ արև ես տեսնում: Ցմահներին աշխատում էին ամեն աշխատանքային օր տանել զբոսանքի, բայց ամեն օր անիմաստ էր գնալը», - դառնությամբ հիշում է նախկին բանտարկյալը:

Խոսելով տեսակցության մասին` Արայիկը պատմում է, որ նախաքննության փուլում քննիչն է որոշում՝ կարո՞ղ ես տեսնել բարեկամներիդ, թե ոչ, իսկ արդեն դատավարության ընթացքում դատապարտյալը ենթարկվում է բանտի կանոններին: Չնայած որ ամիսը երկու անգամ էր տեսակցության օր նշանակված, բայց հնարավոր էր` բարեխոսեիր և մեկ անգամ ավել գնայիր տեսակցության, իսկ ուտելիք կարող էին բերել ամեն աշխատանքային օր: Ցմահ բանտարկյալների համար նաև երկարատև տեսակցություն էր նշանակված, երբ հարազատները կարող էին գիշերը մնալ բանտարկյալի կողքին:

Անահիտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4824 | 1 | 0
Facebook