Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլի 9-ը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների աչքերով

23:11, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2013 թ.
Ապրիլի 9-ը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների աչքերով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «2013 թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդող հավաքների ազատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում իրականացնում է խաղաղ հավաքների մոնիթորինգ: Ծրագրի շրջանակում այսօր` ապրիլի 9-ին Հելսինկյան կոմիտեի դիտորդները մոնիթորինգ են իրականացրել ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքում, որտեղ տեղի է ունեցել ՀՀ նախագահի երդման արարողությունը, այնպես էլ ուսանողների դասադուլի, Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ցույցի ու երթի ընթացքում:

Ձեզ ենք ներկայացնում 2013թ. ապրիլի 9-ին, ժամը 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների կողմից իրականացրած դիտորդությունից մի հատված:


    

ՀՀ նախագահի երդման արարողություն. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքի դիտարկում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության ընթացքում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջև իրենց բողոքն էին հայտնում Վարդգես Գասպարին և Կոտայք գյուղի բնակչուհի Հնարիկ Խանոյանը: Վարդգես Գասպարին, մտած պարկի մեջ, որի վրա կպցրած էր սպանված զինվորի նկար, պառկել էր գետնին, ոչինչ չէր խոսում: իսկ Հնարիկ Խանոյանը բարձրաձայն բղավում էր: Կնոջ խոսքերով` «իր տունը վերցրել են իրենից առանց իր համաձայնության, այդ տան սեփականատեր հանդիսացել են ինքը և իր ամուսինը: Նա հստակ չգիտի իր ամուսինը համաձայնություն տվե՞լ է տան վաճառքի վերաբերյալ, թե ոչ, քանի որ նրանք միասին չեն ապրում, սակայն նա որպես սեփականատեր իր համաձայնությունը չի տվել: Այսօր նա և իր ընտանիքի մյուս անդամները` ընդհանուր թվով 8 հոգի, հայտնվել են դրսում: Նա դիմել է ոստիկանություն նոտարի գործողությունների վերաբերյալ, սակայն քննիչը մերժել է քրեական գործ հարուցել»:


    

Դասադուլ

Դեռ առավոտյան Համահայկական երիտասարդական շարժումը, որի հիմնական անդամներն ուսանողներ են, բողոքի ցույց-դասադուլ էին կազմակերպել, որը մեկնարկեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջևից: Դասադուլավորները «Մենք ենք տերը մեր երկրի», «Բարև Հայաստան», «Իշխանությունը թույլ է, և մենք միասին ենք», «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է», «Եկա, ընտրեցի, կեղծեցին», «Հենց այսօʹր, վաղը ուշ է» և այլ պաստառներով տեղաշարժվում էին տարբեր ԲՈՒՀ-երի առջևով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց, եթե ոչ, ապա` ժամը 11-ին լինել Ազատության հրապարակում և մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Նրանք վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ ուսանող», «Դասադուլ», «Միացեք», «Ապասերժիկացում»:

Ճանապարհներին նրանց ուղեկցում էին 15-17 ոստիկաններ: Փողոցում նրանք փորձում էին դասադուլավորներին հավաք պահել, մայթեզրի վրա ստեղծել տեղ, որ անցորդները ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան: Սակայն յուրաքանչյուր բուհ հասնելուն պես նրանք արագ առաջանում էին և կանգնում դռների առջև` փակելով ճանապարհը: Բուհերի մի մասում աշխատակիցները ներսից կողպեքով փակում էին դռները:

Մի քանի բուհերի առջև մինչև ցուցարար-դասադուլավորների մոտենալը արդեն հավաքված էին տվյալ բուհի ուսանողներ: Ցուցարարների մոտենալուն պես նրանք սկսում էին վանկարկել «Հեռացեք», վիճաբանություն էր ծավալվում նրանց միջև:

Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենք հասնելուց հետո դասադուլավոր ուսանողներից մեկը փորձեց մտնել մասնաշենք, սակայն ոստիկանները չթույլատրեցին: Ուսանողն այդպես էլ չկարողացավ մտնել ներս:

Երևանի պետական բժշկական համալսարանի դարպասների առջև կանգնած ոստիկաններին մոտեցավ սպիտակ խալաթով կին (ով հետո ներկայացավ որպես լաբորատորիայի աշխատակից) և ցանկանում էր ներս մտնել: Ոստիկանը նրան ասել էր` մի 20 րոպե հետո արի: Կինը շվարած ասաց, որ մյուս մուտքն էլ է փակ, և նա չի կարողանում մտնել շենք: 2 րոպե չանցած` նա հետ վերադարձավ և հարցրեց, թե չե՞մ նկարել իրեն արդյոք:

Դասադուլավորները 12: 20-ի սահմաններում միացան Ազատության հրապարակում ընթացող հավաքին:


    

Միջադեպ Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում

Ժամը 11: 20-ի սահմաններում Ազատության հրապարակում Հովհ. Թումանյանի արձանի պատվանդանին կանգնած քաղաքացիներին մոտեցան 5 ոստիկաններ և, արգելելով նրանց կանգնել այդտեղ, փորձեցին իջեցնել քաղաքացիներին պատվանդանից: Այդ ընթացքում խմբվեց 15-20 մարդ: Նրանք ասում էին, որ ոստիկանները ցույց տան, թե որ օրենքով է արգելվում արձանի պատվանդանի վրա կանգնելը: Ոստիկանները հեռացան:


    

Երթ

Ր. Հովհաննիսյանի երդման արարողությունից հետո սկսվեց երթ դեպի Բաղրամյան 26` ՀՀ Նախագահի նստավայր: Երթի մասնակիցներն Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղից երթը շարունակվեց Իտալիայի փողոցով դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց: Այնտեղ Ր. Հովհաննիսյանը ծաղիկներ դրեց մարտի 1-ի զոհերի հուշարձանին: Մաշտոցի պողոտայով երթը շարժվեց դեպի «Սարյան պուրակ», այնուհետև` սրբ. Հովհաննես եկեղեցի մտնելուց հետո դեպի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ: Այդ ընթացքումոստիկաններն ուղեկցում էին երթին, նրանք որևէ կերպ չէին խոչընդոտում երթի մասնակիցներին և անգամ բարեհամբույր էին: Պռոշյան-Դեմիրճիան խաչմերուկում կար ոստիկանության մոտ 1000 ծառայող: Նրանք երկու կողմից` թեʹ Դեմիրճյան, և թեʹ Պռոշյան փողոցներից ամբողջ լայնքով փակել էին ճանապարհը և ոչ մեկին թույլ չէին տալիս անցնել: Երթի մասնակիցներն այստեղ մնացին մոտ մեկ ժամ և այդ ընթացքում 19 ավտոբուսներով ոստիկանության զորքը` տարբեր կոչումներով և համազգեստներով, ինչպես նաև ՊՆ զինվորական 3 մեքենա եկան Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ: Ոստիկանությունը ճանապարհը փակել էր վահաններով, ընդ որում` Դեմիրճյան փողոցը փակած ոստիկաններն իրենց համազգեստի մեջ կրում են սաղավարտներ: Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանության գնդապետ Օսիպովի` միասին քննարկումից հետո բացվեց ճանապարհը դեպի Դիմիրճյան փողոց, որտեղով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սարյան փողոց, ապա Մոսկովյան և Բաղրամյան փողոցներով մտան Ազատության հրապարակ:


    

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն

Այսօր 10: 30-ի սահմաններում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքը կանգառ չի կատարել: Բարեկամություն կայարանում հայտարարվել է, որ գնացքը կանգառ չի կատարելու Մարշալ Բաղրամյան կայարանում, և հաջորդը կլինի «Երիտասարդական» կայարանը:

Երթի ընթացքում
Երթի ընթացքում
Պռոշյան-Դեմիրճիան խաչմերուկում
Պռոշյան-Դեմիրճիան խաչմերուկում
Բողոքի ցույց-դասադուլ
Բողոքի ցույց-դասադուլ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5472 | 0 | 0
Facebook