Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերլուծական հոդված

01:36, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Վերլուծական հոդված
     Մի' սակարկեք հայոց վիշտը
    
    
XXI դարում ցեղասպանությունների ճանաչմանը միտված գործընթացները նմանվում են յուրօրինակ մի թղթախաղի, որի ժամանակ շարունակական բլեֆները կրում են ոչ միայն էքսցենտրիկ բնույթ, այլև հետապնդում են աշխարհաքաղաքական գլոբալ նպատակներ:Անկասկած, այս իրողությունը բնական է, ինչ-որ առումով էլ` օրինաչափ, քանի որ մեծ քաղաքականությունը Շահ-Ուժ կոնցեպցիայից բացի, ոչ այլ ինչեր չի ենթադրում, ավելին` ցանկացած իրադարձություն` բնածին կամ արհեստական, նույնիսկ` երևույթ, ծառայեցնում է սոսկ մեգածրագրերի վերջնարդյունքի կայացմանը` սուբորդինացնլով էթիկայի նորմերը:
Սակայն հենց բարոյագիտական զեղումները երբեմն օգտագործելով, ինչպես նաև քաղաքակիրթ և մարդասեր հանրության աչքին թոզ փչելու պատրվակով` սովորաբար արդեն ձեռագիր դարձած ցեղասպանության ճանաչում քաղաքագիտական զենքը կիրառվում է` անհնազանդ, հաճախ խաղի կանոններից շեղվել փորձող <> Թուրքիային սաստելու համար, որը, ի դեպ, ժամանակ առ ժամանակ կարծես թե գլխացավանք է դառնում իր հզորությամբ, մանևրելու սովորությամբ, առաջնորդի կերպարով հեռուն գնացող ռազմավարությամբ: Իսկ իրականում` ա'խ այդ Սահմանադրական խորհուրդը...
Այն, որ մարդկության պատմության ընթացքում հայության պատկառելի հատվածի հանդեպ իրականացրած զազրելի ոճրագործությունը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է, դա լռելյայն ընդունում է և Թուրքիան, ու կույրերին անգամ տեսանելի է. վկան` թուրք իրավապաշտպանների և առաջադեմ մտավորականության հորդորները, սակայն մի?թե գոնե բարոյականությամբ երիտթուրքերին ոչնչով չզիջող պաշտոնական Անկարան չի գիտակցում, որ դարձել է շինծու քաղաքականության շանտաժի զոհ, խամաճիկ և բռնաբարվածի հոգեբանությամբ շարունակում է արդարացնել իր կողմից որդեգրած ժխտողական կեցվածքը` համակարգված հռետորաբանությամբ ու էժանագին բեմականացումներով թուրք ժողովրդից թաքցնելով պատմական ճշմարտությունը` ակամայից դառնալով Հրանտ Դինքի սպանության պատվիրատուն, թշնամանք ստեղծելով հարևանների միջև: Ցավալի է, բայց փաստ, որ, այո', գիտակցում է, և կարողանում է փոխզիջումներ անել` ի հաշիվ հարևանների, միայն թե չառերեսվի պատմության սեփական կնճիռներին: Թերևս հասկանալի է, որովհետև առերեսում, կնշանակի ճանաչում, դատապարտում, փոխհատուցում, կարճ ասած` աշխարհաքաղաքական նոր մուտացիա:
Հետևաբար հարց է առաջանում. պատրա?ստ է արդյոք երկբևեռ թվացող քաղաքական աշխարհը լայնամասշտաբ փոփոխությունների ու վերադասավորումների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իննովացիոն լաբորատորիա ընկալվող մայրաքաղաքում է ի թիվս այլ քաղաքական մոդելների գեներացվել վերջին ժամանակներս բազմակարծությունների տեղիք տված հանրահայտ Պետերսի քարտեզը, իսկ վերջինս էլ համարելով այդպիսի գործընթացների համար նախատեսված յուրահատուկ աշխարհաքաղաքական էսքիզ` ապա միանշանակ է, որ` այո:
Հիմք ընդունելով մեգաքաղաքական ներկայիս զարգացումները` առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայի այժմյան հանրապետության արտաքին քաղաքականությունն առավել խոցելի է, քան նախորդ վարչակարգերի ժամանակ: Բնավ էլ ոչ, անգամ քաղաքական ռոմանտիկներն այդ կարծիքին չեն, քանի որ այս ամենը բացառելու համար առկա են թե' օբյեկտիվ և թե' սուբյեկտիվ մի շարք գործոններ. վերջապես ու?մ և ինչու? է անհրաժեշտ Թուրքիայի դեգրադացիան:
Հրեական հոլոքոստի միջազգային ճանաչումը պատմության մեջ ցայժմ բացառիկ ու եզակի երևույթ է: Եթե պարտված ու կապիտուլացված Գերմանիայի պարագայում հրեաների ցեղասպանության ճանաչումը հանգեցրեց համընդհանուր շահերի բաշխման անխուսափելի կոնսենսուսի, ապա նույնը չի կարող վերաբերել Մեծ քսանյակի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային:
Անկախ վերլուծության արդյունքներից` եկեք մի պահ պատկերացնենք, թե Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հրաշք` Թուրքիան անցնցում ընդունում է պատմական սպանդը, այսինքն` ճանաչում, դատապարտում և փորձում է հատուցել թե' բարոյապես, որն անհնարին է, թե' ֆինանսապես և թե' տարածքային առումով: Առաջին երկուսի դեպքում մարդկային գերզարգացած ուղեղը կմտածի լավագույն արդարացումներ ու լուծումներ, իսկ երրո?րդը: Այստեղ խնդիրը ոչ թե աշխարհագրությունն է (չնայած փշրանքների) , այլ` էթնոգրաֆիական անհամատեղելիության, հայկական ռեսուրսի սակավության և կենսահոգեբանական գործոնը. սրանք հիմնախնդիրներ են, որոնց լուծումը պետք է փնտրել ժամանակի ու տարածության հարթությունում:
Այնուամենյնիվ, բոլորն էլ հասկանում են, որ ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական պարադոքս է, անիրականանալի դոգմատիկ աքսիոմ, որի վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար միայն լոբբիստական ու միջկառավարական ջանքերը բավարար չեն: Այսքանը գիտակցելով հանդերձ` անհրաժեշտ է հուսալ, որ արդի համաշխարհային պատմության մեջ Հոլոքոստի ճանաչումը կդառնա նախատիպ այն ժամանակ, երբ ի հեճուկս թուրքական նախապայմանների` կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունը ոչ թե նախաձեռնենք պատմաբաններով համալրված ենթահանձնաժողովներ, այլ, իբրև անկառավարելի զենք, ներգրավվենք աշխարհասփյուռ հայության գիտական պոտենցյալը:
Ահա այսպիսի քաղաքականությամբ տրանսֆորմացիայի կենթարկվի բազմաբևեռ աշխարհի հայացքներն ու պատկերացումները, աշխարհընկալումներն ու համարժեք գործողությունները: Ասել է թե` Շահի և Ուժի կենսափիլիսոփայությունը ստիպված կկոնսոլիդացնի համամարդկային իրական արժեքները, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6355 | 0 | 0
Facebook