Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Պետական դավաճանության համար Վենետիկի դոժին գլխատել են

17:39, ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.
Պետական դավաճանության համար Վենետիկի դոժին գլխատել են

1354 թվականի սեպտեմբերի 11-ին ութսունմեկամյա Մարինո Ֆալիերոն ընտրվել է Վենետիկի հանրապետության դոժ: Ընտրության օրը նա եղել Ավինյոնում, Վենետիկի հանրապետության դեսպանի պարտականությունն է կատարել Իննոկենտիոս 6-րդ պապի մոտ (այդ ժամանակ, Ֆրանսիայի հարկադրանքով, Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքն էր դարձել Հռոմի պապերի նստավայրը) :

Ֆալիերիոն մոտ մեկ տարի անց, 1355 թվականի հոկտեմբերի 5-ին, վերադարձել է Վենետիկ և, համաձայն ընդունված ավանդության, նավ է նստել, որպեսզի մասնակցի իր պաշտոնակալության արարողությանը: Նրա ժամանումը նշանավորվել է մի պատահարով, որը վատ նախանշան է համարվել. թանձր մառախուղի պատճառով նրան հանդիսավայր տանող նավը կողմնորոշումը կորցրել է և կայանել է ոչ թե Դոժերի պալատի դարպասների մոտ, այլ սուրբ Մարկոսի և սուրբ Թեոդորի սյուների առջև: Իսկ այս պետությունում մահապատիժներն ավանդաբար իրականացվել են այս սյուների միջակա տարածքում:

Ֆալիերիոյի՝ դոժի պաշտոնում գտնվելու ժամանակամիջոցում Վենետիկի հանրապետությունը սուր մրցակցության մեջ է եղել Ջենովայի հանրապետության հետ, իսկ 1350 թվականին նրանց միջև սկսված պատերազմը մեծ վնաս է հասցրել պետության տնտեսությանը. առևտրաշրջանառությունը գրեթե դադարել է, դրամաշրջանառությունը հազվադեպ է դարձել, և այդ ամենից տուժել է հատկապես հասարակ ժողովուրդը (տեղի է ունեցել տնտեսական անկում, կտրուկ աճել է աղքատների թիվը, իսկ տոկոսադրույքն աճել է 40 տոկոսով): 1354 թվականի նոյեմբերի 4-ին ծովամարտ է տեղի ունեցել այս երկու հանրապետությունների միջև, և Վենետիկի նավատորմը ջախջախվել է, մի հանգամանք, որն էլ ավելի է սրել առկա բազում խնդիրները:

Եվրոպայի երկրներն իրենց բոլոր կարողություններն ուղղել էին 1347 – 1351 թվականների ժանտախտի կործանարար հետևանքները հաղթահարելու գործին, և այդ պատճառով 1350-ից 1355 թվականը Վենետիկը տնտեսական շատ ծանր վիճակում է հայտնվել: Այս պայմաններում Ֆալիերոն, համարելով, որ Վենետիկի ասսամբլեայի (մոտավորապես՝ պառլամենտի) վերահսկողական իրավունքը դոժի վրա խանգարում է իր ծրագրերի իրականացմանը, փորձել է Ջենովայի հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների վերահաստատման շուրջ պայմանավորվել: Նրա այդ քայլին վճռականորեն ընդդիմացել է անզիջում պայքարի երդում տված Վենետիկի ընտրախավը: Այդժամ Ֆալիերոն որոշել է դավադրական հեղաշրջման միջոցով իր ընտանիքի գերիշխանությունը հաստատել քաղաքում իշխող ազնվականության վրա: Նրան հաջողվել է իր շուրջը համախմբել Վենետիկի բուժուազիայի մի քանի առաջատար ներկայացուցիչների, այն հույսով, որ նրանք կաջակցեն իր ծրագրին:

Ապստամբության օրը նշանակվել է 1355 թվականի ապրիլի 15-ը: Զինյալ ապստամբները պիտի ներխուժեին հերցոգի պալատ, սպանեին տարբեր խորհուրդների անդամներին, ինչպես նաև այնտեղ գտնվող վերնախավի ներկայացուցիչներին, արձակեին Մեծ խորհուրդը և դոժին հռչակեին «Վենետիկի սենյոր» ՝ նրան օժտելով մեծ լիազորություններով:

Սակայն դավադրությունը ձախողվել է, քանի որ դրա մասնակիցներից մեկը՝ հարուստ կաշեգործ Բերտրանդո Բերգամոսոն, իրենց ծրագիրը վստահել է իր բարեկամներից մեկին՝ Նիկոլլո Լիոնին: Դավադիրներին արագ կալանավորել են և, տանջաքնության ենթարկելով, պարզել են, թե ով է կազմակերպիչն ու առաջնորդը: Պարզվել է, որ դավադրության գլուխը հենց դոժն է եղել: Ապրիլի 16-ին դավադիրներից երկուսին՝ Բերտուչո Իզարելոյի և Ֆիլիպո Կալենդարիոյի և էլի 10 դավադիրների նկատմամբ դատավարություն է սկսվել: Նույն երեկոյան նրանց բերանները խցանել և կախել են հերցոգի պալատի վերին պատուհաններից: Կալենդարիոյի որդին ևս դավադրության մասնակից է եղել, որին մի քանի օր անց են կախաղան հանել իր տան մեջ:

Ապրիլի 17-ին հասել է Մարինո Ֆալիերոյի հերթը: Նրա նկատմամբ դատավարություն է սկսվել «Պետական դավաճանություն» մեղադրանքով: Բացի այն, որ նրան մերկացրել են պետական հաստատությունների դեմ ապստամբելու և պետական հեղաշրջում կատարելու մեջ, նաև մեղադրել են այն բանում, որ փորձել է գաղտնի համաձայնություն կնքել Վենետիկի թշնամի Ջենովայի հետ:

Դատարանը որոշել է նրան գլխատել: Մահապատիժը տեղի է ունեցել Դոժերի պալատի շքամուտքի աստիճանների դիմացի հարթակում, որտեղ Ֆալիերոն երդվել էր հավատարմորեն ծառայել Վենետիկի հանրապետությանը: Հանրապետությունը ղեկավարող «Տասնի խորհուրդ» -ի առաջնորդը դուրս է եկել պաշգամբ և ամբոխին ցույց է տվել արյունոտված թուրը՝ բացականչելով. «Նայեք՛ ուշադիր, դավաճանի նկատմամբ արդարադատությունը հաղթանակ տարավ»:

Դոժի դիակը կտրված գլխի հետ մեկ օր շարունակ անթաղ է մնացել: Ապրիլի 18-ի երեկոյան գլխատված դին ու գլուխը տեղավորել են զամբյուղի մեջ ու առանց որևէ արարողության դրել Սան Զանիպոլոյի եկեղեցու զանգակատան՝ Վենետիկի դոժերի քարադամբանում:

Տասնմեկ տարի անց, «Տասնի խորհուրդ» -ի որոշմամբ, Դոժերի պալատի մեծ սրահում նրա դիմապատկերը սև ներկով ներկվել է ու վրան գրվել. «Hic est locus Marini Falieri decapitati pro crimibus» («» Սա Մարինո Ֆալիերոյի տեղն է: Գլխատված է հանցագործությունների համար»): Դա արվել է, որպեսզի հանրապետության թշնամիների վրա տպավորություն գործվի և ցույց տրվի, որ ոչ ոք, եթե նա նույնիսկ բարձրագույն արժանիքներով է օժտված, պատժից ապահովագրված չէ: Հետագայում, 1812 թվականին, քարադամբանն օգտագործվել է որպես ջրի պահեստարան քաղաքացիական հիվանդանոցի դեղատան համար և, ի վերջո, առանց զինանշանի ու առանց գրության տեղադրվել է Վենետիկի նախկին Կորրերա թանգարանի արտաքին օթյակում:
     ***

Տվյալ ժամանակի մտածողությանն ու սնահավատությանը հարիր՝ դոժի գլխատումը 17-ին, հինգշաբթի օրը, հավանական է, կանխամտածված է եղել, քանի որ այդ օրն անբարենապաստ է համարվել դեռ հին Հռոմի ժամանակներից: Հռոմեական XVII թիվը հանդիսանում է VIXI-ի անագրամմա (որն էլ նշանակում է «ապրեց, այսինքն մեռավ»): Ավելին, ուրբաթը նույնպիսի տագնապահարույց համարում է ունեցել, ինչպես Քրիստոսի տառապանքի ու մահվան օրը:

Հեղինակը՝ Ֆրանցեսկո Հայեզը, սխալ է թույլ տվել՝ դահճի ձեռքերում կացին պատկերելով: Դոժին թրով են գխատել:
Հեղինակը՝ Ֆրանցեսկո Հայեզը, սխալ է թույլ տվել՝ դահճի ձեռքերում կացին պատկերելով: Դոժին թրով են գխատել:
Հեղինակ՝ Էժեն Դելակրուա
Հեղինակ՝ Էժեն Դելակրուա
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
896 | 0 | 0
Facebook