Գիշերը ինձ հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե ջահերը վառած երկնքի:
- Համլե՜տ, որդյակ իմ, վերցրո՛ւ թաշկինակս,
Աշունն է մեկնում լաչակն իր ոսկի,
Ո՞ւմ կողմից և ե՞րբ խոցոտվեց սիրտս,
Երբ ո՛չ գահ ունեմ, ո՛չ էլ ծիրանի:
Մի երևույթ է մոտենում հեռվից
Ծնկած բղավում եմ,
- Դո՞ւ ես, Սադայե՜լ,
… Հորացիոն չկա՜, որ ինձ բարձրացնի,
Աշունն է սուլում արքայավայել:
- Գնա՜, գալի՜ս եմ, ինձ չե՛ս վախեցնի,
Արքայա՛զն եմ ես, Համլե՜տը իշխան,
Կանգնում եմ ոտքի ձեռքիս ինչն որ իր՝
- Խե՜ղճ Յորիկ, դո՞ւ էլ ես ցնդել ինձ նման:
Ու ծիծաղում է գանգը ձեռքիս մեջ
- Սա՞ էիր ուզում, կռիվ աշնա՞ն հետ,
… Աշունը հիմա շորերն իր հանել
Ու կենակցում է մութ գիշերվա հետ:
Ավելի լավ է, որ չխանգարե՜ս,
Շուտով կծնվի ձմեռը կյանքիդ
Էլ չես ունենա երազներն այն հեզ,
Այս ապականված աշխարհի եզրին:
Արդարությա՞ն ես կանչում աշնանը,
Մթա՞նն ես կանչում որպես քեզ վկա,
Նույնիսկ եթե գա հորդ ուրվականը՝
Նա էլ չի փրկի, խոսքիս հավատա:
Ինձ խենթի տեղ են դրել կամ խելագարի,
Աշնան ջաղացին գիշերն է պարում,
Ամեն մեկն իր սրտում «իր Համլետն» ունի,
Որից բաժանվել նա չի ցանկանում:
Գիշերը ինձ հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե ջահերը վառած երկնքի: