Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մղձավանջ

21:28, երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ.
Մղձավանջ
    
    

Երբ առաջին քայլն արեց հիվանդանոցի մուտքից, թվաց թե մտել է ոչ թե հիվանդանոց այլ մահվան մի նորաբաց ժամանակակից «օֆիս»:

Անմիջապես երևաց նրա տեղացի չլինելն ու անհասկանալի պատճառով հերթապահ քույրը բարեհամբույր ժպտաց:

- Ես Օհանյան Ագնեսայի մոտ եմ եկել:

- Բարեկա՞մն եք, հարազա՞տը, - բուժքրոջ դեմքը տխրեց կամ այդպես ցույց տվեց:

- Հարազա՞տը, ավելին, ես նրա ընկերն եմ: Նա հարազատներ չունի:

- Գիտե՞ք, մենք իրերը ընկերներին չենք տալիս: Ա՜յ, եթե բարեկամ լինեիք…

- Այսի՞նքն, ի՞նչ իրեր, ես չեմ հասկանում, նրան ի՞նչ-որ բան է պատահել:

- Նա գիշերը մահացել է, ցավում եմ…

Երկուսի մեջտեղում լռությունը փքվում էր, մեծանում ու տարածվում ամբողջ հարկով մեկ:

- Դեռ վաթսուն չկար…իսկ ես երբ նրանից հեռագիր ստացա անմիջապես մեկնեցի, եկա:

- Մի՞գուցե ավագ քրոջը կանչեմ, դուք հայրիկ ջան, նստեք, ես հիմա:

Հեռվից հերթապահ քույրը ավագ քրոջ հետ մոտենում էր:

«Այսպիսի մարմնի մեջ գոնե այդքան էլ բարություն լինի» - մտածեց ավելի ուշադիր նայելով ավագ քրոջ գեր մարմնին:

- Դո՞ւք եք Տիրան Սրապյանը: Ամերիկայի՞ց:

- Այո, ես չհասցրեցի…

- Նա խնդրել է այս նամակը հանձնել Ձեզ, եթե կգաք, եթե ոչ ես այն պետք է ուղղակի պատռեի:

Վարդագույն մի ծրար էր:


    

Հյուրանոցի համարում նստած, օղու շիշը կիսով դատարկած, չէր համարձակվում բացել ծրարը:

Ծրարի գեղեցկությունն ընգծում էր սեղանին անփույթ գցած սև հացը:

Մահվան նամակ և գեղեցի՞կ…

Կյանքի՞ նամակ սևի հացի կողքին…

Մատները դողում էին, երբ ներսից փակեց դուռն ու նստեց սեղանի առջև:

Մի կերպ բացեց ծրարն ու հանեց նամակը:

Հիշեց, որ ակնոցը չի դրել, սեղանին ափով ուղղեց նամակը, շուռ եկավ աթոռի վրա ծոցագրպանից հանեց ու դրեց աչքերին:


    

«Եկել ես որ մնա՞ս, թե՞ նորից հեռանալու ես…

Եկել ես տեսնես թե ի՞նչպես եմ խոսում այս խուլ ու համր պատերի հետ:

Սիրե՞լ ես ինձ – ոչ, հակառակ դեպքում չէիր գնա:

Ես սիրել եմ – այո, առանց ափսոսալու իմ տարիները…

Կյանքը դատարկ էր, իմ մնալն էլ անիմաստ:

Ինչ որ տեղ քեզ հասկացա, բայց ոչինչ չեմ կարողանում անել քեզ ներելու համար:

Դրա համար էլ քեզ ասում եմ հաջողություն:

Մոռացիր ինձ, հասցես, համարս, գերեզմանիս տեղը, ճանապարհները մեր, որ անջատվեցին իրարից:

Մենք ժամանակակից լինենք, լա՞վ, առանց արցունքների ու ավելորդության:

Երբ հեռացար, դու ինձ համար դարձար մի շատ գեղեցիկ ու ցանկալի փոս, որին ես կարող էի պատմել իմ ամենանվիրական զգացմունքների մասին, բայց սիրելիս ես ոչ երկրաբան եմ ոչ էլ գերեզմանափոր, որ ավելին կարողանայի փնտրել այդ փոսում:

Հիմա ես առավելություն ունեմ, քիչ հետո կստանամ իմ թևերն ու… կթռչեմ:

Հատուցումը թևերով է…


    

16.04. 2013թ. Ագնես.»


    

Ձեռքերից բացի դողում էին ոտքերը:

«Սա ի՞նչ մղձավանջ է, Աստված իմ, սիրել ենք իրար երեսուն տարի, լռել ենք երեսուն տարի, տխրել ենք երեսուն տարի, երեսուն տարի սպասել ենք այս պահին հանդիպելու ու այսպիսի վերջաբա՞ն, չէ, սա այն չէ, Ագնեսն այդպես չէր կարող վարվել: »

Ծխամորճը համաոորեն չէր ընդունում դողացող մատներից կրակը:

«Սա այն չէ, սա այն չէ, սա այն չէ…

Ինչո՞ւ…»

Հանկարծ գյուտ արածի նման մոտեցավ ու նորից նայեց նամակի ամսաթվին:

«Գրվել է մահվանից երեք օր առաջ, այդպես չի լինում, սա մահացող մարդու նամակ չէ:

Սա չէ վերջին հրաժեշտի խոսքը»:

Տեղի տված ծխամորճը օդը դարձրեց թանձր ու տհաճ:

Մոտեցավ պատուհանին ու բացեց մի փեղկը:

Քամին անկոչ հյուրի նման մտավ ներս ու տիրակալի իր իրավունքով հպարտ պտտվեց սենյակում:

Սեղանի վրայից հատակին գցեց ծրարը, նամակն ու ինքնագոհ իր արածից անցավ ավելի հետաքրքիր բաներով զբաղվելուն:

Կռացավ, վերցրեց ծրարն ու նամակը:

Մեկ անգամ էլ նայեց նամակին ու զարմացավ:

Նամակը սկսում էր այլ տողերով:

Շուռ տվեց նամակը, տեսավ որ դա իր կարդացած նամակն էր:

Մի կողմ շպրտեց ծխամորճն ու նստեց սեղանի մոտ:

«Սիրելիս, ես էլ ժամանակ չունեմ նամակ գրելու:

Ցանկանում էի քեզ մի չորացած ծաղեփունջ նվիրել, բայց վստահ չեմ, որ կգաս կհասնես իմ հրաժեշտի ժամին, թողել եմ բժշկի մոտ:

Հիշո՞ւմ ես իմ հիսնամյակին բերեցիր, դաշտի ծաղիկների մի փունջ:

Մենք ընդամենը սուրճ խմեցինք իրար աչքերի մեջ նայելով:

Եվ ամեն ինչ ասված էր:

Ես պահպանել եմ այդ ծաղիկները, չէ ո՞ր դրանից հետո իմ բոլոր ծննդյան տոներն անցան առանց քեզ:

Ես իմ վերջին ինը ծննդյան տոներն անցկացրել եմ միայն սուրճ խմելով ու այդ ծաղիկների հետ:

Երեկ ինձ բուժող բժշկի հայացքում ես տեսա իմ մահը:

Այն շատ բարի էր, մահը:

Միգուցե նրա տեսքը բժշկի աչքերում էր բարի երևում, ես չգիտեմ:

Չեմ ցանկանում գրել, որ սիրել եմ կամ սիրում եմ քեզ, քանի որ կմտածես, որ մազից կախված կյանքի վերջին քայլում զառանցում է:

Դու դեռ ժամանակ ունես ինձ մոռանալու, գիտեմ, որ սիրել, սիրում ես ինձ,

Մի խնդրանք, չմնաս այստեղ, ինչպես եկել ես այնպես էլ վերադարձիր, չէ՞ որ գնալդ էլ էր մահ ինձ համար:

Իմ մահը տևեց ինը տարի երկու ամիս և…չորս օր (այն հաշվարկով որ այս գիշեր կմահանամ):

Ես չեմ ցանկանում, որ այցելես իմ գերեզմանին, ես բժշկին խնդրել եմ դրա մասին ու ոչ ոք չի իմանա իմ տեղը:

Իմ գերեզմանը կզարդարի միայն դաշտի ծաղիկների այն չորացած փունջը:

Դա ինձ բավական է:

Ինչպես միշտ դու ինձ կհասկանաս:


    

Ոչ մեկին չպատկանող Քո Ագնես 19.04.2013 թ.»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1075 | 0 | 0
Facebook