Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեռուստացույցը նաև ուսուցիչ է

23:47, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Հեռուստացույցը նաև ուսուցիչ է

Հեռուստացույցը կարող է լինել ուսուցողական հզոր գործիք։ Դրա միջոցով մենք տեղեկություններ ենք ձեռք բերում այն երկրների մասին, որոնք գուցե երբեք չայցելենք, և ծանոթանում այնպիսի մարդկանց, որոնց գուցե երբեք չհանդիպենք։ Մենք «ճանապարհորդում ենք» դեպի արևադարձային ջունգլիները և բևեռային սառույցները, բարձրանում ենք լեռների գագաթները և սուզվում օվկիանոսի խորքերը։ Մենք թափանցում ենք ատոմների և աստղերի զարմանալի աշխարհը։ Դիտում ենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում երկրագնդի մյուս ծայրում։ Տեղեկանում ենք քաղաքականությանը, պատմությանը, ընթացիկ նորություններին և մշակույթին։ Հեռուստացույցով տեսնում ենք, թե մարդկանց ինչպիսի ողբերգություններ են պատահում, ու թե ինչպիսի հաջողություններ են նրանք ունենում։ Հեռուստացույցը մեզ զվարճացնում է, կրթում և նույնիսկ ոգեշնչում։

Սակայն ծրագրերի մեծ մասը ո՛չ օգտակար է, ո՛չ էլ ուսուցողական։ Հեռուստացույցը մեծամասամբ քննադատում են այն մարդիկ, որոնց տհաճություն են պատճառում բռնության բազմաթիվ տեսարանները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կատարված մի հետազոտություն ցույց տվեց, որ հեռուստատեսային 3 ծրագրերից 2–ը պարունակում են բռնության տեսարաններ. միջին հաշվով ժամում վեց այդպիսի տեսարան է ցուցադրվում։ Մինչև չափահաս դառնալը անհատը դիտում է բռնության և սպանության հազարավոր տեսարաններ: Բռնության մասին հաղորդումները մեծ պահանջարկ են վայելում ողջ աշխարհում։Բռնություն պարունակող ամերիկյան մարտաֆիլմերը, որոնք ի վերջո հայտնվում են էկրանի վրա, արագորեն հայտնվում են օտարերկրյա շուկաներում։ Այդ ֆիլմերի սյուժեն հեշտ է հասկանալ և անհրաժեշտ չէ, որ դրանցում լինեն լավ դերասանական խաղ ու հետաքրքիր սցենար։ Մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարևոր է, որ ֆիլմում լինեն կռիվներ, սպանություններ ։ Սակայն որպեսզի նրանց ուշադրությունը երկար ժամանակ բևեռված լինի էկրանին, փոփոխություններ են պահանջվում։ Դիտողները արագ են հոգնում միևնույն բաներից, իսկ ցնցող տեսարանները սովորական են դառնում։ Նրանց հետաքրքրությունը վառ պահելու համար, պրոդյուսերները ավելի մեծ ծայրահեղությունների են հասնում. նրանք ցնցում և գրգռում են դիտողին՝ շատացնելով բռնության տեսարանները և ֆիլմի բովանդակությունը դարձնելով ավելի պատկերավոր, ավելի սադիստական։

Քննադատները պնդում են, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունը մղում է մարդկանց ագրեսիվ վարք դրսևորել և իրական կյանքում չլինել կարեկից բռնության զոհերի հանդեպ։ Իրո՞ք հեռուստացույցը հանգեցնում է այդ ամենին։ Այս հարցը տասնամյակներ շարունակ թեժ վիճաբանությունների առարկա է եղել։ Հարյուրավոր ուսումնասիրություններ են կատարվել և հազարավոր գրքեր ու հոդվածներ են տպագրվել այդ հարցի վերաբերյալ։

Մասնագետները վիճում են ապացույցի վերաբերյալ, թե արդյոք կարելի է ապացուցել, որ ագրեսիա դիտելը հանգեցնում է ագրեսիայի։ Սակայն շատերը համաձայն են, որ հեռուստատեսությունն ազդում է մեր մտածելակերպի և վարքի վրա։ Մտածեք հետևյալ բանի շուրջ. մեկ լուսանկարը կարող է մղել մեզ բարկանալ, արտասվել և ուրախանալ։ Երաժշտությունը խոր ազդեցություն է թողնում մեր զգացմունքների վրա։ Տպագրված բառերը նույնպես մեր մեջ զգացմունքներ են առաջացնում, մղում են մեզ մտածելու և ինչ–որ գործեր անելու։ Իսկ որքա՜ն խոր ազդեցություն կարող են թողնել այն շարժվող նկարները, երաժշտությունն ու բառերը, որոնք վարպետորեն իրար են կապակցված։ Զարմանալի չէ, որ հեռուստացույցը գրավում է մարդկանց, ընդ որում այն շատ մատչելի է։ Մի գրող ասում է. «Սկսած այն ժամանակից, երբ մարդը սովորեց իր մտքերը հանձնել թղթին՝ .... ինֆորմացիայի փոխանցման ոչ մի այլ միջոց այդքան մեծ ազդեցություն չի ունեցել քաղաքակրթության վրա» ։


    

Բիզնեսով զբաղվողներն ամեն տարի միլիարդավոր դոլարներ են ծախսում գովազդների վրա, քանի որ գիտեն, որ մարդու վրա ազդեցություն է թողնում այն, ինչ նա տեսնում և լսում է։ Նրանք չեն ծախսում այդ գումարը՝ մտածելով, որ գովազդը գուցե ազդեցություն ունենա. նրանք համոզված են, որ այն ազդում է մարդու վրա։ Դրա միջոցով գործարար մարդիկ վաճառում են իրենց արտադրանքը։ Օրինակ՝ 2004 թ.–ին «Կոկա–կոլա» ընկերությունը 2, 2 միլիարդ դոլար ծախսեց՝ գովազդելու համար այդ ըմպելիքը ամբողջ աշխարհում մամուլով, ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Արդյո՞ք այս ներդրումն արդարացրեց իրեն։ Այդ տարի ընկերությունը մոտ 22 միլիարդ դոլար շահույթ ստացավ։ Գովազդագետները գիտակցում են, որ մեկ գովազդը չի ազդի անհատի վրա, սակայն տարիներ շարունակ հեռարձակվող գովազդը կազդի։Եթե 30 վայրկյան տևող գովազդը ազդում է մեր տեսակետների և վարքագծի վրա, կարող ենք վստահ լինել, որ ժամեր շարունակ հեռուստացույց դիտելը նույնպես կազդի։

Մենք պետք է զգույշ լինենք այն հարցում, թե ինչ ենք դիտում, քանի որ դա կազդի մեր մտածելակերպի վրա։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3996 | 0 | 0
Facebook